Աշխատանքային օրենսգրքի համաձայն, թույլատրվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել համատեղությամբ աշխատողի հետ: Սա, ըստ ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի, խնդիրներ է հարուցում. «Անցյալ գումարման ԱԺ-ում գիտամանկավարժական գործունեություն իրականացնող մարդիկ, ընտրվելով պատգամավոր, մեխանիկորեն բուհերում իրենց անորոշ ժամկետով կնքված պայմանագրերը դարձել էին ժամկետային: Ամեն տարի պիտի գնաս բուհի ղեկավարությանը խնդրես, աղաչես, որ պայմանագիր կնքեն, այսինքն, աշխատողի պոչը դնում էին գործատուի ոտքի տակ: Դեպք եղավ նախորդ տարի, երբ անցյալ գումարման ԱԺ-ի պատգամավորն այս գումարման պատգամավոր չդարձավ եւ միաժամանակ զրկվեց ե՛ւ պատգամավորի աշխատանքից, ե՛ւ իր՝ գիտամանկավարժական գործունեությունը շարունակելու հնարավորությունից»,- այսօր ԱԺ-ում քննարկման ժամանակ ասաց Պետրոսյանը: Նա օրենսդրական նախագիծ է ներկայացրել՝ փորձելով այս դրույթը չտարածել ընտրովի քաղաքական պաշտոնների վրա:
Գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին: Ըստ Գեւորգ Պետրոսյանի, տպավորություն է ստեղծվում, որ կառավարությունը որ նախագծին բացասական եզրակացություն է տալիս, ԱԺ-ն ստիպված է հետեւել կառավարության վարքին. «Հիմա ի՞նչ է, խորհրդարա՞նն է վերահսկողություն իրականացնում կառավարության նկատմամբ, թե՞ կառավարությունը վերահսկողություն է իրականացնում խորհրդարանի նկատմամբ»: Նա հորդորեց այս տպավորությունը ցրելու համար գոնե հնարավորություն տալ խնդիրն ԱԺ-ում քննարկել:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն էլ ասաց, որ բացասական եզրակացություն է տվել հանձնաժողովը ոչ թե նրա համար, որ ունի կաշկանդվածություն կառավարության նկատմամբ, այլ ունի մասնագիտական կարծիք: Նա ասաց, որ խտրական մոտեցում կա նախագծում, նույն տրամաբանությամբ դիվանագիտական ծառայության մեջ գտնվող անձը կարող է ասել, որ իր հետ էլ պայմանագիրը կնքեն անորոշ ժամկետով, ոչ թե ժամկետային:
Կարդացեք նաև
Գեւորգ Պետրոսյանն էլ արձագանքեց. «Եթե ձեր տեսակետն էդքան հիմնավոր էր, ես իր լուր բոլորի հայտարարում եմ՝ ֆեյսբուքյան իմ պաշտոնական էջում հրապարակային բանավեճի առաջարկ էի արել՝ խնդրելով, որ գոնե որեւէ մեկը գա, հակափաստարկներ ներկայացնի, բա ինչի՞ հրապարակային բանավեճի իմ առաջարկը որեւէ մեկի կողմից չընդունվեց»:
Նախագիծը դրվեց քվեարկության եւ չընդունվեց՝ 68 դեմ, 39 կողմ, 3 ձեռնպահ ձայներով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ