Լրահոս
Օրվա լրահոսը

Կառաջարկեի Քոչարյանի և Շիրխանյանի առերեսում անել. Համլետ Հարությունյան. «Իրատես»

Մարտ 26,2019 10:50

1999-ի Հոկտեմբերի 27-ին գլխատվեց Հայաստանի պետականությունը։ Այս ոճրագործության կատարողները հայտնի են, բայց մինչ այսօր բոլորին անհայտ են նրանց թիկունքում կանգնած ուժերը։ Քաղաքական տարբեր հոսանքների ներկայացուցիչներ բազմաթիվ վարկածներ են նշում, սակայն կոնկրետ կենտրոնի, անձի վերաբերյալ իրավապահ համակարգն այդպես էլ պատասխան չունի։ Օրերս քաղաքական օրակարգը կրկին ցնցվեց, երբ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ծավալուն բաց նամակ հրապարակեց, որտեղ խոսք կար նաև Հոկտեմբերի 27-ի և Վազգեն Սարգսյանի մասին։ Արձագանքը չուշացավ։ Անկախ Հայաստանի ամենացավոտ այս էջի վերաբացումը կարող է շատ բան ջրի երես հանել, բայց դեռ մեծ հարց է՝ այս իշխանությունը պատրա՞ստ է այս մեծ «բեռին»։ «Իրատեսը» Հոկտեմբերի 27-ի և Շիրխանյանի նամակի բովանդակության շուրջ զրուցեց ոճրագործության օրը խորհրդարանի դահլիճում ներկա ՀՀԿ անդամ, արցախցի ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։

-Օրերս ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը բաց նամակ հրապարակեց, որը Ռոբերտ Քոչարյանին էր ուղղված, սակայն պատմական դրվագների հիշատակումն ավելի շատ առնչվում էր Վազգեն Սարգսյանին։ Ձեր կարծիքով, որքա՞ն ճշմարտություն կա այդ նամակում։

-Այն մարդիկ, ովքեր ծանոթ են այդ ժամանակահատվածին, այդ օրերի վկան ու ականատեսն են եղել, բնականաբար բացասական կարծիք կունենան հիշյալ նամակի բովանդակության առնչությամբ։ Նամակ գրողը փորձել է գերագնահատել իր դերն այդ ժամանակահատվածում։ Ես այդ գործընթացների մասնակիցն եմ եղել ու ականատեսը, ճանաչում եմ և Ռոբերտ Քոչարյանին, և Վահան Շիրխանյանին։ Կառաջարկեի Քոչարյանի և Շիրխանյանի առերեսում անել։ Չեմ կարծում, որ այսօր էլ՝ 2019-ին, Շիրխանյանը կկարողանա նայել Ռոբերտ Քոչարյանի երեսին ու նման «համարձակ» արտահայտություններ անել։ Ամբողջովին կեղծիք է այն, որ նա իբր առաջարկել է 35000 փախստականներին տեղակայել Ստեփանակերտի հարակից, ազատագրված գյուղերում։ Այդ էտապում Ղարաբաղի կանանց, երեխաների մեծ մասը տեղափոխված էր Երևան ու դեռ չէր վերադարձել այնտեղից։ Գործնականում անհնար էր, որ պատերազմող երկիրն իր վրա վերցներ 35000 փախստականի տեղավորման խնդիրը։ 1992-ին մարտական գործողությունները, բնականաբար, դեռ ավարտված չէին և հայտնի էլ չէր, թե երբ կավարտվեին։ Եթե ինքն իրոք, որպես պաշտպանության փոխնախարար, իր տեղում է եղել, պետք է այսքան բանը հաշվի առներ ու իմանար։ Նույնիսկ հարկավոր էլ չէ այս փաստը Քոչարյանը ժխտի կամ հաստատի, որովհետև մարդիկ, որոնք այդ օրերի թոհուբոհի մեջ են եղել, ազնվություն ունենալու դեպքում կհայտարարեն, որ անհնար էր այդքան մարդ տեղավորել Ղարաբաղում։ Իսկ նամակի ողջ ընթացքում անընդհատ «ես-ես»-ի կարևորումն ուղղակի անլուրջ է, որովհետև այդ ժամանակ պետական գործիչների «պլեադայում» նախարարի տեղակալներ չկային, որոնք կարող էին որոշումներ ընդունել, ազդել նախագահի գործողությունների վրա։ Ինչպես այսօր է՝ ո՞վ է նախարարի տեղակալը, որ երկրի առաջին դեմքի գործողություններն ուղղորդի։

-Ասել է՝ Շիրխանյանը գերագնահատու՞մ է իրեն և իր ունեցած տեղեկությունները։

-Ես Շիրխանյանին շատ լավ ճանաչում եմ, վեց ամիս հետը աշխատել եմ։ Հատուկ ծրագրերի կոմիտե կար, բերեցին այնտեղ, հետո արագ տարան։ Ինքը շատ լավ գիտի, թե ինչու Վազգենն իրեն այնտեղից տարավ։ Այդ նամակն ավելի շատ Վազգեն Սարգսյանի մասին է։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031