Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքի կանայք Հայաստանի կանանցից շատ բան ունեն սովորելու՝ միջոցառում Նյու Յորքում. VOA

Մարտ 26,2019 10:17

Հայաստանում «Թավշյա հեղափոխությունից» հետո պարզ դարձավ, որ Սփյուռքի հայ կանայք Հայաստանում բնակվող կանանցից շատ բան ունեն սովորելու: Այս մասին Նյու Յորքում Հայ կանանց միջազգային ընկերակցության կողմից կազմակերպված երեկոյին հայտարարեց ընկերակցության գործադիր տնօրեն Ռեյչել Օհանյան Նաջարյանը: Հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Երեկոյի հատուկ հյուրերն էին Հայաստանից հրավիրված Ազգային Ժողովի երկու կին պատգամավորներ Լիլիթ Մակունցն ու Մերի Գալստյանը: Հայ խորհրդարանականների խոսքով, այսօրվա նոր Հայաստանը հնարավոր եղավ առաջին հերթին «Թավշյա հեղափոխությանը» մասնակցող բազմաթիվ կանանց եւ աղջիկների շնորհիվ:

«Մենք ճանապարհին ենք դեպի ավելի պայծառ ապագա, որտեղ չկա իշխանության չարաշահում, որտեղ կոռուպցիան արմատախիլ է արված», – նշում է Լիլիթ Մակունցը:

Նոր Հայաստանում կանանց դերը պետք է որակապես փոխվի, համոզված է Մերի Գալստյանը.

«Մեզ համար անթույլատրելի շքեղություն կլիներ անտեսել այս հսկա ներուժը, սակայն, այդ ներուժը գործի դնելու համար անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել, քայլեր, որոնք կապահովեն տղամարդկանց եւ կանանց հավասարությունը»:

Երկրներում, որտեղ կանայք առաջնորդ դիրքերում են, պետական միջոցները ավելի արդար են բաշխվում, հիշեցնում են երեկոյի մասնակիցները: Երբ կանայք մասնակից են խաղաղությանը նվիրված գործընթացներին, այդ խաղաղությունն ավելի երկարատեւ եւ ամուր է:

Առավել բարձր արդյունքներին հասնելու համար Սփյուռքի եւ Հայաստանի կանայք պետք է միավորեն ուժերը, նշում է Ռեյչել Օհանյան Նաջարյանը

«Մեր նպատակներից է նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ կապի վերահաստատումը նաեւ նման հարթակի միջոցով, որտեղ արծարծվում են կանանց իրավունքների եւ կանանց հզորացման խնդիրները»:

Լիլիթ Մակունցի խոսքով, նոր ժողովրդավար Հայաստանում Սփյուռքի հետ համագործակցության նոր հեռանկարներ են բացվում, այդ թվում՝ եւ կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում.

«Այս հարթակը թույլ կտա միավորել հայ կանանց ամբողջ աշխարհում, միասնական դարձնել Հայաստանում եւ Սփյուռքում ապրող կանանց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031