Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան – 2040. Ինչպես է նշվելու քաղաքացու օրը 21 տարի հետո

Մարտ 26,2019 10:00

Քաղաքացու օրվա առթիվ, ավանդույթի համաձայն, կազմակերպվել է զորահանդես եւ հպարտ քաղաքացիների շքերթ: «Դուխով» (նախկին Հանրապետության, նախկին Լենինի) հրապարակի բարձրաբեմում են կուսակցության եւ պետության ղեկավարները՝ նախագահ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ: Կարմիր բերետավորների զորախումբը հանդիսավոր քայլերթով բարձրաբեմի տակ է շպրտում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի այրված խրտվիլակները եւ ՀՀԿ-ի դրոշները: Հնչում է Հայաստանի օրհներգը՝ «Դու մենակ չես»:

Ուսապարկի (նախկին Սպենդիարյանի) անվան օպերայի եւ բալետի թատրոնում կայացած հանդիսավոր նիստում վարչապետ Արայիկ Հարությունյանը խոսել է տնտեսական հաջողությունների մասին: Ըստ նրա, ՀՆԱ-ն աճել է 5,24 տոկոս: «Դա, իհարկե, լավ ցուցանիշ է, – նշել է վարչապետը, – բայց այն կարող էր ավելի լավը լիներ, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» 22 տարի առաջ չստանար ծանր ժառանգություն, որի տնտեսական ծանր հետեւանքները զգացվում են առ այսօր»:

Նախագահի նստավայրում պետական տոնի առթիվ տեղի է ունեցել 2018 թվականի հեղափոխության առավել ակտիվ մասնակիցների հերթական պարգեւատրումը: Արարողության մասնակիցներից մեկը, որն արդեն կրում է «ՀՀ վաստակավոր ակտիվիստուհի» բարձր պետական կոչումը, իր դժգոհությունը հայտնեց, թե ինչու է ստացել ոչ թե Երկրորդ կարգի, այլ Երրորդ կարգի «Հպարտ քաղաքացի» շքանշանը: Ըստ նրա, պատշաճ ձեւով հաշվի չի առնվել նրա հեղափոխական վաստակը:

Արարատի մարզի մի շարք համայնքների բնակիչներ փակել էին միջպետական մայրուղին՝ բողոքելով ոռոգման ջրի գնի դեմ: Ճանապարհը բացելու նպատակով ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ: Մի խումբ իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ողջունում են իրավապահների համաչափ եւ պրոֆեսիոնալ գործողությունները: «Միայն այդպես կարելի պայքարել նախկին ռեժիմի մնացուկների դեմ», – ասված է հայտարարության մեջ:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 0:7 հաշվով սեփական դաշտում պարտվել է Անդորրայի հավաքականին: Բացատրելով այդ պարտությունը՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ պետ Դավիթ Սանասարյանը նշել է, որ այլ կերպ չէր էլ կարող լինել, հաշվի առնելով այն ավերածությունները, որոնք 22 տարի առաջ մեր ֆուտբոլում կատարել է Ռուբեն Հայրապետյանը:

ՀՀԿ նախագահ Արմեն Աշոտյանը Քաղաքացու օրվա առթիվ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որի վերնագիրն է «Սերժը ճիշտ էր, Նիկոլը՝ սխալ»: Գրառման տակ տեղադրվել է իշխանության կողմնակիցների ուղիղ 500 հազար հայհոյանք: Աշոտյանը հայտնել է, որ պատրաստվում է դիմել Գինեսի ռեկորդների գրքին՝ գրանցվելու համար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Էդգար says:

    Եթե լինեմ անկեղծ, ձեր հումորը կամ երգիծանքը չափազանց խորն էր ինձ համար, որպեսզի ծիծաղ առաջացներ: Առաջարկում եմ՝ մյուս անգամ պարզ ու հասկանալի ձևով շարադրեք ձեր դժգոհություններն ու չիրականացած երազանքները

  2. Քաղաքացի says:

    Հարգելի Արամ Աբրահամյան
    Եթե մի փոքր բարձրանանք մեր ներազգային խնդիրներից և ավելի լայն նայենք աշխարհին, կտեսնենք, որ ընդանում է մարդկության հիմարացման մի գործընթաց: Լինելով երկրագնդի վրա միակ բանական տեսակը, մարդկությունը դադարել է մտածելուց: Մարդկության գերակշռող հատվածի համար նյութը և շահը մտածմունքի միակ առարկան է, հաճույքները՝ միակ նպատակը: Ընդորում, դա կապ չունի սոցիալական մակարդակի հետ: Ի դեպ, լրատվությունը և մեդիան, ունենալով բավականին լայն հնարավորություններ, գիտակցելով խնդիրը և իր դերը, կկարողանար նպաստել մարդկանց հոգևոր զարգացմանը: Սակայն մենք ունենք ճիշտ հակառակ պատկերը՝ այդ ոլորտը ևս դարձել է բիզնես, որը դեռ մի բան էլ վատթարացնում է վիճակը: Հույս ունեմ, որ հայի տեսակ ասվածը և համակարգի փոփոխության արդյունքում նոր արժեհամակարգի ձևավորումը, կօգնի մեզ դուրս գալ այս ծուղակից: Այս իրավիճակը շատ պատկերավոր նկարագրված է Ռեյ Բրեդբերիի «451° ըստ Ֆարենհայթի»: Եթե չեք կարդացել, կարդացեք, մեծ հաճույք կստանաք:

  3. Ruben says:

    Ջուղայեցու վերադարձը թույլ չի տա…

  4. bzjackal says:

    Այսօր արդեն որոշ էպիզոդներ կան պատկերվածին համահունչ․ ստադիոնի օթյակում կանգնած բարեհոգաբար ժպտացող և ծափահարող դեմքերը կարծես մանկական հիշողություններից լինեին։ Բայց մեկ էլ “տեղը բերեցի” որ տասը տարի, մեկ տարի առաջ էլ նույնն էր․․․ Էնպես որ 2040-ի հարցում հասկանալի է։ Այ, որ կարողանայիք դրանից հետո եկածների անունները գուշակել․․․․ Ավելի զվարճալի կլիներ։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031