Անկեղծ էին «Հանուն արդարության» հասարակական վերահսկողական նախաձեռնության անդամները, որ շաբաթօրյակի օրը կարմիր գծերը ներկում ու վերացնում էին` պնդելով կատարում ենք հասարակական պահանջ, այս պահանջը ձևավորվել է դեռևս հեղափոխությունից առաջ, և բազմիցս հայտարարություններ է արել երկրի վարչապետ, նախկին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որ ԱԺ հարթակից պահանջել է կարմիր գծերը վերացնել: «Այսօր մենք դուրս ենք եկել այդ հանրային պահանջն իրականացնելու և ներկում ենք կարմիր գծերը՝ փաստելով, որ դրանք մեզ այլևս պետք չեն: Մենք օրինակ ենք ծառայում, հիշեցնում ենք վարչապետին, որ սա իր խոստումն է և պետք է կատարի»,- հայտարարում էին նրանք ու օրինակ բերում քաղաքապետին, որ օպերայի հարակից սրճարանները քանդելիս ասում էր` իրականացնում ենք հանրային պահանջ, ոչ թե քաղաքապետարանի ու վարչապետի որոշումն է, այլ ժողովրդի պահանջը: Ինչու՞ ոչ: «Պարոն վարչապետ, կատարեք Ձեր խոստումները, ժողովուրդը Ձեզնից դա է սպասում»` սկզբունքով: Մանավանդ` կա նաև հիմնավորում` կարմիր գծերից հասույթը տարեկան 26 մլրդ դրամ է` շաբաթական 1 մլն դոլար է, որ մեզնից յուրաքանչյուրից գողացվում է և անհասկանալի է, թե ինչի վրա է ծախսվում:
https://www.facebook.com/Sona80.aghekyan/videos/2362423914044852/
Ահա այսպես` հպարտ քաղաքացիները սկսում են գործել` առանց նույնիսկ քաղաքացու օրվան սպասելու: Նրանք սկսել են փոխարինել իշխանությանը, որովհետև համաձայն չեն իշխանության որոշումների հետ: Որովհետև Հայաստանում իշխանությունը մեկ մարդ է ու նրա կառավարումը միանձնյա է: Իսկ դա ամենամեծ վտանգն է ցանկացած ժողովրդավարության համար, որ չունի ինստիտուտներ: Ու այդ մեկ մարդը այսօր չի ցանկանում, որ հաստատվի ինստիտուցիոնալ իշխանություն` հայտարարելով, որ սահմանադրական փոփոխությունները առաջնահերթ չեն, կա ավելի կարևորը` տնտեսական հեղափոխությունը: Իրականում տնտեսական հեղափոխությունը հնարավոր է ինստիտուցիոնալ հաստատուն ժողովրդավարության դեպքում:
Միրաժ է, որ թավշե հեղափոխությունից հետո Հայաստանում կատարյալ ժողովրդավարություն է հաստատվել, կա խոսքի ու մամուլի ազատություն: Ժողովրդավարությունը ինչ-որ մեկի ցանկությամբ չի հաստատվում կամ վերանում, խոսքի ազատությունն էլ ում խելքին ինչ փչի գրելը չէ, այլ հրապարակումներին համարժեք վերաբերվելը: Խոսքը ԱԱԾ-ին ու ՀՔԾ-ին չի վերաբերում, այլ օրենսդիր ու գործադիր իշխանությանը: Հենց այդ համարժեք վերաբերմունքի բացակայության փայլուն օրինակ էր վարչապետի վերջին ասուլիսը` լրագրողների հարցերի մակարդակում: Հայաստանում գործող ժողովրդավարությունը միրաժ է` հիմնված մեկ մարդու պատկերացումների վրա: Իսկ եթե 5 կամ 10 տարի հետո այդ մարդն այլևս իշխանություն չունենա, ժողովրդավարության վախճանն ենք արձանագրելու՞: Նիկոլ Փաշինյանի թավշե հեղափոխության առաջնահերթ խնդիրը չէ՞ այնպիսի համակարգ ստեղծել, որ ով էլ գա իշխանության, անհնար լինի ժողովրդավարության հետքայլը: Դա ոչ լրագրողների, ոչ քաղաքական գործիչների, ոչ էլ ժողովրդի գործն է: Դա իշխանության գործն է, այլապես ժողովրդավարներ-ոչժողովրդավարներ իշխանության փոխանցումը շատ հավանական է, որ հավանական է դարձնում անվերջ հեղափոխությունների կամ բռնապետության հաստատումը: Այսինքն` սուպերվարչապետությունից օր առաջ հրաժարվելը և սահմանադրական փոփոխություններ կատարելը հենց թավշե հեղափոխության արդյունքը պետք է լինի, ոչ թե ժամանակի մեջ հետաձգվող հերթական «միջոցառում»: Հայաստանում ժողովրդավարությունը պետք է ինստիտուցիոնալ հիմքեր ունենա, որ պետության ղեկավարներն ու պետական պաշտոնյաները գործեն օրենքի շրջանակներում, ոչ թե արդարության ու ճշմարտության իրենց պատկերացումների: Ժողովրդավարությունը չպետք է վարչապետի կամքի արտահայտություն լինի: Առավել ևս, որ այդ կամքն օրեցօր տարօրինակ դրսևորումներ է ստանում: Ու առավել քան տարօրինակ են իրենց պահում Հայաստանի հպարտ քաղաքացիները` դասադուլներով, գործադուլներով, բողոքի ցույցերով:
Կարդացեք նաև
Հեղափոխությունն ավարտվել է, իսկ նրանք ապավինում են փողոցային ժողովրդավարությանը, որովհետև չեն տեսնում իրենց խնդիրները լուծելու ունակ իշխանություն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում