Մարտի 23-ին, ժամը 14.30-ին մի քաղաքացի ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 00.10-ից մինչև 07.00-ն ընկած ժամանակահատվածում իր տնամերձ հողամասի ցանկապատի վրայով անցնելով, այնտեղ գտնվող անասնագոմից գողացել են 2 ձիերը, որոնց հետքերով գնալով՝ դրանք հայտնաբերել է Մրգանուշ գյուղում գտնվող՝ ոմն Լյովայի անասնագոմում մորթված վիճակում:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ և Արարատի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ, մարտի 24-ին բաժին են ներկայացել Լյովա Խ.-ն և Կարեն Խ.-ն: Նրանք տվել են խոստովանական բացատրություն, որ մարտի 24-ին ժամը 05.00-ի սահմաններում Կամո Մ.-ն ցանկապատին կապված 2 ձիերը գողացել և տարել է Լյովա Խ.-ի անասնագոմ, որտեղ ձիերը Լյովա Խ.-ն, Կարեն Խ.-ն և Կամո Մ.-ն մորթել են, սակայն չեն հասցրել իրացնել:
Ձեռնարկվում են միջոցառումներ Կամո Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն