ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանի և մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գագիկ Պողոսյանի հետ այսօր այցելել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում է ստանում օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 12-ամյա երեխան:
Մարզպետը տեղում ծանոթացել է երեխայի առողջական վիճակին: Կենտրոնի տնօրեն Վարդան Ավագյանը մարզպետ Սարգսյանին տեղեկացրել է, որ երեխայի վիճակը ծանր է, սակայն բժիշկներն ամեն բան անում են նրա կյանքը փրկելու համար:
Այնուհետև Գարիկ Սարգսյանն ուղևորվել է Մասիս քաղաք, որտեղ տեղի է ունեցել դժբախտ դեպքը: Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մարզպետ Սարգսյանին ներկայացրել է, որ ընտանիքն ապրում է անապահով վիճակում: Վերջիններս պարտք են ունեցել, որի հետևանքով Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությանն օտարել է բնակարանը:
Ընտանիքը դրսում է հայտնվել մարտի 14-ին, որից հետո միայն դիմել են քաղաքապետարան: Մասիսի քաղաքապետարանը նրանց ժամանակավոր կացարան է հատկացրել, ընտանիքն այնտեղ է տեղափոխել իրերի մի մասը, սակայն մինչև վերջնական տեղափոխվելը գիշերել են հարևանի տանը:
Զրուցելով երեխայի ծնողների հետ՝ Գարիկ Սարգսյանը հորդորել է նրանց նման ծանր վիճակում ամուր մնալ՝ վստահեցնելով, որ մարզպետարանն իր հերթին ամեն հնարավորը կանի նրանց աջակցելու համար:
Երեխայի ծնողները վստահեցել են, որ այրվածքներ ստացած երեխան մեքենայում չի գիշերել, պարզապես նեղացել է հարևանությամբ բնակվող երեխայից և թաքնվել ընտանիքին պատկանող մեքենայում, որտեղ էլ տեղի է ունեցել դժբախտ դեպքը:
Արարատի մարզպետը ծանոթացել է նաև Մասիսի քաղաքապետարանի կողմից հատկացված կացարանի պայմաններին և Արարատի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետին հանձնարարել ուշադրության կենտրոնում պահել այս ընտանիքի հարցը, ապահովել անհրաժեշտ իրերով:
Արարատի մարզպետարան