ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ ԵԽ-ի հետ գործակցության հարուստ փորձի հենքի վրա ՀՀ դատախազությունը բաց է համագործակցության հնարավոր բոլոր այնպիսի ծրագրերին ու ձևաչափերին, որոնք ուղղված են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների ամրապնդմանը, Դատախազության կարողությունների զարգացմանը և դատաիրավական ոլորտի բարեփոխումներին:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելն իր հերթին նշել է, որ ՀՀ դատախազությունը առանցքային դեր ունի հատկապես քրեաիրավական հարթությունում մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորման հարցում, ինչն այդ ոլորտում համատեղ աշխատանքի մեծ հնարավորություններ է ստեղծում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված մի շարք իրավունքների պաշտպանության, ինչպես նաև Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի քաղաքացիներին վերաբերող որոշումներից բխող պարտավորությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր: Պարոն Պոյրելը հույս է հայտնել, որ հատկապես քրեական վարույթում ընդգրկված անձանց իրավունքների պաշտպանության նոր մեխանիզմների ներդրմանը միտված քրեական դատավարության, ինչպես նաև ՀՀ քրեական նոր օրենսգրքերի մշակման աշխատանքները հնարավորինս շուտ կավարտվեն՝ բարձր գնահատելով այդ գործընթացներում ՀՀ դատախազության ակտիվ դերակատարությունը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս կապակցությամբ հայտնել է, որ ՀՀ դատախազությունը շահագրգռված է երկու հիմնարար օրենսգրքերի հնարավորինս շուտ ընդունման հարցում: Նա հավելել է, սակայն, որ, ՀՀ դատախազությունը խիստ կարևորելով խնդիրների հրատապ լուծումների անհրաժեշտությունը, ձեռնամուխ է եղել մարդու առանձին հիմնարար իրավունքների պաշտպանության երաշխավորվածության բարձրացմանը և քրեադատավարական իրավակիրառ պրակտիկայի բարելավմանը՝ ինչն իրականացվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, ինչպես նաև Հայաստանի, այլ երկրների դեմ Եվրոպական դատարանի կայացրած որոշումների խորքային ուսումնասիրությունների արդյունքում:
Մասնավորապես՝ գործնական քայլեր են ձեռնարկվել մեղադրյալի կամ ամբաստանյալի հակընդդեմ հարցման, վատ վերաբերմունքից և խոշտանգումներից պաշտպանված լինելու, մարդու ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի շրջանակներում որպես խափանման միջոց կալանքի կիրառման պրակտիկայի նոր չափորոշիչներ ներդնելու ուղղությամբ: Այդ չափորոշիչները սահմանվել են ՀՀ դատախազության կոլեգիայի կողմից ընդունված ուղենիշային համապատասխան որոշումներով:
Արթուր Դավթյանը նշել է, որ վերսկսվել են քննությունները անձանց խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու վերաբերյալ բոլոր այն քրեական գործերով, որոնց վերաբերյալ Եվրոպական դատարանը Հայաստանի դեմ որոշումներ է ընդունել: Նա հավաստիացրել է, որ դրանցով իրականացվում է լրիվ, օբյեկտիվ քննություն և արդեն իսկ ունենք մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված նման գործեր:
ԵԽ պատվիրակության ղեկավարը նաև հետաքրքրվել է որպես խափանման միջոց կալանքի կիրառման խնդիրներից: ՀՀ գլխավոր դատախազը մանրամասն ներկայացրել է այդ ուղղությամբ ՀՀ դատախազության կողմից կատարված ծավալուն աշխատանքը, որի արդյունքում զգալիորեն ավելացել է դատարաններ ներկայացվող՝ խափանման միջոց կալանքների ընտրության կամ այդ խափանման միջոցի ժամկետը երկարացնելու առավել հիմնավորված միջնորդությունների և դրանց բավարարման քանակը, իսկ մյուս կողմից արձանագրվել է այդ խափանման միջոցի կիրառման միջնորդությունների զգալի նվազում: ՀՀ գլխավոր դատախազը նաև տեղեկացրել է, որ նախնական կալանքի կիրառման պրակտիկայի էլ ավելի բարելավման նպատակով դատախազության կողմից նաև շրջանառության մեջ է դրվել այլընտրանքային նոր խափանման միջոցների ներդրմանը միտված՝ քրեական դատավարության մասին օրենքում փոփոխությունների նախագիծ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը և այլ խնդիրներին վերաբերող հարցեր:
ՀՀ գլխավոր դատախազություն