Այսօր ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը չպատասխանեց հարցին, թե բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը,որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ փողերի լվացման մեջ եւ հետախուզվում է, Հայաստանո՞ւմ է, թե՝ երկրից դուրս է եկել: Ոստիկանապետն ասաց, որ ելնելով գործի հանգամանքներից չի կարող այդ հարցին պատասխանել եւ այդ ուղղությամբ համապատասխան միջոցառումներ են իրականացվում.«Որեւէ արդյունքի դեպքում անմիջապես ձեզ կտեղեկացնենք»:
Պարոն Օսիպյանը, կառավարության նիստից հետո, անդրադառնալով politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիի այն հայտարարությանը, թե ոստիկանապետը սպառնացել է իրեն, ասաց. «Ես հրավիրել եմ իրեն, զրուցել եմ հետը, կարծեմ՝ ֆեյսբուքում տարածել էր, որ ոստիկանապետից սպառնալիք չի ստացել, որեւէ մեկն իրեն չի սպառնացել»:
Պարոն Օսիպյանն ասաց, որ այո, զանգել է Բորիս Մուրազիին եւ այլ լրագրողների նույնպես զանգում է եւ դրա մեջ ոչ մի խնդիր չի տեսնում:
Հարցին՝ ինչո՞ւ է զանգահարել նրան, եթե դրա համար կա մամուլի ծառայություն, Օսիպյանն ասաց, որ ինքը շատ լրագրողների է զանգում, լրագրողներն էլ իրեն են զանգում. «Միգուցե դուք էլ ինչ-որ հոդված տեղադրեք, ես ձեզ զանգահարեմ, ասեմ, որ իրականությանը չի համապատասխանում, ինչո՞ւ եք հրապարակել: Ես ընդամենը հարցրել եմ՝ որեւէ սպառնալիք չի՞ եղել»: Վալերիյ Օսիպյանը հորդորեց չճշտված տեղեկություններ չտարածել, որովհետեւ, ըստ նրա, նմանատիպ տեղեկությունները խանգարում են ոստիկանությանը:
Ինչ վերաբերում է Մուրազիի հասցեին հնչեցրած սպառնալիքներին,ապա ոստիկանապետն ասաց. «Խնդիրն այն էր, որ կային ֆեյսբուքյան օգտատերեր, որոնք Բորիս Մուրազիի հոդվածների տակ մեկնաբանություններ էին գրում, բայց, անկեղծ ասած, այդ օգտատերերի գրածների մեջ էլ չկային կյանքին, առողջությանն ուղղված սպառնալիքներ: Թեպետ դրանք չկային էլ` ես հանձնարարել եմ եւ ճշտումներ են տեղի ունենում»:
Բորիս Մուրազին գրել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր որդին` Նարեկ Սարգսյանը, զանգահարել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին: Այս առնչությամբ էլ պարոն Օսիպյանն ասաց, որ իրեն Նարեկ Սարգսյանը երբեւէ չի զանգահարել. «Ես պաշտոնապես հայտարարում եմ,որ Նարեկ Սարգսյանը, կամ որեւէ մեկն ինձ չի զանգել, եթե դա ապացուցվի, ես պատրաստ եմ հրաժարվել իմ պաշտոնից»:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ