Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստին էր մասնակցում՝ ներկայացնելու կատարողական զեկույցը՝ ՊԵԿ-ի մասով:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը նրանից հետաքրքրվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հետ կապված դեպքից, ինչո՞ւ էր մեկ օրվա մեջ «գրվել ու փակվել» ակտը, որի մասին եղան մամուլում հրապարակումներ:
Դավիթ Անանյանը պատասխանեց. «Հարկահավաքման պրոցեսը բազմաթիվ գործողությունների շղթաների ամբողջություն է: Երբ որ մի շղթա անջատվում է ու սուտ տեղեկատվություն է դրան գումարվում ու դա հանրությանը մատուցվում է՝ որպես ճշմարտություն՝ այդտեղ մենք անելիք չունենք, բացի հերքելուց, որ այդպես չի իրականությունը: Բանը նրանում է, որ ես այսօր թե որ մասն է դրա ճշմարտություն, որ մասն է սուտ, տարանջատումը չեմ կարող անել, սուտը եթե առանձնացնեմ ճշմարտությունից, բացահայտած կլինեմ հարկային գաղտնիք պարունակող տեղեկատվություն, որի իրավունքը չունեմ: Հետեւաբար, մի բան կարող եմ ձեզ ասել՝ սուտն ու ճշմարտությունը իրար հետ շաղախելն ու հանրությանը ինչ-որ այլ նպատակներով ներկայացնելը եկեք ուղղակի դնենք մի կողմ, գնանք առաջ: Չկա նման բան: Բյուջեի եկամուտները, որոնք կատարվել են, կատարվել են ճշգրիտ: Մեզ մեղադրում էին տարբեր մանիպուլյացիաներ անելու մեջ: Եթե մենք վերցնենք, որ 2018-ի հուլիսի 1-ից ակտերը պետք է դառնան անբողոքարկելի, նոր դառնան հարկային պարտավորություն՝ 2 ամիս գումարած 10 օրվա գաղափարը, որ ներմուծվեց, չէ՞, մենք 2018-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ շուրջ 40 մլրդ դեռեւս անբողոքարկելի չդարձած ակտեր ունեինք: Եթե իրենց ասածը ճիշտ էր, ճշտված կատարման ցուցանիշը տրիլիոն 261 էր, մենք կատարել ենք տրիլիոն 258, մի 3-4 մլրդ էլ կանեինք, կասեինք՝ 100 տոկոսով կատարել ենք, բայց իմաստ չկար, էլի: Այն, ինչի նպատակով ներկայացրել են հանրությանը, պետք է խելամտության շրջանակներում լինի, էլի: Չկա այդ խելամտությունը»:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ այս թեմայի շուրջ հետաքրքրությունը մեծ է ու ԶՊՄԿ-ն ՀՀ ամենախոշոր հարկատուն է, որոշակի թափանցիկութուն պետք է ապահովվեն, ուստի հարցրեց՝ չե՞ք կարող իրենց հետ համաձայնության գալ եւ փակագծերը մի քիչ բացեն, որ այդ առումով հարցեր չառաջանան՝ Դավիթ Անանյանը պատասխանեց, որ եթե կա հետաքրքրվածություն, կարող են ԶԼՄ-ները կազմակերպության հետ կապվեն, թող հրապարակեն. «Ես դրան բանի տեղ չեմ դնում, որովհետեւ ինքը շարքային սուտ տեղեկատվություն պարունակող եւ ինչ-ինչ նպատակներ հետապնդող հայտարարություն է…ԶԼՄ-ները թող գնան կազմակերպությանը հարցում անեն, կազմակերպությունն է իրավասու բացահայտել այդ տեղեկատվությունը, ես հո չե՞մ գնալու խնդրեմ, ասեմ՝ բացահայտեք: Դուք կարծում եք մենք կառավարությունում էդ թեմայով քննարկում չենք ունեցե՞լ ու մեզանից պատիվ չե՞ն պահանջել: Մենք բոլոր փաստարկները ներկայացրել ենք, թեման փակվել է, գնացել ենք առաջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ