«Մենք 16,2 տոկոսով պակաս ստուգում անելով՝ 87,5 տոկոսով հավելյալ պարտավորություն ենք գրանցել: Ստվերի գնահատմամբ՝ մի տարր է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Նա նաեւ նշեց, որ նախորդ տարվա հուլիսից սկսած՝ մինչեւ մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում համադրելի ժամանակահատվածի համեմատ 65 մլն հատ ավելի ՀԴՄ կտրոն է խփվել ու դա մեծ ձեռքբերում է, որովհետեւ ստացվում է, որ ամսական 6,5-7 մլն ավելի ՀԴՄ կտրոն է տրամադրվել:
Դավիթ Անանյանը խոսեց նոր սերնդի ՀԴՄ-ների մասին: Հարցին՝ վարչապետը կոչ է անում անպայման պահանջել ՀԴՄ կտրոնը, բայց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին պատկանող «Զիգզագ» ընկերությունը ՀԴՄ չի տալիս, մամուլը գրեց այդ մասին, ՊԵԿ-ն էլ տուգանեց, այստեղ հակասություն չկա՞, որ մի կողմից կառավարության ղեկավարը կոչ է անում վերցնել, մյուս կողմից նույն կառավարության անդամը չի տալիս ՀԴՄ՝ Դավիթ Անանյանը պատասխանեց. «Հասկանում եմ ձեր ձգտումը ամեն ինչի մեջ սենսացիա տեսնելու, չկա նման սենսացիա: «Զիգզագը», օրինակ, ունի օրինապահ հարկ վճարողի վարքագիծ: Մենք գիտենք, որ «Զիգզագի» ղեկավարությունը իր ամբողջ աշխատակազմին ՀԴՄ կտրոն տրամադրելու պահանջ է ներկայացրել: ՀԴՄ կտրոն կարող է չտրամադրվել տարբեր պատճառներով, օրինակ, տվյալ պահին տեխնիկական անսարքություն, կապի խափանում լինի»:
ՊԵԿ նախագահն ասաց, որ կարող է տվյալ աշխատողի անուշադրության պատճառով կտրոն չտան ու հարկատուն տուգանվի դրա համար:
Դավիթ Անանյանը, անդրադառնալով Սամվել Ալեքսանյանի վճարած հարկերին, ասաց, որ նրա բոլոր բիզնեսների վճարած հարկերի հանրագումարը եթե նայենք, կտեսնենք, որ 2018-ին նա էականորեն ավելի շատ հարկ է վճարել, քան նախորդ տարիներին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ