Այսօր առավոտից Արմավիր-Երեւան ուղեւորափոխադրումներ իրականացնող երթուղայինի վարորդները չէին աշխատում եւ ավտոմեքենաները կայանել էին կառավարության շենքի առաջ: Նրանց խոսքով՝ իրենք գումարներ են ծախսել, լիցենզիա ու դեղին համարանիշեր հանել, սակայն սպիտակ համարանիշերով երթուղայիններն առանց խոչընդոտների, գիծ են մտնում ու ուղեւորափոխադրում կատարում՝ տանելով ուղեւորների 85 տոկոսը:
Ըստ «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության ղեկավար Շուշանիկ Խաչատրյանի, երթուղագիծը սպասարկելու համար միկրոավտոբուսները վարկերով է վերցրել, բիզնեսն ընդլայնելու համար էլ 410 միլիոն դրամի ներդրում է արել:
Շուշանիկ Խաչատրյանի խոսքով, մեկ տարի է այս խնդիրը կա, սակայն կառավարությունը խոչընդոտները չի վերացնում. «Ես սա որակում եմ պետական ռեկետ: Որովհետեւ, եթե առաջ մտածում էի մարդիկ նոր են եկել, պետք է ընտելանան, ծանոթանան, հասկանան այս իրավիճակը, բայց շուրջ մեկ տարի է, բացարձակապես չեն էլ ուզում մատը մատին տալ»:
«Բավականին լուրջ միջոցառումներ ձեռնարկվել են, տուգանքներ են գրվել բազմիցս: Այնուամենայնիվ, խնդիրը դեռ առկա է, բայց այս պահին էլ բավականին լուրջ, ակտիվ աշխատանք է տարվում: Մեծ մասը չեզոքացվել է խնդիրների, մի փոքր մասն է մնացել, որը նույնպես կլուծվի: Ե՛վ ՊԵԿ-ը, ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ տեսչական մարմինը ակտիվորեն մեզ հետ համագործակցում են եւ աշխատում են, որպեսզի խնդիրը շուտափույթ լուծում ստանա»,- կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: Լրագրողները հետաքրքրվել էին, թե ինչու չի լուծվում Արմավիր-Երեւան երթուղագծի վարորդներին հուզող խնդիրը, որոնք, վստահեցնում են, որ սնանկության եզրին են կանգնած:
Նախարարը նաեւ պարզաբանեց. «Մենք այսօր մի խնդրի առաջ ենք կանգնած, երբ որ փոքր՝ 8 տեղանոց մեքենաները կայանում են եւ սկսում են ուղեւորափոխադրումներ իրականացնել: Դա օրենսդրական բաց է, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի այդ բացը լրացվի եւ վնաս չհասցնենք մեր կանոնավոր ուղեւորափոխադրողներին»:
Նախարարը նաեւ ասաց, որ սպիտակ համարներով միկրոավտոբուսները մի քանի անգամ տուգանվել են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ