Երևանի պետական համալսարանում տեսական գիտելիքներին զուգահեռ ուսանողները ստանում են նաև գործնական հմտություններ:
Օրինակ՝ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի 4-րդ կուրսի ուսանողները «Գովազդը և PR-ը սերվիսում» դասընթացի ընթացքում ստացած գիտելիքներն ամրապնդելու համար ստանում են առաջադրանք, այդ ամենը կիրառում նախագծերի միջոցով։
Սերվիսի ամբիոնի դասախոս Իրինա Սահակյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ուսումնական գործընթացի արդյունավետության համար անհրաժեշտ է կիրառել մի շարք մեթոդներ, համադրել տեսականը գործնականի հետ. «Նշեմ, որ 2010 թվականից դասավանդում եմ, և սա արդեն 6-րդ նախագիծն է, սակայն ամեն տարի ելնելով տեխնոլոգիական զարգացման, ինչպես նաև նոր գրականության տպագրությունից՝ ուսանողները նորովի և ավելի խորքային գիտելիքներ են ստանում և իրենց դրսևորում»։
4-րդ կուրսեցիները պատրաստել են սեփական գովազդները՝ օգտագործելով իրենց դերասանական, օպերատորական և մի շարք հմտություններ:
Դասընթացի հենց սկզբում ուսանողները բաժանվել են 4 խմբերի և շեշտադրում արել այն թեմաների վրա, թե հոլովակները նկարելիս ինչ ռեսուրսներ են անհրաժեշտ լինելու և ինչպես պետք է կառուցել նմանատիպ աշխատանքը:
4-րդ կուրսի ուսանողուհի Մերի Համբարձումյանը պատմեց. «Հոլովակի նկարահանումը տևեց մոտ մեկ շաբաթ: Թիմի առաջին հանդիպմանը որոշվեց, թե ինչ թեմայով է նկարվելու հոլովակը և ինչ խնդիր է նախատեսում լուծել, հետո մեր ուժերով գտանք անհրաժեշտ ռեսուրսները՝ տուն, տեսախցիկ, դերասան, ով պետք է խաղար հոլովակում: Մնացած օրերի ընթացքում նկարվեցին անհրաժեշտ կադրերը, հետո մոնտաժվեց ու կայացավ ցուցադրությունը, որից հետո նորից տեղի ունեցավ հանդիպում-քննարկում դասախոսի հետ»:
Դասընթացների ընթացքում ուսանողներն անդրադարձել են այնպիսի գովազդների, ինչպիսիք են Շանելի, Կոկա-կոլայի, EVOCA բանկի, ավիաընկերությունների, տուրիստական ընկերությունների գովազդները: Մերին հավելեց. «Շատ-շատ ենք դիտել ու քննարկել տարբեր ուղղվածության գովազդներ՝ սկսած ամենաթանկարժեքից մինչև ամենաքիչ ծախսեր պահանջողները: Հատկապես մեծ ուշադրություն ենք դարձրել սոցիալական գովազդներին»,-նշեց Մերին։
Իսկ նույն կուրսի ուսանողուհի Երմոնյա Գոգչյանը պատմեց, որ սկզբում հրաժարվել են ապրանք գովազդելու մտքից. «Սոցիալականի ու էկոլոգիականի միջև էինք տատանվում, բայց առանց լուրջ բախումների ընտրեցինք. դժվարությունը ռեսուրսների և ժամանակի սղությունն էր հիմնականում»։
Սերվիսի ամբիոնի դասախոս Իրինա Սահակյանը կարևորեց ուսանողի հետ աշխատանքից հետո արված հետադարձ կապը, որի արդյունքում հաշվի են առնվում աշխատանքի առավելություններն ու թերությունները և ըստ այդմ՝ կատարվում մի շարք փոփոխություններ։
Ուսանողների խոսքով՝ իրենց գովազդների գլխավոր հերոսները ցուցաբերել են պրոֆեսիոնալիզմ: Մերին պատմեց. «Գովազդում նկարահանված տատիկը մեր ընկերներից մեկի տատիկն է: Նա Գյումրի հատուկ եկել է նկարահանվելու համար: Առաջին կադրից ամեն բան ստացվեց, նկարահանումը տևեց ընդամենը տասը րոպե»:
Այս աշխատանքների ընթացքում հաճախ եղել են զավեշտալի և վտանգավոր պահեր: Մերին պատմեց. «Վթարի տեսարանի կադրն ընտրվել է 17 անգամ նկարելուց հետո, որից մեկը չափազանց վտանգավոր էր, բայց դե լավ պրծանք՝ բնական ստացվեց»:
Մոնիկա ՄԱՄՅԱՆ