ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարական աշխատանքներն իրականացնող 17 կապալառու ընկերություններ 1.5 մլրդ դրամից ավելի գումար չեն ստացել իսպանական ընկերությունից:
Հակոբ Արշակյանի խոսքով՝ իսպանական ընկերությունն ունի սնանկության կառավարիչ, որի հետ ներկայումս բանակցություններ են տարվում: Նախարարը նաեւ ասաց, որ առաջիկայում սպասվում է նաեւ սնանկության կառավարչի այցը Հայաստան. «Այն ստացականները, որոնք ստացվել են իսպանական ընկերության վերահսկող ինժեներական ընկերության կողմից, որոնք տրվել են նախարարությանը եւ ապացուցվել է, որ այդ աշխատանքը կատարվել է, դրա դիմաց իսպանական ընկերությունը վճարել է: Թե ինչ պատճառով նա չի վճարել ենթակապալառուներին, մեզ հայտնի չէ: Այնուամենայնիվ, մենք բազմիցս կոչ ենք արել, որ գործընկերային հարաբերություններում վճարումն իրականացվի, եւ այդ ընկերությունները, որոնք օգնել են շինարարության հարցում, կարողանան իրենց աշխատակիցներին վճարել»,- ասաց նա:
Հակոբ Արշակյանը նաեւ ասաց, որ մեծ ուշադրություն է դարձվում այս Տրանշ-2 ճանապարհին՝ Աշտարակ-Թալին հատվածին. «Կապալառու իսպանական ընկերությունն ունեցել է հայկական ենթակապալառու ընկերություններ եւ նրանց հետ կնքել է պայմանագրեր, որպեսզի օգնեն իրենց այդ ճանապարհաշինարարական աշխատանքներն իրականացնելու հարցում: Նրանք իրականացրել են որոշակի ծավալի աշխատանքներ, սակայն իսպանական ընկերությունը չի վճարել այդ աշխատանքների դիմաց»,- հայտնեց նախարարը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ