Այսօր Երեւանի առաջին ատյանի դատարանի Կենտրոն համայնքի նստավայրում (նախագահող դատավոր Արթուր Մկրտչյան) քննվեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանի բողոքը՝ 2018թ. փետրվարի 19-ին Երեւանի քաղաքապետարան այցելած «Ազատություն» եւ «Ա1+» լրատվամիջոցների մասնագիտական-օրինական գործունեության խոչընդոտման եւ Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսեւորման դեպքերի վերաբերյալ:
Aravot.am-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ նիստին չի մասնակցել:
Նշենք, որ բողոքով Զարուհի Փոստանջյանը պահանջում է «Երկիր Ծիրանիին» եւ լրատվամիջոցներին ճանաչել որպես տուժող եւ քրեական պատասխանատվության կանչել Տարոն Մարգարյանին եւ Արթուր Գեւորգյանին:
Հիշեցնենք՝ մեկ տարի առաջ փետրվարին Երեւանի քաղաքապետարանում միջադեպ էր եղել. Զարուհի Փոստանջյանը ԶԼՄ-ների հետ ցանկացել էր շրջայց կատարել եւ որոշակի խնդիրներ ներկայացնել, լրագրողական կառույցներն էլ ահազանգել էին ԶԼՄ-ների աշխատանքի խոչընդոտման մասին: Այս գործը մինչեւ դատարան «մտնելը» «շրջապտույտ» է անցել:
Aravot.am-ի հետ զրույցում նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանի օգնական Շուշան Վանոյանը տեղեկացրեց. «Դատական նիստի ընթացքում քննիչը և դատախազ Տիգրան Ենոքյանը դիրքորոշում հայտնեցին, դատական նիստը հետաձգվեց, որպեսզի բողոքին առնչվող անձանց ծանուցենք այդ մասին»:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 18-ին՝ ժամը 10.30-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ