Այսօր կառավարության արտահերթ նիստում, երբ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը վարչապետին զեկուցեց արտադպրոցական դաստիարակության ծրագրին առնչվող որոշման նախագիծը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ բուհերի ռեկտորներին, որոնք, վարչապետի խոսքով՝ քաղաքականացված են. «Ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի՝ սկսած բուհական համակարգից մինչեւ դպրոցական համակարգ: Այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, այդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն: Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է եւ մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումը հայտնել: Թող դռները, բազկաթոռները ճանկռեն, մեկ է՝ նոր Հայաստանում անելիք չունեն: Թող գնան իրենց համար այլ աշխատանք գտնեն, այլ անելիք, այլ առաքելություն»:
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը, կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը կամ ղեկավարը, չի կարող շարունակել աշխատել. «Հեղափոխությունը սկսվել է այդ պահանջով եւ ավարտվելու է այդ պահանջով: Սա քաղաքական որոշում է եւ պետք է իրագործվի: Որեւէ մեկը հույս չունենա, որ կմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ