Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին հարցրեց, թե ի՞նչ է կատարվում իր ստեղծած «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի շուրջ։ Հիշեցնենք, որ գործադիր տնօրեն նշանակված Մհեր Խաչատրյանը չարաշահումների մեջ էր մեղադրում նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանին, վերջինս էլ պնդում էր, թե ակնհայտ է՝ ում ականջներն են երևում Մհեր Խաչատրյանի խոսքերի հետևում:
Բանը հասավ նրան, որ ներքին աուդիտ անցկացվեց, ու Մհեր Խաչատրյանը, որը դիմել էր դատախազություն նախկին տնօրենի թույլ տված ենթադրյալ չարաշահումների փաստերով, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ պաշտոնազրկվեց:
Սամվել Բալասանյանն ասաց․ «Չգիտեմ, ճիշտն ասած, ինչ է կատարվում, ինչ-որ խնդիրներ են, հոգաբարձուների խորհրդի խնդիրն է, հիմնադրամը ստեղծողն ի՞նչ կապ ունի։ Այն ճանապարհը, որ մենք անցանք, բնակչությունը շատ աջակցեց, ես շնորհակալ եմ քաղաքապետարանի աշխատակիցներին, որ մեկ տոկոսը իրենց աշխատավարձից տրամադրում են։ Բայց իրենք նույնպես հիասթափվել են այս աժիոտաժ վիճակից։ Քաղաքականացվեց, հետո սկսեցին ասել՝ վայ Բալասանյանն արեց և այլ, և այլն․․․
Լավ բան արեցինք, չէ՞․ ձնագնդի պես մեծացավ, շատ մարդիկ ներդրումներ կատարեցին և այլն, և այլն, բայց էդպես պետք չէր, պետք է հստակ շարունակություն ունենար։ Իհարկե, Սրբազանը եթե շարունակեր լիներ հոգաբարձուների խորհրդի նախագահ, որևէ խնդիր չէր լինի, բայց Սրբազանը հրաժարվեց, դրանից հետո էն չի ստացվում, ոնց որ առաջ էր։ Եթե Սրբազանին կհանդիպեք, ասեք վերադառնա, նորից հոգաբարձուների խորհրդի նախագահ լինի, հասարակությունը իրեն ընդունելով՝ նորից կարողանա այդ հարցին լուծում տալ։
Ես քանի անգամ ասել եմ ՝ Սրբազան, դու պիտի նորից վերցնես հիմնադրամը։Ես՝ որպես հիմնադիր, տեսա, որ Սրբազանը ամենալավը կլինի հոգաբարձուների խորհրդի նախագահը։ Նրա նախագահ լինելն աշխատեց, հասարակությունը վստահեց իրեն։
Իսկ ինչ մնում է ներքին խնդիրներին, իրենց խնդիրն է, թող լուծեն և չքաղաքականացնեն հարցը»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ