Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Մուրադյանը` «նեանդերթալյան մեծ տատիկի» եւ արվեստների ու տեխնիկայի «ամուսնության» մասին

Մարտ 25,2019 16:20

Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի պրոֆեսոր, կինոգետ Դավիթ Մուրադյանն Aravot.am-ին հայտնեց, որ օրերս է վերադարձել Արցախից: Արցախի պետական եւ Շուշիի տեխնոլոգիական համալսարաններում նա դասախոսություններ է կարդացել:

«Իրենք ոչ ֆորմալ կրթության ծրագիր ունեն, եւ ինձ երկրորդ անգամ էին հրավիրում: Մի ակտիվ հասարակական գործիչ կա` Կարեն Օհանջանյան: Նա էր կազմակերպել եւ իրականացնում էր: Նա պարբերաբար Հայաստանից տարբեր մասնագիտությունների տիրապետող դասախոսների է հրավիրում` տնտեսագիտությունից մինչեւ մարդաբանություն, արվեստ:

Երկու տարի առաջ եղել էի դասախոսությունների, այս անգամ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Եպիսկոպոսյանի հետ էինք: Նա բավականին հետաքրքիր դասախոսություն էր կարդում` «Իմ նեանդերթալյան մեծ տատիկը» վերնագրով` անտրոպոլոգիայի թեմայով…Անձամբ ես մեծ հետաքրքրությամբ լսում էի դասախոսությունը:

Նաեւ ինքս հանդես եկա դասախոսությամբ` «Մշակույթը որպես կեցության տուն» վերնագրով: Դա ընդհանուր մշակութաբանական դասախոսություն էր` Ստեփանակերտի համալսարանի համար, իսկ Շուշիի տեխնոլոգիական համալսարանում այլ թեմա էր անհրաժեշտ:

Ի վերջո եկավ մի պահ, երբ լուսանկարչության գյուտից սկսած, կինոյով, հետո հեռուստատեսությամբ արվեստները եւ տեխնիկան «ամուսնացան»: Դա բավականին երջանիկ ամուսնություն էր հատկապես կինոյի համար: Դասախոսությունը Շուշիի համար կենտրոնացած էր հենց այդ գործընթացների վրա»,-հայտնեց պարոն Մուրադյանը:

Նա ասաց, որ դասախոսություններին հաջորդել է հարցուպատասխանը, որը բավականին ակտիվ է եղել. «Հրաշալի երեխաներ կան Արցախում, մեծ կենտրոնացությամբ լսում էին, հարցեր տալիս: Դա կարեւոր էր ոչ միայն իրենց, այլեւ մեզ համար: Այնտեղի երիտասարդները անկախության սերունդն են, որոնք աչք են բացել, իրենց հայրենիք Արցախը տեսել են որպես պետություն: Կարեւոր էին նաեւ Արցախի մտավորականների հետ մեր հանդիպումները»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները Արցախի պետական համալսարանի կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031