«Կարծում եմ՝ պարոն Մարուքյանը հումորի լավ զգացում ունի՝ իր նշածի առնչությամբ: Լավ կլիներ, եթե նա ներկայացներ իր տվյալները»,-«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ Aravot.am-ի «Առաջին դեմքից» հաղորդաշարի ժամանակ հնչեցրած պնդմանը, որ «եթե հիմա ԱԺ ընտրություններ լինեին, ԼՀԿ-ն ավելի շատ մանդատ կստանար», ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը:
Նա այսպես հակադարձեց Մարուքյանի պնդմանը. «Երեք ամիս առաջ տեղի ունեցածի (նկատի ունի ԱԺ ընտրությունների արդյունքները) պատկերով՝ երկու ուժերի միջեւ ձայների հարաբերակցությունը տասնմեկ անգամ տարբեր է եղել, ուստի նրա պնդումը նվազագույնը հիմնավորված չէ»:
Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի համոզմունքին, թե ՀՀ-ում հասունացող դժգոհության ալիք չկա, Էդմոն Մարուքյանը համաձայնել էր, բայց եւ շեշտել՝ չկա նման ալիք, թեեւ միշտ կան դժգոհության դրսեւորումներ: Այս առնչությամբ էլ Գեւորգ Պապոյանը նշեց. «Հանրային դժգոհություն կոչվածը հիմա շատ է շահարկվում: Նախկինում այդ երեւույթը մշտապես եղել է, բայց քաղաքացիները հիմնականում չեն բողոքել, կամ բողոքել են, երբ դանակը ոսկորին է հասել»:
Պատգամավորի բնորոշմամբ՝ անցյալի եւ ներկայի տարբերությունն այն է, որ փոքր բողոքի դեպքում անգամ քաղաքացիներն այն արտահայտում են, քանի որ իրենք են ընտրել իշխանությանը եւ ակնկալում են, որ իշխանությունը խնդիրները կլուծի. «Սա նորմալ երեւույթ է, կառավարությունն էլ նրա համար է, որ լսի բողոքները եւ լուծումներ տա առաջիկա հինգ տարում»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/824117291283883/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ