Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բժիշկը՝ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման հակաքարոզի մասին. «Ինտերնետի «աղբանոցից» ֆեյքային նորությունները բերում դնում են սեղանին»

Մարտ 25,2019 15:29

Մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները հնարավորություն են կանխարգելել արգանդի պարանոցի քաղցկեղը: Այս մասին այսօր առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեցին նախարարության պաշտոնյանները:

Առողջապահության նախարարության մայրական առողջության եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն ասաց, որ տարեկան 70-80 կին մահանում է արգանդի պարանոցի քաղցկեղից. «Այսօր պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը միակն է, որը կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացումը: Հայաստանը միակը չէ, որ այս պատվաստման գաղափարն ընդունել է: Ավելի քան 70 երկրներ՝ եվրոպական եւ ԱՄՆ-ն, արդեն իրականացնում են պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները: Պետք է բոլորս հաղթահարենք այդ ֆոբիան, ընդդիմությունն այս պատվաստման նկատմամբ»:

Օրերս «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔՀԿ կոալիցիան հայտարարություն էր տարածել այդ վիրուսի դեմ պատվաստանյութի եւ ծրագրի մասին՝ մի շարք մտահոգություններ հայտնելով:

Ասուլիսին ներկա ուռուցքաբան-գինեկոլոգ Ալբերտ Բազիկյանն էլ ասաց. «Կան մարդիկ, որոնք վերցնում են ինտերնետի «աղբանոցից» ֆեյքային նորություններ եւ բերում են դնում սեղանին. «Եթե ունեն հետազոտություններ, եթե ունեն գիտական աշխատանքներ, թող բերեն դնեն սեղանին եւ ասեն՝ միասին աշխատենք: Ես չեմ կարծում, որ այդ 70 երկրների կառավարությունները թշնամություն են անում իրենց երկրի կանանց: Մարդիկ սուս-փուս ստանում են վակցինացիան, եւ բավականին լուրջ արդյունքներ ունեն: Ինչո՞ւ ենք մենք հրաժարվում մի քանի հոգու պատճառով, կրկնեմ՝ ֆեյքային նորություններն առաջ բերելով»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի պատասխանատու Գայանե Սահակյանն էլ կոչ արեց չտրվել ապատեղեկատվությանը . «Մեր նպատակը պապիլոմա վիրուսով հարուցված բոլոր քաղցկեղների դեմ պայքարն է: Ուղիղ աղու քաղցկեղի 91%-ը դարձյալ պապիլոմա վիրուսն է պատճառը, կոկորդի քաղցկեղի 70%-ը նույն վիրուսով է պայմանավորված: Սեռական օրգանների 70%-ը պապիլոմա վիրուսով է պայմանավորված»:

Մանրամասն՝ տեսանյութում

Aravaot.am-ը հետաքրքրվեց՝ «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ»-ի հայտարարության համաձայն, առողջապահության նախարարի հրամանն այս ծրագրի իրականացման վերաբերյալ, գաղտնի է պահվել, չի հրապարակվել, որ տարիքային շեմ է փոխվում, նույն խորհուրդը նաեւ նշել էր, թե «Գարդասիլ-4» պատվաստանյութի պիտանելիության ժամկետի ավարտը մոտ է, ուստի նախարարությունը փորձում է արագացված պատվաստումներ իրականացնել, նաեւ կասկած էին հայտնել, թե կառավարությունը 100 դոլարանոց պատվաստանյութը ձեռք է բերում 4.5 դոլարով:

Գայանե Սահակյանն այս առնչությամբ պարզաբանեց՝ նախարարի հրամանը գաղտնի չի պահվել, իրենք առաջնորդվել են սահմանված կարգով. «Պատվաստումների տարիքի ընդլայնման իրավական հիմքը կառավարության 2016 թ. մարտի 17-ի թիվ 10 արձանագրային որոշման 30-րդ կետն է, որի համաձայն, բացի պատվաստումների ազգային օրացույցում ընդգրկված պատվաստումներից, կատարվում են նաեւ համաճարակաբանական ցուցումներով պատվաստումներ, որոնք կարող են լինել զանգվածային եւ անհատական երբ առկա է ռիսկի խումբ: Հետեւաբար, 13 տարեկանների շրջանում պատվաստումները պլանային են»:

Սահակյանի ներկայացմամբ՝ ծրագրի ներդրումից սկսած՝ 2017 թվականից Հայաստանում իրականցվել է 2567 պատվաստում, եւ որեւէ մեկի մոտ բարդացումներ չեն նկատվել: Խորհրդի կազմի մասին խոսելիս, Սահակյանն ասաց՝ վատ է, որ նրանց մեջ բժիշկներ կան եւ չգիտեն ինչպես է աշխատում պատվաստանյութը:

Մանրամասն՝ տեսանյութում

Ինչ վերաբերում է պատվաստանյութի արժեքին, Սահակյանն ասաց՝ հաշվի առնելով երկրների եկամուտների մակարդակը, պատվաստումներ եւ պատվաստանյութերի գլոբալ դաշինքն օգնում է այդ երկրներին. «Կազմակերպությունը բանակցում է արտադրողների հետ, որպեսզի ցածր եկամուտ ունեցող երկրներին ցածր գնով տրամադրվի, եւ որոշակի ժամկետով: Մինչեւ 2025 թվականն ապահովված ենք 4.5 դոլարով ձեռք բերել»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031