ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, լրատվության եւ վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց Shamshyan.com-ի տեղեկությունն այն մասին, որ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հանդեպ օրերս սոցցանցում Տավուշի մարզի մի բնակչի կողմից սպանության սպառնալիք է հնչել:
«Արդարադատության նախարարից հաղորդում է ստացվել այն մասին, որ իր «ֆեյսբուքյան» էջում իր ճեպազրույցի հղման ներքո մի օգտատեր գրել է մեկնաբանություն, որում սպառնալիքներ են հնչեցվել իշխանության ներկայացուցչի հանդեպ: Այդ գրությունը ստացվել է Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում, Նոյեմբերյանի բաժնում հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել ՀՀ դատախազություն՝ հետագա ընթացքը լուծելու-որոշելու համար»,-տեղեկացրեց Զարզանդ Գաբրիելյանը:
Գագիկ Շամշյանը հաղորդել էր, որ մարտի 19-ին արդարադատության նախարար Ա. Զեյնալյանին լրագրողների հետ ճեպազրույցի շրջանակում, ի թիվս այլ հարցերի, ուղղվել են հարցեր նաև ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էյվին Արիֆ Օղլու Իբրահիմովի մասին և դրա վերաբերյալ արդարադատության նախարարը պատասխաններ է տվել։ Այդ ամենից հետո Ա. Զեյնալյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հարցազրույցը, որից հետո նախարարին մեկնաբանություններ է ուղարկել Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի բնակիչ՝ 35-ամյա Խորեն Ասլանյանը, որն իր մեկնաբանություններով սպանության սպառնալիքներ է տվել Ա. Զեյնալյանին և որպես իշխանության ներկայացուցչի՝ սպառնացել է նախարարի նկատմամբ բռնություն գործադրել՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ