ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց կառավարության ծրագրի կատարման ընթացքի մասին զեկույցը, որը ներկայացրեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նա խոսելով շուկաների ազատականացման մասին, ասաց, որ օրինակ, 2018-ի վերջին շաքարավազ ներմուծող խոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմում էր 78 տոկոս, նախկինում 95 էր, բանան ներմուծողներինը՝ 35 տոկոս, նախկինում՝ 57, բենզին ներկրող խոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմում է 29 տոկոս՝ նախկին 43-ի փոխարեն եւ այդպես շարունակ. «Ներկա է ՊԵԿ ղեկավարը, իրենց աշխատանքի շնորհիվ նաեւ տարվա ընթացքում հայտարարագրվել է ավելի քան 30 հազար աշխատատեղ, որոնք ենթադրվում է, որ անցյալում եղել են, ուղղակի գրանցված չէին: 37 հազար գրանցված աշխատողներ են ընդհանուր առմամբ ավելացել ֆորմալ տնտեսության հատվածում: Դա նշանակում է, որ եթե համանման գործունեությամբ զբաղվող երկու սուբյեկտներ լինեին, որոնցից մեկը ունենար գրանցված աշխատողներ, վճարեր հարկեր, մյուսը առանց աշխատակիցների գրանցելու ու առանց հարկեր վճարելու աշխատեր, անհավասար պայմաններում էր գործում՝ անհավասար դաշտ ստեղծելով»:
17 տոկոս է կազմում կապիտալ նշանակության ապրանքների ներմուծումը, ինչը ավելի քան 50 տոկոսով աճել է նախորդ տարվա համեմատ, սա նշանակում է, որ կնպաստի արտադրողականության բարձրացմանը:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ զեկույցում պետք է լիներ 2018-ի հունիսից հետո ընդգրկված ժամանակահատվածում կառավարության կատարողականը: Մինչդեռ տվյալներ կան, որ տարեկան կտրվածքով են բերվել, օրինակ, ՀՆԱ աճը, տուրիզմի աճը: Նախարարը պատասխանեց. «Տնտեսական քաղաքականության ազդեցությունը կարճաժամկետ չի լինում, կան տվյալներ, որ պետք է ներկայացվեն տարվա կտրվածքով, ասենք, տնտեսական աճը, կամ տարվա կտրվածքով տուրիզմը: Մենք խոսելու ենք կառավարության կողմից վարված քաղաքականության արդյունքների մասին: Բնական համարեք, որ տարվա կտրվածքով կարող են թվեր ներկայացվել»:
ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը հարցրեց՝ ինչո՞ւ արդեն 8 ամիս է, Հարկային նոր օրենսգիրքը չի հասնում ԱԺ, դա տնտեսական զարգացմանը, ներդրումներին չի՞ խոչընդոտում: Տիգրան Խաչատրյանը պատասխանեց. «Ճիշտ եք, որ Հարկային օրենսգրքում շրջադարձային փոփոխություններ կան, որոնք ներդրումային միջավայրի վրա մեծ ազդեցություն են թողնելու: Որքան շուտ գա օրենսգիրքը ԱԺ, որքան շուտ այդ կանոնները հաստատվեն, այնքան այն որոշումները, որոնք կապված են նոր միջավայրի հետ, ավելի արագ կկայացվեն: Շատ արագ չի գալիս, որովհետեւ այդպիսի կարեւորագույն խնդիր լուծելու համար եկամտային հարկի նվազեցում է կատարվելու, այդ հարկային եկամուտները մյուս կողմից պետք է փոխհատուցվեն: Ակցիզային հարկերի դրույքաչափերը բարձրացնելու եղանակով եկամտահարկի կորուստները փոխհատուցելու միջոցառումներ կան այնտեղ, որոնք առաջացնում են հանրային քննարկումներ: Դա ձգձգում չէ, ժամանակ ենք ծախսում՝ բոլորի տեսակետները մինչեւ վերջ լսելու»:
«Իմ քայլը» խմբակցությունից Հայկ Գեւորգյանն ասաց՝ «Պարծենալու տեղ ունենք, որ արհեստական մենաշնորհների դերը տնտեսության մեջ կտրուկ նվազել է անցյալ տարվա ընթացքում, բայց խոշոր գործարարների ձեռքերի տակ մնում են լծակներ, որոնք բնականորեն ճնշում են իրենց մրցակիցներին: Օրինակ, թթվասերի տեսակ կա, որը սուպերմարկետում վաճառվում է 380 դրամով, փոքր խանութներին նույն արտադրողը 450 դրամով է տալիս»:
Նախարարը համաձայնեց, ընդ որում հավելեց՝ թթվասերը միակ դեպքը չի. «Աշխարհում կա մոտեցում, որով արգելում են շաբաթ-կիրակի վաճառք իրականացնել, փակում են սուպերմարկետները, որ փոքր խանութները կարողանան աշխատել»: Տիգրան Խաչատրյանն ասաց, որ քայլ առ քայլ գուցե տեղայնացնեն այդ որոշումների մի մասը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ