«Թատրոնի միջազգային օրը պատրաստվում էինք թատրոնի շենքի բացումը նշել, սակայն անցած տարվա ֆորսմաժորից հետո շատ պլաններ փոխվեցին»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի հիմնադիր-պրոդյուսեր Ժիրայր Դադասյանը: Նա հայտնեց, որ շենք կառուցելու փոխարեն որոշում է կայացվել իրենց նոր շենք տրամադրել։
Անդրադառնալով հայտով դրամաշնորհների տրամադրման հարցին՝ ասաց, որ կողմ է այդ գաղափարին, քանի որ այն շատերին նոր պրոեկտներ իրագործելու հնարավորություն կտա, սակայն կարծում է, որ պետական թատրոնները որոշակի տարբերակված վերաբերմունքի պետք է արժանանան, քանի որ դրամաշնորհի հատկացումը կախված չէ թատրոնի անունից կամ վաստակից. մերժման հավանականությունը բոլորի համար նույնն է։
«Պետական թատրոնները երեք անգամ ավելի քիչ են, քան կարող էին լինել. դրանք զուր չեն կոչվում պետական, կարծում եմ՝ դրանք պետք է ոչ շատ լավ, ոչ շատ վատ, այլ որոշակի առանձնահատուկ վերաբերմունքի արժանանան»,-հայտնեց ռեժիսորը։ Նա նշեց, որ Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի կազմակերպման համար, որը նախատեսված է անցկացնել օգոստոսի 10-15-ը, դրամաշնորհ է տրամադրվել 16 միլիոն դրամի չափով, սակայն գումարի քսան տոկոսը ետ է վերադարձվել որպես ԱԱՀ։ Հավելեց, որ հովանավորների հետ կապված խնդիրներ կան և ցանկացողներին համագործակցության կոչ արեց։
ՊՈԱԿ-ների միավորումն ու օպտիմալացումը Ժիրայր Դադասյանը շուտափույթ և չհիմնավորված որոշում որակեց։ Այն դիտարկմանը, թե նախարարությունների սահմանափակումներից ազատվելու և շահույթի տեսանկյունից թատրոնների մասնավորեցումը կարող է շահութաբեր լինել, Ժիրայր Դադասյանն ասաց. «Աշխարհում չկան ոչ պետական թատրոններ, դրանք ինչ-որ տեղից՝ գրանտներից, քաղաքապետարանից սնվում են։ Ես չգիտեմ թատրոն, որը կարող է ինքնաֆինանսավորմամբ ապրել»: Նաև հավելեց, որ խնդիրը պետք է դիտարկել ոչ թե խնայելու նպատակով միավորելու, այլ նոր թատրոններ ստեղծելու տեսանկյունից։
Էլինա ԱՍԱՏՐՅԱՆ