Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կենսաթոշակները կբարձրանան

Մարտ 25,2019 14:46

2018 թվականին նախատեսված է 200 դայակի փոխհատուցում, սակայն, ծրագիրը լայն պահանջարկ է ունեցել եւ ավելացումներ են եղել. նախարարությունից փոխհատուցում է ստացել 475 դայակ: Խորհրդարանում այսօր 2018 թվականի կատարողականը ներկայացնելիս, ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Հիշեցնենք, անցյալ տարի ընդունված օրենքի համաձայն՝ աշխատող մայրերին այլեւս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը, որը ստանում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ: Փոխարենը պետությունը կվճարի երեխայի խնամքով զբաղվող դայակի համար: Պետությունը պարտավորվում է դայակին վճարել 55 հազար դրամ, իսկ մնացած մասը վճարում է ընտանիքը:
Ժողովրդագրական վիճակի բարելավման շրջանակներում, առաջիկայում նախարարությունը կներկայացնի նաեւ կանանց, մայրերի, ծնողների աջակցման տարբեր ծրագրեր:

Հարց հնչեց նաեւ աշխատանքային գրքույկների թվայնացման մասին, քանի որ շատ գործատուներ դեռ շարունակում են պահանջել աշխատանքային գրքույկներ: Այդ գործընթացը, հիշեցնենք, սկսվել էր 2017-ից: Նախարարն ասաց, որ այս պահին ավելի քան 270 հազար աշխատանքային գրքույկ թվայնացվել է: Փոխնախարար Սմբատ Սաիյանն էլ հավաստիացրեց, որ թվայնացման գործընթացն ըստ ժամանակացույցի կընթանա: Ի դեպ, դա արվում է նախարարության կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի շրջանակներում`ավելի համահավաք տեղեկատվություն ունենալու համար, որոնք արդեն մի քանի տարի է ընթանում են: Այսօր, ըստ փոխնախարարի, արդեն հայտնի է յուրաքանչյուր անձի կուտակած կենսաթոշակային իրավունքի չափը`2013 թվականից հետո: Մինչ այդ տեղեկատվությունը կիսատ է, մինչեւ 2003-ն էլ անձնավորված հաշվառումն ընդհանրապես բացակայում է:

Ի դեպ, հանձնաժողովն այսօր քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագծին, որը կառավարությունն անհետաձգելի է համարել: Փոփոխության նպատակն է, ինչպես ներկայացրեց հարցի հիմնական զեկուցող Սմբատ Սաիյանը, կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելը: 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թիվը կանխատեսվում է 497394, որից աշխատանքային կենսաթոշակառուներ՝ 463069 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (ուժային մարմիններից կենսաթոշակ ստացող)՝ 32420 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (ծառայությունից կենսաթոշակ ստացող)՝ 1905 անձ:

Փոխնախարարի ներկայացմամբ, համաձայն 2017 թվականի դեկտեմբերին լույս տեսած «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը, 2017» հրապարակման պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2016 թվականին կազմել է 23313 դրամ: Յուրաքանչյուր տարի կիրառելով 3 տոկոս գնաճ` պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2019 թվականին կանխատեսվում է 25500 դրամ:

Հաշվի առնելով կենսաթոշակառուների թվի ավելացման միտումները՝ 2019 թվականին պարենային (ծայրահեղ) աղքատության գծից ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացողների թիվը կանխատեսվում է 17640, որից.

1) 0-ից 12 տարվա ստաժ ունեցող տարիքային կենսաթոշակառուներ՝ 4096,

2) 0-ից 26 տարվա ստաժ ունեցող` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակառուներ՝ 52160,

3) 0-ից 6 տարվա ստաժ ունեցող՝ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուներ՝ 146,

4) 0-ից 8 տարվա ստաժ ունեցող՝ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուներ՝ 1839,

5) 0-ից 12 տարվա ստաժ ունեցող՝ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուներ՝ 6343:

2019 թվականին պարենային (ծայրահեղ) աղքատության գծից ցածր կլինի նաեւ.

1) 524 անձի` ծառայությունից տրվող հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը՝ 18000 դրամ (վճարվում է խորհրդային բանակի զինվորական հաշմանդամներին, ովքեր ունեն հաշմանդամության 3-րդ խումբ),

2) 3448 անձի` ուժային մարմիններից տրվող հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը (հիմնականում` երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող շարքային կազմի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքային կազմի զոհված եւ մահացած զինծառայողների ընտանիքների անդամներ):

Հաշվի առնելով նշված պատկերը եւ կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նվազեցնելու կառավարության նպատակադրումը՝ առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ: Նվազագույն կենսաթոշակի չափը սահմանելու լիազորությունը վերապահվելու է ՀՀ կառավարությանը:

Այս գործիքը հնարավորություն կտա էլ ավելի հասցեական դարձնել վարվող քաղաքականությունը՝ թիրախավորելով ցածր կենսաթոշակները: Սա նախատեսում է բյուջեի ծախսերի ավելացում, դրանք 2019-ի բյուջեով նախատեսված են: Օրենքի ընդունումից հետո, դրան հետադարձ ուժ կտրվի եւ վերահաշվարկ կիրականացվի ընթացիկ տարում վճարված կենսաթոշակների մասով: Տարբերությունը կվճարվի քաղաքացիներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031