Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին ՀՀ պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների եւ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գեղամ Վարդանյանն ասաց, որ եթե մինչեւ օրենքի ընդունումը՝ 2014-ին ստեղծվել է ՏՏ 16 ընկերություն, ապա օրենքի ընդունումից հետո՝ 2015 թվականին ստեղծվել եւ հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր է ստացել ՏՏ 59 ընկերություն, 2016 թվականին՝ 98, 2017 թվականին՝ 272: Ստեղծված նոր ընկերություններում ստեղծվել է մոտ 2400 նոր աշխատատեղ՝ 3.0-3.4 մլն դրամ միջին տարեկան աշխատավարձով:
2015 թվականից սկսած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրումը, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի եւ եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառումը խթանել է ոլորտում նոր ընկերությունների եւ աշխատատեղերի ստեղծմանը:
Սակայն օտարերկրյա ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների նկատմամբ օրենքով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման միասնական մոտեցման բաց կա, եթե այդ բացը լրացնեն, ակնկալվում է, որ ներդրումներ կլինեն: Փոխնախարարն ասաց, որ հենց հիմա տեխնոլոգիական ընկերություններ կան, որոնք պատրաստ են Հայաստանում աշխատել, սպասում են, որ օրենքը ընդունվի, գան. «Մենք փորձում ենք փոքր ու միջին կազմակերպություններին օգնել, դրա համար սահմանափակում կա: Մինչեւ 30 աշխատող ունեցող ընկերություններին է տրվելու արտոնությունը, որովհետեւ 30-ից ավելի աշխատող ունեցողը նշանակում է, լավ հաջողությունների է արդեն հասել, կարող է մտնել հարկային դաշտ: Եթե ամբողջ ոլորտը վերցնենք, հարկային խնդիրներ կառաջանան, որովհետեւ մեծ կազմակերպություններ կան ոլորտում»:
Հարցին՝ ինչո՞ւ եք աշխատողների սահմանափակում դնում, ոչ թե շրջանառության՝ փոխնախարարը պատասխանեց, որ միջազգային փորձn են հաշվի առել, կարող է ներդրում անեն ինչ-որ մի պահի շրջանառության շեմը բարձրանա, բայց էլի սկսնակ ընկերություն լինի, որն աջակցության կարիք ունի:
Արտոնությունը գործելու է մինչեւ 2022-ը: Փոխնախարարն ասաց, որ դա այն ժամկետն է, երբ պետք է տեսնեն՝ օրենքն ազդո՞ւմ, խթանո՞ւմ է նոր ընկերությունների ստեղծմանը, ըստ այդմ կորոշեն՝ շարունակե՞լ, թե՞ արտոնությունը դադարեցնել:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նախագծի մասին իր կարծիքն ուներ: Նա ասաց. քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքը գործում է 2015-ի հունվարի 1-ից ու դրա նպատակը start up-երի զարգացումն է, հիմա ցանկացած սահմանափակումը հանելը կնշանակի, որ մենք կայացած բիզնեսը տրոհելու եւ նոր բիզնես անելու վտանգ ենք առաջացնել: Այսօր էլ, եթե մենք շատ ուշադիր չլինենք, կապակցվածության նորմը, եթե չլիներ, այսօր գործող կազմակերպությունները նոր բիզնես էին իրենց համար ստեղծում: Մեծ կազմակերպությունը, եթե նոր ծրագիր ունի իրականացնելու, ինքը իր աշխատակազմով նոր ընկերություն էր հիմնում, ու այդ նոր ընկերությամբ էր ծրագիրն իրականացնում: Եթե հիմա սահմանափակումները հանենք, ոչ թե բիզնեսը կզարգացնենք, այլ կունենանք հավերժ start up-ների, այսինքն՝ սկսնակ բիզնեսների ոլորտ»:
Գեղամ Վարդանյանը պատասխանեց, որ այս նախագիծը միայն start up-ների համար չի, այլ՝ ոլորտի, շատ կարեւոր է միջազգային ընկերությունների մուտքը ՀՀ: Անցյալ տարի 2 միջազգային կազմակերպություն է եկել ընդամենը: Հիմա շատ կազմակերպություններ են ուզում գալ, սպասում են օրենքին:
Եղան դժգոհություններ, որ սա խտրական մոտեցում է, ինչո՞ւ պետք է արտոնություն տանք ՏՏ ոլորտում աշխատող ծրագրավորողին, իսկ ոչխար պահողը իր հարկը մուծի: Գեղամ Վարդանյանը պատասխանեց. «Այս ոլորտը գերակա է ու ուզում ենք տարանջատենք ոչխարներից: Մենք փորձում ենք խրախուսենք, գիտական մոտեցումների կարիք կա այստեղ»: Նաեւ հարցադրում եղավ, թե այս նախագծի դեպքում ինչպե՞ս են վերահսկելու:
Այստեղ միջամտեց Դավիթ Անանյանը. «Երբ ինչ-որ մի բան առաջարկում ենք, նույն հարցը եղավ երգիչների հարկման առումով: Մեզ երգիչները հարցնում են՝ բա ինչպե՞ս պետք է մեզ վերահսկեք, չե՛նք վերահսկելու, անպայման է մտածենք, թե ինչպե՞ս պետք է վերահսկենք: Հիմա այս արտոնությունը տվել ենք, չեն էլ վերահսկելու, չկա՞ էլ ազնվություն: Ազնվության գնահատականը պետության վրա շատ թանկ չի»:
Նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ