«Մշակվել է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքի գնահատման նոր մոդել, որը ներդնելու ենք այս տարի: Այն ենթադրում է կարիքների անհատական ուսումնասիրություն եւ այդ կարիքների վրա հիմնված ծառայությունների մատուցում: Այս պահին, եթե մարդիկ փորձաքննության հարցում հաշմանդամության որեւէ կարգ են ստանում, ապա դա հիմնականում սահմանափակվում է թոշակների, սայլակների, լսողական սարքերի, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրմամբ եւ առողջապահության ու կրթության ոլորտում որոշակի արտոնությունների տրամադրմամբ: Սակայն, ցավոք, խոսք չի գնում հավասար հնարավորությունների ստեղծման մասին: Մարդիկ անվճար բուժօգնություն ստանալու արտոնություն ունեն, սակայն, օրինակ, հաշմանդամություն ունեցող կանայք չունեն վերարտադրողական ծառայությունների մատչելի պայմաններ: Հիվանդանոցում չկան պայմաններ»,- այսօր խորհրդարանում առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում`ներկայացնելով ոլորտի անցած տարվա կատարողականն, ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նախարարը դիտողություն էլ ունի` բարձրագույն կրթությունն անվճար է հաշմանդամության առաջին եւ երկրորդ կարգ ունեցող անձանց համար, սակայն բուհերը մատչելի չեն: Միջավայրի փոփոխությունը նախարարը հատկապես է կարեւորում` մարդու կյանքում փոփոխություն լինելու համար: Նաեւ, ըստ նախարարի, ընդամենը 25 000 դրամ կենսաթոշակն ուղղված չէ հաշմանդամություն ունեցողի կյանքի որակի փոփոխմանը, դա չի կարող բավարար լինել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ