Լրահոս
Օրվա լրահոսը

Օրը դարձավ ոչ միայն Ուկրաինայի մեծագույն զավակին հիշելու, այլ նաև հայ-ուկրաինական մեծագույն բարեկամության վավերագիր

Մարտ 25,2019 13:13

Սևանում գործող ուկրաինական համայնքը թեև փոքրաթիվ է, սակայն դա բնավ էլ չի խանգարում, որ այստեղ պահպանվի ուկրաինական տրամադրությունը:

Դեռևս 2017թ-ին Սևան համայնքի ավագանու որոշմամբ ուկրաինական համայնքին Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցում հատկացվեց տարածք` ուկրաինացի բանաստեղծ, արվեստագետ, նկարիչ, ժողովրդագետ Տարաս Շևչենկոյի անվան թանգարան հիմնելու և համայնքի անդամների հանդիպումները կազմակերպելու համար:

Այս տարի լրացավ Տարաս Շևչենկոյի ծննդյան 205-ամյակը, և ուկրաինական համայնքի ու Սևանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և հեղինակմամբ գարնանային հերթական օրը դարձավ ոչ միայն Ուկրաինայի մեծագույն զավակին հիշելու, այլ նաև հայ-ուկրաինական մեծագույն բարեկամության վավերագիր:

Հյուրերին` ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան առաջին քարտուղար Տարաս Յակովենկոյին, Հայաստանում ուկրաինական համայնքի ղեկավար Աննա Հարությունյանին, դիմավորեցին Սևանի համայնքապետարանի ԿՄՍԵՀ բաժնի պետ Անահիտ  Հովհաննիսյանը, Սևանում ուկրաինական համայնքի ղեկավար Լուսինե Գոնչոյանը: Հայկական ավանդական աղուհացին հաջորդեց օրվա համար պատրաստված ցերեկույթը, որն անցկացվեց երաժշտական դպրոցի դահլիճում:

Միմյանց էին հաջորդում հայկական և ուկրաինական պարերն ու երգերը, Շևչենկոյի ստեղծագործությունները, որոնք հնչում էին տարբեր լեզուներով:

Մեծ ուկրաինացու գործն արժևորելու համար ներկայացվեցին նաև նրա կյանքին և գործունեությանը վերաբերող վավերագրական նյութեր:

Ուկրաինական համայնքի ներկայացուցիչները, Սևանի Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները, մշակութային կենտրոնի «Սևան» պարի համույթի սաներն օրը վերածեցին իսկական տոնի:

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան առաջին քարտուղար Տարաս Յակովենկոն անչափ զգացված էր նման իրադարձությամբ: «Ես ողջունում եմ բոլորին, ուրախ եմ, որ ուկրաինացի մեծագույն բանաստեղծի ծննդյան օրը նշվում է իր հայրենիքից այսքան հեռու: Սա սևանցիների և Սևանում գործող ուկրաինական համայնքի համագործակցության արդյունքն է»,- նշեց Յակովենկոն և պատվոգիր հանձնեց Լուսինե Գոնչոյանին:

Հնչած ելույթներն էլ առնչվում էին հայ-ուկրաինական բարեկամությանը, երկու ժողովուրդների մեծերին հիշելու, նրանց կատարած գործը կարևորելու յուրօրինակ հաղորդագրություն էին:

Միջոցառմանը հաջորդեց ուկրաինական հյուրասիրությունը, որը կազմակերպվել էր Տարաս Շևչենկոյի անվան թանգարանում: Թանգարանն արդեն համալրվել է գրականությամբ, նկարներով, գեղարվեստական և վավերագրական նյութերով:

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031