«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն ընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի տնտեսական հանձնաժողովի նախագահ: Այս մասին այսօր հայտարարեցին վեհաժողովի հայկական պատվիրակության անդամները`ամփոփելով մարտի 14-ին Սանկտ Պետերբուրգում անցկացված ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստի աշխատանքները:
Տնտեսական հանձնաժողովում, նախագահի տեղը մշտապես Հայաստանի ներկայացուցիչն է զբաղեցրել: «Հանձնաժողովների հիմնական նպատակը մոդելային օրենքների քննարկումը եւ ընդունումն է: Դրանք անդամ երկրների համար կարող են ուղեցույց ծառայել՝ իրենց խորհրդարաններում արդեն համանման օրենքներ ընդունելու հարցում»,- ասաց Վարազդատ Կարապետյանը:
Տնտեսական հանձնաժողովում քննարկվել են նաեւ գնագոյացման մասին, ինժեներային գործունեության հետ կապված օրենքները, ինչպես նաև Հարկային օրենսգրքի վարչարարության հատվածը: «Մենք քննարկումներ ունեցանք այն մասով, որ պետք է ստեղծենք հարթակներ, որտեղ կքննարկենք լավագույն օրենքները, որ գործում են անդամ երկրներում, որ մարդիկ կարողանան նաեւ փորձով փոխանակվել եւ լսել լավագույն փորձի մասին»,- ասաց Վարազդատ Կարապետյանը` հավելելով, որ ապրիլի 19-ին կլինի վեհաժողովի նիստը, որտեղ տնտեսական հանձնաժողովը կներկայացնի գնագոյացման մասին օրենքը:
Հայաստանի պատվիրակությունից ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշակույթի, սպորտի եւ մշակույթի հարցերի հանձնաժողովի փոխնախագահ էլ ընտրվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը: Այս հանձնաժողովում էլ քննարկվել են դպրոցական սպորտի եւ սոցիալական տուրիզմի մասին օրենքները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ