Լրահոս
Օրվա լրահոսը

2018-ին պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձերն են բարձրացվել. փոխնախարար

Մարտ 25,2019 12:42

Տնտեսված միջոցների հաշվին, 2018 թվականի օգոստոսից, ամբուլատոր բուժհաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը 25-30 տոկոսով ավելացվել են: Սա շարունակական է լինելու. 2019 թվականի հունվարի 1-ից նրանց աշխատավարձը կրկին բարձրացել է 15 տոկոսով: Այս տվյալներն այսօր խորհրդարանում, առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում, ներկայացրեց առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը: Փոխնախարարը այսօր ներկայացնում էր նախարարության նախորդ տարվա աշխատանքների կատարողականը:

Առողջապահության համակարգի արդիականացման շրջանում անցած տարի Սեւանի եւ Արտաշատի ԲԿ-ներում ավարտվել են վերանորոգման աշխատանքները եւ հանձնվել են շահագործման, Վանաձորի բժշկական կենտրոնն էլ հագեցվել է նոր սարքավորումներով: Մարտունում եւ Վանաձորի ԲԿ-ների կառուցապատման նախագծանախահաշվարկային աշխատանքներ են տարվում, դրանք նախատեսվում է վերանորոգել մինչեւ 2021 թվականը: Պետպատվերի միջոցներով անվճար եւ արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման շահառուների ցանկում են անցյալ տարի փոփոխություններ արվել: Որոշման նախագիծը քննարկվում է կառավարությունում, դրանով ցանկն ընդլայնվել է. առաջարկվում է այդ ցանկում ընդգրկել նաեւ ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկված 30 եւ ավելի բալ ունեցող ընտանիքների անդամներին: Փոփոխություններ են կատարվել նաեւ դեղերի ձեռքբերման, գնագոյացման եւ գնման մեխանիզմներում: Ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք աշխատում են համապարփակ առողջապահական ապահովագրության ներդրման ուղղությամբ: Խմբերն այժմ հայեցակարգի վրա աշխատում են, դրան կհետեւի աշխատանքներն օրենքի մասով: Փոխնախարարը վստահեցնում է`սոցիալապես անապահով խմբերին ավելի որակյալ առողջապահական ծառայություններ են տրամադրվել: Խոսքը շուրջ 230 հազար քաղաքացիների մասին է. եւ ծառայությունների շրջանակն է ընդլայնվել եւ թանկարժեք ու նորագույն տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններ են ապահովվել: Շուրջ 15 հազար բուժաշխատողի համար էլ առողջության ապահովագրության փաթեթներ են կազմվել:

Հիպերտոնիայի, շաքարային դիաբետի, արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգային ծրագրեր են իրականացվել, մշակվում է հանրապետությունում պալիատիվ բժշկական օգնության իրականացման ծրագիր. մասնագետներն են վերապատրաստվել եւ այլն:

Բժշկական կազմակերպությունների ֆինանսական թափանցիկությունն ապահովելու համար, 200 միլիոնից ավելի պետպատվեր իրականացնող կազմակերպություններում արտաքին աուդիտ կիրականացվի, ֆինանսական հաշվետվություններն էլ կհրապարակվեն: Նախատեսվում է անցում էլեկտրոնային առողջապահության. օրենքի մշակման աշխատանքների վրա այժմ աշխատում են: Օրենքը կկարգավորի նաեւ բժշկական գաղտնիքի, էլեկտրոնային առողջապահության մասով ինֆորմացիայի գաղտնիությունը: Դեղերի շրջանառության ոլորտը գործնականում համապատասխանեցվել է 2016-ին ընդունված օրենքին եւ դաշտն այժմ ավելի համապարփակ է: Ինչպես նաեւ, քննարկվում է «ծխելու մասին», աղմուկ հանած նախագիծը: Մարզային ամբուլատորիաներում կլինիկական օրդինատուրայի տեղերն են ավելացվել`նախկին 32-ի փոխարեն, այժմ 49 տեղ կա:

Նաեւ սրտի անհետաձգելի վիրահատությունների մասով ոչ դեղապատ ստենդները փոխարինվել է դեղապատով եւ այդ վիրահատությունների արժեքները նվազեցվել են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031