Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրությունը հայ իրականությունում

Մարտ 25,2019 13:00

«Սահմանադրություն» հասկացությունը սովորաբար առաջին հերթին ընկալվում է իբրեւ «պետության սահմանադրություն» իմաստով: Սակայն դրանից զատ, սահմանադրություն հասկացությունը հաճախ գործածվում է նաեւ ավելի լայն առումով: Այդ մասին են վկայում «ձիու սահմանադրություն», «նվագախմբի սահմանադրություն», «կանոնական սահմանադրություն», «Հայոց ազգային սահմանադրություն», «հոգեւոր սահմանադրություն» եւ գիտության մի շարք այլ բնագավառներում օգտագործվող համապատասխան արտահայտությունները: Մասնավորապես «ձիու սահմանադրություն» արտահայտությունը օգտագործել են պրոֆեսորներ Պ.Ն.Կուլեշովը, Ե.Ա. Բոգդանովը, ակադեմիկոս Մ. Ֆ.Իվանովը եւ ուրիշներ: Բացի այդ, օգտագործվում են նաեւ «կովի կոնստիտուցիա», «շան կոնստիտուցիա» եւ այլն: Որքան տեղյակ եմ, արդի հայերենում նշված արտահայտություններն օգտագործվել են «ձիու կոնստիտուցիա» ձեւով: Այսինքն, հայերենում խուսափել են «սահմանադրություն» հասկացության գործածումից, ինչը նշանակում է, որ հայերենում սահմանադրություն եզրույթը այլ իմաստներով չի ընկալվել: Այսինքն՝ «կոնստիտուցիա» բառը ընկալվել է զուտ նեղ առումով: Մի շարք լեզուներում՝ ֆրանսերեն (constitution du cheval), անգլերեն (Horse Constitution), ռուսերեն (ՍՏվրՑՌՑցՓՌÿ սՏՔՈՊՌ) եւ այլն, «կոնստիտուցիա» բառն ունի նաեւ «մարմնակազմություն» իմաստը: «Նվագախմբի սահմանադրություն» ձեւակերպումը տրվել է 1842թ. Նյու Յորքի սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման հիմնարար փաստաթղթին: «Կանոնական սահմանադրություն» է կոչվել այն փաստաթուղթը, որն ընդունվել է 5-րդ դ. վերջին կամ VI-րդ դ. սկզբին (Հովհան Օձնեցու «Կանոնագիրք հայոց»-ում այն կոչվել է «Վաչագան արքայի կանոնական սահմանադրություն»): Ինչ վերաբերում է «հոգեւոր սահմանադրություն» արտահայտությանը, այն օգտագործել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը բնութագրել է իբրեւ «հայ ժողովրդի հոգեւոր սահմանադրություն»: Համանման բնորոշում է տրվել նաեւ կոնֆուցիականությանը՝ իբրեւ «չինական հոգեւոր սահմանադրություն»:

Բնականաբար, հարց է առաջանում, թե այս ամենատարբեր արտահայտություններն ինչո՞ւ են բնութագրվում նույն հասկացությամբ եւ ի՞նչն է դրանք միավորում: Նկատի ունենալով սահմանադրության վերաբերյալ ամենաընդհանուր եւ ինտուիտիվ պատկերացումները, դժվար չէ կռահել, որ բոլոր այս դեպքերում էլ խոսքը վերաբերում է օբյեկտների կազմակերպմանը, ամբողջի մասերի որոշակի համամասնությանը, ուժերի հավասարակշռմանը եւ ներդաշնակ ու բնական միավորմանը մի ամբողջության մեջ, անկախ այն բանից՝ օբյեկտն ունի նյութական, թե ոչ-նյութական, հոգեւոր բնույթ: Մի դեպքում նշված ներդաշնակությունը վերաբերում է կոնկրետ առարկայի, այսինքն՝ նկարագրում եւ դասակարգում է ձիերին ըստ որոշակի հատկանիշների: Սակայն միաժամանակ հարց է առաջանում, թե ինչու հատկապես «սահմանադրություն», այլ ոչ պարզապես մարմնակազմություն կամ մի որեւէ այլ տերմին: Առաջին հայացքից տարօրինակ թվացող այդպիսի մոտեցումը, թերեւս, բացատրվում է այն հանգամանքով, որ 17-18-րդ դարերում նյուտոնյան դասական մեխանիկայի ազդեցությամբ ձեւավորված աշխարհայացքային պատկերացումների շրջանակներում «սահմանադրություն» հասկացությունը ընկալվել է որպես բնական օրենքի դրսեւորում. «այնպես, ինչպես Արեգակն է ենթարկվում բնական օրենքներին, այնպես էլ միապետը պետք է ենթարկվի բնական օրենքին՝ սահմանադրությանը»:

Կարծում ենք, հենց այդ «բնականությունն» էլ հանգեցրել է սահմանադրության հասկացության այդպիսի ընկալմանը:

Մասնավորապես, «հոգեւոր սահմանադրության» դեպքում նույնպես դերակատարություն է ունեցել այդպիսի բնականության դրսեւորումը, եւ այդ հանճարեղ ստեղծագործությունը ընկալվում է որպես ազգային հոգեւոր, բարոյական բաղադրիչների, հատկանիշների մի ներդաշնակություն, որով տվյալ ազգը առանձնանում է իր ինքնությամբ:

«Պետության սահմանադրության» դեպքում նույնպես այն առանձնանում է որպես մարդկանց քաղաքական կազմակերպության առանձին բաղադրիչների ներդաշնակ ամբողջականություն: Սակայն «պետության սահմանադրությունն», ի տարբերություն մյուսների, բնականաբար, ունի որոշակի առանձնահատկություններ: Բանն այն է, որ եթե մի դեպքում սահմանադրության հասկացությունն օգտագործվում է առկա երեւույթի բնականությունը նկարագրելու համար, ապա մյուս դեպքում մարդկային հանրությունը նպատակադրված է ստեղծել հասարակական այնպիսի իրողություն, որի բաղադրիչների ներդաշնակ ամբողջությունը կապահովի հասարակական, սոցիալական, քաղաքական, համաձայնության եւ կայուն զարգացման ապահովություն: Հենց այս հիմնախնդրի լուծմանն էլ ուղղված է սահմանադրության գաղափարի, իսկ ապա նաեւ հասկացության ներմուծումը: Եվ, որպեսզի սահմանադրությունը կարողանա արդարացնել սպասումները, անհրաժեշտ է սահմանադրության լեգիտիմացման նպատակով այն օժտել որոշակի «արտոնություններով»: Դրանցից է, օրինակ, սահմանադրության ընդունման որոշակի կարգի սահմանումը, երբ միապետին փոխարինելու է գալիս ժողովուրդը, իսկ միապետի կամքին՝ ժողովրդի ձայնը՝ «ձայն բազմաց, ձայն Աստծո» սկզբունքով: Այսպիսի մոտեցումն էլ հնարավորություն է տալիս սահմանադրությամբ հաստատել խաղի որոշակի կանոններ, որոնք դառնում են ընդունելի եւ պարտադիր սահմանադրական բոլոր իրավասուբյեկտների, այդ թվում՝ քաղաքական ուժերի համար:

Սահմանադրության նշված հատկանիշներն, իհարկե, դեռեւս բավարար չեն սահմանադրության ամբողջական բնորոշման համար, սակայն հասարակական գիտակցության մեջ նման պատկերացումներն ընկալվում են արդեն իբրեւ սահմանադրական, այսինքն՝ որոշակի առումով սահմանադրությանը համապատասխանող:

Կարծում եմ, հենց այս հանգամանքն էլ հիմք է ծառայել, որ պրոֆեսոր Գ. Հարությունյանը իր «Սահմանադրական մշակույթ, պատմության դասերը եւ ժամանակի մարտահրավերները» (Երեւան, 2016) հիմնարար մենագրությունում ուսումնասիրելով հայ մատենագրության մեջ հաճախ օգտագործվող սահմանադրության հասկացության եզրույթը, իրավացիորեն հանգում է այն եզրակացությանը, որ սահմանադրական մոտեցում է ցուցաբերվել հասարակական, այդ թվում՝ իրավական հարաբերությունները կանոնակարգելիս:

Նման եզրակացության համար հիմք են ծառայել ազգային եկեղեցական ժողովները: Ընդ որում, ուշագրավ է այն հանգամանքը, որ դրանք հրավիրվել են ոչ թե մեկ-երկու անգամ, այլ դարեր շարունակ, սկսած 365թ. Աշտիշատի ժողովից եւ իրականացվել են ոչ միայն պետականության պայմաններում, այլեւ դրա կորստի դեպքում: Այդ ժողովները հրավիրել են ինչպես թագավորները, այնպես էլ կաթողիկոսները: Այդ ժողովներին մասնակցել են հասարակության ե՛ւ կրոնական, ե՛ւ աշխարհիկ բոլոր խավերի ներկայացուցիչները, այդ պատճառով էլ այդ ժողովներում ընդունված կանոնները դարձել են ընդունելի եւ ընկալելի բոլորի համար եւ ստացել են համապարտադիր բնույթ: Հենց այսպիսի մոտեցումն էլ նկատի ունենալով՝ պրոֆեսոր Հարությունյանը եզրակացնում է, որ հանձին ազգային-եկեղեցական ժողովների՝ «գործ ունենք սահմանադիր ժողովների հետ» (նշված մենագրությունը, էջ 35):

Թերեւս անհրաժեշտ է նաեւ հասկանալ, թե ինչով է պայմանավորված նշված սահմանադրական մոտեցումը հայ իրականությունում: Նման մոտեցումը չէր կարող լինել տարբեր հանգամանքների պատահական զուգադիպությունների արդյունք: Ակնհայտ է, որ նման մոտեցման համար անհրաժեշտ էր համապատասխան իրավական մտածողություն, ինչն էլ իր հերթին պայմանավորված էր նախորդ դարաշրջանից ստացված ժառանգությամբ եւ քրիստոնեական վարդապետության տարածմամբ:

Սահմանադրական այսպիսի մոտեցումը ճիշտ ըմբռնելու համար, թերեւս հարկ է անդրադառնալ «սահմանադրություն» հասկացությանը: Այս առումով հետաքրքիր է «Նոր Բառգիրք Հայկազյան լեզուի» բացատրական բառարանում առկա «Սահմանադրություն» բառի բացատրությունը. «որոշումն սահմանաց եւ Տեսչութիւն վերին», որը վերոհիշյալ մենագրությունում հանգամանորեն վերլուծվել է: Ամբողջությամբ համաձայնելով նշված վերլուծությանը, միաժամանակ ցանկանում ենք նշել մի քանի հանգամանք: Նախ, կարծում եմ, պետք է նկատի ունենալ, որ նման բացատրությունը ամփոփում եւ ընդհանրացնում է ձեռագիր մատյաններում դարեր շարունակ բազմիցս օգտագործված «սահմանադրություն» հասկացության ըմբռնումը եւ հիրավի այդպիսի ըմբռնումը միանգամայն համահունչ է վերը հիշատակված «հոգեւոր սահմանադրության» հասկացությանը:

Երկրորդ, նշենք, որ տվյալ սահմանումը բաղկացած է երկու մասից՝ ա) «որոշումն սահմանաց», բ) «Տեսչություն վերին», որոնք միավորվում են «եւ» շաղկապով, այսինքն՝ սահմանադրությունը այդ երկու մասի ամբողջությունն է եւ հասկանալի է, որ դրանք մեկը մյուսին լրացնում են եւ արտահայտում են սահմանադրության հասկացության բուն իմաստը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ իր ժամանակին օգտագործված այս կամ այն արտահայտությունը հարյուրամյակներ անց ենթարկվում է փոփոխության եւ միշտ չէ, որ համընկնում է նույն արտահայտության ներկայումս օգտագործվող իմաստին, ուստի ճշտելու համար «որոշումն սահմանաց» եւ «Տեսչութիւն վերին» գրաբարյան արտահայտությունների իմաստը, դիմեցինք մի շարք բառարանների: Մասնավորապես, ըստ «Առձեռն բառարան հայկազնեան լեզուի» (Մ. Աւգերեան, Գ. Ճէլալեան, Վենետիկ, 1865), Սահմանադրությունը բնորոշվում է իբրեւ «կարգաւորութիւն, վճիռ»: «Գրաբարի հոմանիշների բառարան»-ում (Ռ. Ղազարյան, Անթիլիաս, 2006) իբրեւ Սահմանադրության հոմանիշներ նշվում են «կարգաւորութիւն, օրինադրութիւն, վճիռ», իսկ Ռ. Ղազարյանի «Գրաբարի բառարան»-ում (Երեւան, 2000) Սահմանադրությունը սահմանվում է իբրեւ «սահմաններ դնելը՝ որոշելը, նշանակելը, սահմանված կարգ, օրինադրութիւն, վճիռ»: Ըստ Ստ. Մալխասեանցի «Հայերէն բացատրական բառարանի» (հ.4, Ե., 1945, էջ 174, 405)՝ «Սահմանք» նշանակում է սահմանված կարգեր:

Հետաքրքիր է նաեւ, որ 13-րդ դարի մի ձեռագիր մատյանում՝ «Գիրք վաստակաց» (Վենետիկ, 1877) հանդիպում ենք «սահմանք ձիոյ, գրաստնոյ» արտահայտությանը՝ նրանց խնամելու, պահելու կարգը իմաստով: Միաժամանակ նշենք, որ Միջնադարում սահմանադրության հասկացությունն ունեցել է նաեւ կետ, կետահարություն, կարգավորություն, վճիռ, կանոնադրություն, օրինադրություն եւ մի շարք այլ իմաստներ:

Նշված փաստերը վկայում են այն մասին, որ ըստ էության մինչեւ օրս բացահայտված չէ «սահմանադրություն» հասկացության միջնադարյան ամբողջական բովանդակությունը, դրա առանձին նրբերանգները եւ հետեւաբար կարիք ունի լուրջ ուսումնասիրության: Միաժամանակ պարզ է դառնում, որ սահմանադրության վերաբերյալ նախկինում եղած պատկերացումները միշտ չէ, որ համապատասխանում են ներկայիս պատկերացումներին: Այս ամենի հետ մեկտեղ, կարծում ենք, կարելի է, այնուամենայնիվ, ենթադրել, որ միջնադարում «սահմանադրություն» հասկացությունն օգտագործվել է ավելի լայն առումով եւ մասնավորապես այն արտահայտել է օբյեկտների օրգանական ամբողջությունը, նշանակել է այնպիսի ներդաշնակություն, որը հատուկ է աստվածային (բնական) օրգանական երեւույթներին, ինչ-որ բացակայում է մեր ներկա ընկալումներում:

Այսինքն՝ Հայկազյան բառարանի բնորոշման աշխարհաբար տարբերակը հետեւյալն է. «կարգերի որոշում եւ վերին աստվածային հսկողություն»: Կարճ ասած՝ սահմանադրությամբ հաստատվում է որոշակի կարգ, որը ենթակա է միայն վերին՝ բարձրագույն հսկողության, այլ կերպ ասած, եթե օգտագործենք ներկայիս տերմինաբանությունը, սահմանադրությունը վերածվում է «հիմնական օրենքի»:

Այսպիսով, կարելի է հանգել այն եզրակացությանը, որ սահմանադրության հասկացության այսպիսի լայն ըմբռնումը հայ իրականությունում դարձավ սահմանադրական մոտեցման հաստատման հիմք եւ կարելի է պնդել, որ նպաստեց սահմանադրականության եւ սահմանադրական մշակույթի արմատավորմանը: Եվ ամենեւին պատահական չէր, որ Շ. Շահամիրյանը, իբրեւ այդ ամենի ժառանգորդ, ստեղծեց իր հանրահայտ «Որոգայթ փառաց»-ը, որը պետք է դառնար ինքնիշխան Հայաստանի Սահմանադրությունը: Չքննարկելով Շահամիրյանի ստեղծագործությունը, նշենք միայն, որ միայն այդ երկի վերնագիրը արտահայտում է «պետության սահմանադրություն» հասկացության բուն իմաստը, եւ ըստ էության այն սահմանադրության հասկացության էության փայլուն բնորոշումն է՝ «Սահմանադրություն, նշանակում է որոգայթ փառաց», այսինքն՝ սահմանադրությունը իշխանությունների սահմանափակման միջոց է:

Խոսելով հայ իրականությունում սահմանադրական զարգացումների մաին, չի կարելի չնշել այնպիսի մի երեւույթի մասին, ինչպիսին է Սահմանադրական շարժումը, որը ձեւավորվեց 19-րդ դարի 40-60-ական թվականներին, եւ որի արդյունքում Թուրքիայի կառավարությունը 1863թ. վավերացրեց հայոց «Ազգային Սահմանադրությունը» (մանրամասները տես՝ Погосян В.В., Феномен конституции в Армянской политикоправовой мысли, Конституционное провосудие:, 2000, N 4):

Հարկ եմ համարում նաեւ նշել, որ ընդհանուր առմամբ, հայ իրականությունում «սահմանադրություն» հասկացությունն օգտագործվել է սկսված գրերի գյուտից հետո, այնինչ եվրոպական գրականությունում այն ունի ընդամենը շուրջ 300 տարվա պատմություն:

Անդրադառնալով հայ իրականությունում սահմանադրական զարգացումներին՝ բնականաբար հարց է առաջանում, թե ինչո՞ւ ներկայումս մեզանում դեռեւս բացակայում է Սահմանադրության նկատմամբ պատշաճ վերաբերմունքը եւ չի ձեւավորվում սահմանադրականություն եւ սահմանադրական մշակույթ: Կարծում ենք, այդ հարցի պատասխանը միանշանակ է, որքանով Հայաստանի բազմամյա կախյալ վիճակը, ինչպես նաեւ Սովետական Հայաստանում տիրապետող մարքս-լենինյան գաղափարախոսությունը եւ սովետական կարգերը խաթարեցին սահմանադրական զարգացումների բնականոն ընթացքը: Սակայն Հայաստանի Հանրապետության ստեղծումից հետո աստիճանաբար սկսվում է աճել հետաքրքրությունը սահմանադրության նկատմամբ, մասնավորապես ուշադրության կենտրոնում են հայտնվում հայ իրականությունում սահմանադրական զարգացումները, ինչի վկայությունն են ՀՀ սահմանադրական դատարանի, «Սահմանադրական իրավունք» հասարակական կազմակերպության կողմից Երեւանում կազմակերպվող ամենամյա միջազգային խորհրդաժողովները, «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի ստեղծումը, պատմական ժառանգության հետազոտման վերաբերյալ բազմաթիվ տեսական ու վերլուծական մենագրություններն ու հոդվածները եւ այլն:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բանասիրական գիտությունների թեկնածու Ն. Դիլբարյանին, ով մեծապես օգնեց գրաբարյան տեքստերի ճիշտ լուսաբանման հարցում եւ ծանոթացրեց մի շարք աղբյուրների:

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

23.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031