Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Ստամբուլյան արձանագրություններին մեր դատարանները բանի տեղ չեն դնում

Մարտ 25,2019 12:30

Սյունիքի մարզի բնակիչ Հասմիկ Սարգսյանը վերաքննիչ քրեական դատարան երեկ չէր եկել: Նա իր երկու ներկայացուցիչներն ուներ դատարանում, իրավապաշտպաններ Արա Ղարագյոզյանն ու Մարինա Պողոսյանը:
Դատարանին անհասկանալի պատճառներով չէին ներկայացել դատախազն ու քննիչը: Սակայն նրանց բացակայությունը պատճառ չհանդիսացավ բողոքի քննությունը շարունակել:

«Ընդդեմ իրավական կամայականության» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանն ասաց, որ բողոք է բերել փետրվարի 4-ի որոշման դեմ: Հատուկ քննչական ծառայությունը որոշում էր կայացրել Սիսիանի ոստիկանների վերաբերյալ, ովքեր սպառնալիքներով ցուցմունք են կորզել Հասմիկ Սարգսյանից՝ գողության հետ կապված, քրեական հետապնդում չիրականացնել եւ կարճել գործը:

Այդ գործով Հասմիկ Սարգսյանը տուժող էր ճանաչվել: Ըստ Ա.Ղարագյոզյանի, նախաքննական մարմինը նոր ապացույցներ ձեռք չէր բերել եւ, ըստ էության, ձեւական քննություն էր կատարել:

Իրավապաշտպանի գնահատմամբ, առկա էր խոշտանգումը, եւ այդ հիմքով պետք է ՀՔԾ-ն վարեր քննությունը, քանի որ Հասմիկ Սարգսյանը հաղորդում էր տվել այն մասին, որ իրեն խոշտանգել են, վախեցրել են ոստիկանները, եւ ինքը գողացել էր չորս հազար դրամ, իսկ իրեն ստիպել են, թե գրի՝ տասը հազար դրամ:

«Եթե ՀՔԾ-ն առգրավեր ոստիկանության բաժնում առկա տեսանյութերը, ապա գուցե պարզվեր, որ Հասմիկի ասածներն արժանահավատ են: Մինչդեռ, չի էլ պարզվել, թե եղե՞լ է տեսախցիկ, այդ ուղղությամբ որեւէ գրավոր հանձնարարական չի էլ եղել»,-ասաց Ա.Ղարագյոզյանը, որը գտնում էր, որ վկայի կարգավիճակով ոստիկանների տված ցուցմունքներն անարժանահավատ են:

Հասմիկը հայտնել էր, որ երբ իրեն ապտակել են, վիրավորել, նվաստացրել, տասնամյա դուստրը ականատես է եղել, սակայն քննիչը չի հարցաքննել երեխային, ցուցմունք չի վերցվել նրանից:

Նախաքննության ժամանակ Հասմիկի հոգեկան վիճակը չի պարզվել:

Իրավապաշտպանի դիտարկմամբ, ՄԱԿ-ի Ստամբուլյան արձանագրություններին մեր դատարանները բանի տեղ չեն դնում՝ խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասով արդյունավետ քննության իրականացման համար:

Իրավապաշտպանը խնդրեց գործը ուղարկել դատարան, նոր քննության, ինչի կապակցությամբ, դատավոր Մխիթարյանը հարցրեց նրան. «Վերաքննիչ դատարանը չի՞ կարող իրավունքի խախտումը վերացնել»:

Ա. Ղարագյոզյանը պատասխանեց. «Իհարկե, վերաքննիչը կարող է ճանաչել Հ. Սարգսյանի իրավունքների խախտումը»:

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Մարինա Պողոսյանն էլ ասաց, որ Հասմիկի եւ ոստիկանների առերեսմանն անձամբ մասնակցել է: Հասմիկը իրեն բռնության ենթարկելու, քանոնը պարանոցին պահելու, ոստիկանների սպառնալիքների մասին պնդել է նաեւ այդ ժամանակ. «Մենք չենք արդարացնում գողությունը, սակայն պնդում ենք փաստը, պնդում ենք, որ ՀՔԾ-ն զերծ չէր օպերատիվ գործողություններ կատարելուց, նոր ապացույցներ ձեռք բերելուց»:

Ըստ Մ.Պողոսյանի, վատ վերաբերմունքը շարունակվում է մինչ օրս:

Նա ասաց, թե քննիչը հենց իր ներկայությամբ է ասել՝ «դե, թող գնա մի քիչ նստի», եւ նման բան ասողը չէր էլ կարող օբյեկտիվ քններ այս գործը:

Ըստ բողոքաբերի, քննություն չի տարվել «փականի» դրվագով. «Եթե Հասմիկը կոտրել է դռան փականը, ապա ինչու որեւէ տող չկա այդ ապացույցի մասին, եթե գողացել է տասը հազար, ինչպես ոստիկաններն են պնդում, ապա փականը ինչ է արժեցել»:

Նա ասաց, որ Հասմիկին այս նույն ոստիկաններն առաջարկել են. «արի համագործակցենք, ջրվի գնա էս ամենը», ինչը մերժվել է Հասմիկի կողմից:

Ըստ իրավապաշտպանի, սիսիանցի կնոջ նկատմամբ պետությունն իր պարտականությունը չի կատարել, նրան անգամ «Փարոսից» են զրկել, նա վարձակալած բնակարանից հեռացել է այս դատական գործընթացների ժամանակ, դարձյալ ճնշումների հետեւանքով:

Իրավապաշտպանն ասաց, որ նախորդ գողություններն էլ՝ պանիր, պահածո, պետության պարտականությունները չկատարելու հետեւանքն են:

Դատարանը ծանուցագրեր կուղարկի դատախազին, քննիչին՝ հաջորդ նիստին մասնակցելու համար:

Այս բողոքի հետ կապված դատախազը, քննիչը գրավոր պատասխան դատարան չէին ուղարկել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Նկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ, 

23.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031