ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը հաճախ է հիշում իր մանկությունը: «Առավոտի» հետ զրույցում նա որոշ «փակ» դրվագներ պատմեց: Ռոբերտ Էլիբեկյանը Վրաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Վաղարշակ Էլիբեկյանի որդին է, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանի եղբայրը։
«Ես ծնվել եմ Թիֆլիս քաղաքում` Սոլոլակում, Արղության իշխանների տանն ենք ապրել, դեպի բակն էին նայում մեր պատուհանները: Մեզ մոտ գալիս էր մի խենթ, հրաշալի մարդ: Գալիս էր եւ «Օթելլո» էր խաղում, մենք երկրորդ հարկում էինք, կլոր շենքում էր մեր տունը……Անունը մոռացել եմ այդ մարդու: Բոլորս անհամբեր սպասում էինք, թե երբ է գալու: Իսկ ինքը միայնակ էր խաղում Օթելլո, Դեզդեմոնա չկար, մի դերասանի թատրոն էր խաղում: Գալիս էր ամռանը` կիսամերկ, մի տաբատով: Փայտից խանչալ ուներ, ու խաղում էր Օթելլո ու գոռում էր. «Դեզդեմոնա, պետք է խեղդեմ քեզ»… Ինքը եւ Դեզդեմոնա էր խաղում, եւ Օթելլո: Ողջ բակը խենթանում էր իր համար: Տասն օրը մեկ ինքը գալիս էր, թափառաշրջիկ դերասան էր, գումար էին գցում, ինքը հավաքում էր… …Հետո սկսեց չգալ, մենք եւ հարեւան բակերի երեխաները կարոտում էինք, ինքը սակայն չէր գալիս: Պատահաբար իմացանք, որ աքսորել են Սիբիր, վճիռն էլ այն էր, որ իբր անգլիական լրտես է… Խեղճ մարդ: Հետո իրեն հանդիպել են Սիբիրում, ախր շատ հրաշալի մարդ էր»,-հիշեց վարպետը:
«Մեր շենքի երկրորդ ու երրորդ հարկում հայեր էին ապրում` մտավորականներ, դերասաններ: Միակ բացառիկ շենքն էր, որտեղ երկրորդ-երրորդ հարկերում հայեր էին, իսկ առաջինում՝ վրացիներ, աքսորված լեհեր…
Իմ Սիրանուշ տատն ապրում էր դիմացի փողոցում: Լավ հիշում եմ, երբ 47թ. աքսորում էին մարդկանց, այդ ժամանակ հայրս թատրոնի տնօրեն էր: Բարի մարդիկ կային օրգաններում աշխատող, գալիս հորս զգուշացնում էին, ասում էին` Վաղարշակ, պետք է մեկ շաբաթով փախչես, հեռանաս: Ինքը գնում էր գյուղ, իսկ մայրիկս ինձ, եղբորս ու քրոջս տանում էր նկուղ, ուր ապրում էինք մեկ շաբաթ: Ժամկետով էր` գալիս էին, աքսորում էին մարդկանց, հետո մի 6 ամիս, մի տարի դադար էր լինում: Տատիկս Միքայել Արամյանցի (թիֆլիսահայ մեծանուն գործարար, բարերար, Ալեքսանդր Մանթաշյանի մտերիմ ընկերն ու գործընկերը-Գ.Հ.) տանն էր ապրում: Գիտե՞ք բոլշեւիկներն Արամյանցին նսեմացնելու համար ինչ արեցին. Թիֆլիսի Ռուսթավելի փողոցը ցախավելով ավլել տվեցին 3-4 անգամ ծայրից ծայր»,- շարունակում է վարպետը:
Ի դեպ, խորհրդային կարգերի հաստատումից հետո, Արամյանցը կորցրել է ողջ կարողությունը, 1924 թ. մահացել է սովի ու աղքատության մեջ։ Նա թաղվել է հայկական Խոջիվանքի գերեզմանատանը, որը ստալինյան ժամանակաշրջանում ավերվել է, իսկ 1990-ական թթ. գերեզմանատան տեղում կառուցվել է վրացական Սամեբա տաճարը։ Կատարված հողային աշխատանքների հետեւանքով հարյուրավոր աճյուններ, այդ թվում եւ Արամյանցինը, ոչնչացվել են։
Մեր զրույցի ժամանակ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ, տենոր Վանո Սարաջիշվիլիին էլ անդրադարձ եղավ, որին անունն է կրում Թբիլիսիի կոնսերվատորիան: Ռոբերտ Էլիբեկյանն ասում է, որ Սարաջիշվիլիները Սարաջյաններն էին:
Նա հիշեց նաեւ այն փողոցը, որտեղ հորաքույրն էր ապրում. «Փոքր էինք` մի 5-6 տարեկան: Հորաքրոջս տուն գնալիս ես, քույրս ու եղբայրս փողոցի աջ կողմով էինք գնում, թեեւ այդտեղով ոչ մեկը չէր համարձակվում քայլել: Մայրիկս սաստում էր, որ ձախ կողմով քայլեինք, որովհետեւ աջ կողմում ԿԳԲ-ի շենքն էր, եւ ջրով լի հոր կար: Նաեւ ոստիկաններ կային այնտեղ հավաքված` ավտոմատներով… Ի դեպ, պապիս եղբայրը` Հակոբ Էլիբեկյանը եւս աքսորվել է: Ինքը դաշնակցական էր, դրա համար աքսորեցին, ապա գնդակահարեցին»:
Ներկայումս Ռոբերտ Էլիբեկյանը ներգրավված է «Երեւան, իմ սեր» հիմնադրամի նախաձեռնած «Վարպետաց դպրոց» նախագծում, աշխատում է երեխաների հետ եւ ուրախ է, որ նրանք չեն տեսել սովետի մղձավանջը: «Երեւան, իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը նախագիծը բնորոշում է որպես բարձր վարպետության հասած ավագ սերնդի եւ երիտասարդների շփում, քանի որ վարպետը զուտ միայն հմտություններ չէ, որ փոխանցում է: Խմբում ապահովված է խառը ներառականություն, խոցելի խմբի երեխաներ են, հաշմանդամություն ունեցողներ, անապահով ընտանիքների զավակներ, նաեւ երեխաներ, որոնց պորտֆոլիոներն ուսումնասիրելով` ընտրել է Ռոբերտ Էլիբեկյանը: Վարպետն ասում է, որ շատերն այնքան շնորհալի են, որ ինքն էլ է նրանցից որոշ բաներ սովորում:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ «Գաֆեսճեան» կենտրոնի ֆեյսբուքյան էջից
«Առավոտ» օրաթերթ,
23.03.2019