Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մշակույթում ներառականությունը ոչ միշտ է ուշադրության արժանանում

Մարտ 25,2019 11:30

Ավելի քան քառորդ դար անցկացվող հեղինակավոր «Ոսկե դիմակ» ռուսաստանյան ազգային թատերական փառատոնը 2016թ. աշխարհում առաջին անգամ անդրադարձավ հաշմանդամություն ունեցող երեխաների արվեստին՝ 212 անվանակարգերի թվում սահմանելով «Էքսպերիմենտ» անվանակարգը: Ընդ որում, փառատոնի ցուցակում ընդգրկված ներկայացումների 45 տոկոսը ՌԴ գավառներում գործող թատրոններից էին: Մեզ մոտ 2001 թվականից անցկացվող «Նռան հատիկ» մանկապատանեկան բոլոր փառատոներին հանդիպում ենք 1996-ից գործող «Հույսի կամուրջ» հաշմանդամ երեխաների թատերախմբի (ղեկավար՝ Հասմիկ Խաչերյան) ներկայացումներին: Երկու-երեք տարի առաջ էլ կոմպոզիտորների միության եւ Ռուսաստանի հայերի միության համատեղ անցկացված հայրենասիրական երգի մրցույթում լավագույնը ճանաչվեց դեռեւս կոնսերվատորիայի ուսանող, կույր երաժիշտ, կոմպոզիտոր Ալբերտ Աբգարյանի ստեղծագործությունը: «Առավոտը» վերջերս անդրադարձավ գերմանաբնակ կույր դերասանուհի Արմինե Մացակյան-Բագրատունու արվեստին: Գուցե «Հույսի կամուրջ» թատերախմբի գործունեությունը ծանոթ է լայն հանդիսատեսին, բայց անհատ արվեստագետների անունները, համոզված ենք, ծանոթ են միայն մասնագիտական շրջանակներում: Երիտասարդ սերունդը, որ այսօր սիրով լսում է աշուղական երգը ժամանակակից գործիքավորմամբ ու մատուցմամբ, վստահ ենք՝ քչերը գիտեն, որ աշուղ Հավասին կույր է եղել: Փոխարենը անուն առ անուն գիտենք տեսողական խնդիրներով այլազգի արտիստների, այդ թվում՝ օպերային երգիչ Անդրեա Բոչելիի, երգչուհի Դիանա Գուրցկայայի, Ռեյ Չարլզի եւ մյուսների անունները: Իսկ անցյալ տարի «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացրեց հաշմանդամի սայլակին գամված երգչուհի Յուլյա Սամոյլովան: Վերջին 30 տարիներին հազար ու մի նախագծեր են տեղայնացվում Հայաստանում, գուցե Ռուսաստանի օրինակով, մեզ մոտ էլ անցկացվող միջոցառումների շրջանակում տեղ հատկացվի հաշմանդամ արվեստագետներին:

Վերջերս Կահիրեում անցկացվող սահմանափակ կարողություններով արտիստների միջազգային փառատոնում (երգարվեստ, պարարվեստ, կատարողական արվեստ), որը կազմակերպել էր Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտագաղթի նախարարությունը՝ նախագահ Ապտ Էլ Ֆաթահ Էլ Սիսիի բարձր հովանու ներքո, Հայաստանը ներկայացրեց 15-ամյա երգիչ Հովհաննես Հովհաննիսյանը, որը Եգիպտոսից, Կիպրոսից, Հունաստանից մասնակից արվեստագետների թվում ամենակրտսերն էր: Տեսողական խնդիրներ ունեցող երգիչը հանդես է եկել չորս ստեղծագործությունների կատարումով՝ «Նոր ծաղիկ» շարական, Կոմիտասի «Գարուն ա», Զ. Դոլուխանյանի «Երեւանի գիշերները» եւ Սեզար Ֆրանկի «Պանիս Անջելիկուս»:

Հովհաննեսը սովորում է Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի վոկալ բաժնում: Առաջին դասերն առել է ճանաչված օպերային բաս Վալերի Հարությունյանից, իսկ այժմ նրա մասնագիտության ուսուցիչը Կարինե Մարտիրոսյանն է:

«Առավոտը» պարզեց, որ կայացած փառատոնին Հովհաննեսի մասնակցության պատմությունը հետեւյալն է. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը դիմել է ռեժիսոր Լեւոն Իվանյանին՝ ներկայացուցիչ ուղարկելու համար։ Քանի որ Լ. Իվանյանը 23 տարի իր պրոֆեսիոնալ բեմական գործունեությանը զուգահեռ բեմադրություններ է իրականացնում նաեւ «Հույսի կամուրջ» հաշմանդամ երեխաների թատերախմբի հետ, առաջարկել է Հովհաննեսի թեկնածությունը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

23.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031