Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայում նախկին ղեկավարությունից եւ տիրող ընդհանուր մթնոլորտից դժգոհությունները տարիների պատմություն ունեն, սակայն դրանք ավելի թեժացել են անցած տարվա ամռանից, երբ հայտնի իրադարձությունների հետեւանքով ձերբակալվեց ֆեդերացիայի նախկին պատվավոր նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը, որի հովանու ներքո ֆեդերացիան 2014 թվականից գլխավորում էր նրա որդին, Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Այդ ընթացքում երկու անգամ կազմակերպվել է ֆեդերացիայի նոր նախագահի ընտրություն եւ երկու անգամ էլ այն տապալվել է: Ընդդիմադիր թեւը ՀԹՖ նախագահության անդամ, Թաեքվոնդոյի Արցախի ֆեդերացիայի նախագահ եւ «Վարանգ» ակումբի նախագահ Վրեժ Խաչիկյանի գլխավորությամբ պահանջում է նոր նախագահ ընտրել ռուսաստանաբնակ հայ հաջողակ գործարար Ահարոն Պապոյանին, որը ժամանակին հենց Հայաստանում զբաղվել է թաեքվոնդոյով, ունի սեւ գոտի, Հայաստանում մարզաձեւի խնդիրներին ծանոթ է ներսից, հոգացավ է իր մարզաձեւի նկատմամբ եւ պատրաստ է լուրջ ներդրումներ անել այն իրականում զարգացնելու համար: Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդդիմադիրները նշեցին, որ իրենց թեկնածուն բավականին լուրջ ու կրթված անձնավորություն է, ունի Հայաստանում թաեքվոնդոն զարգացնելու հստակ ծրագիր եւ պատրաստ է ոչ միայն ներդնել այնքան գումար, որքան պետական աջակցությունն է, այլեւ անհրաժեշտության դեպքում այն կրկնապատկել ու եռապատկել: Սակայն, նրանց փոխանցմամբ, ֆեդերացիայի նախկին ղեկավարության համախոհները իրենց փորձում են համոզել՝ ընտրել իրենց թեկնածուին, որը պատրաստ է ներդնել անհամեմատ քիչ գումար: Ընդ որում, ընդդիմադիրները այս տարբերակին համաձայն չեն ոչ միայն ֆինանսական հոսքի սակավության պատճառով: Նրանց պնդմամբ, ֆեդերացիայի ամբողջ ղեկավար կազմը պետք է փոխել, որտեղ գործել է խնամի-ծանոթ-բարեկամ արատավոր սկզբունքը, ինչը մեծ վնաս է հասցրել մարզաձեւին:
Ընդդիմադիրները հայտարարել էին նաեւ, որ ակումբների ղեկավարներին եւ մարզաձեւի ճակատագրով մտահոգված մարզիչներին կոչ են անելու բոյկոտել «Դինամո» մարզադահլիճում մարտ ամսին նախատեսվող Հայաստանի առաջնությունը եւ այդ մասին տեղյակ պահել նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը: Եվ ահա մարտի 16-ին նշանակված Հայաստանի առաջնությունը չի կայացել, թեեւ մարզիկների կշռման արարողությունը եղել է, բայց մրցումներն այդպես էլ չեն մեկնարկել:
Ընդդիմադիրները ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ասել էին նաեւ, որ ցանկանում են դիմել նախարարությանը եւ ՀԱՕԿ-ին, որպեսզի միջամտեն խնդրի արդար կարգավորմանը: Սակայն դա որքանո՞վ է հնարավոր, եթե արդեն նախադեպ կա կապված բռնցքամարտի ֆեդերացիայի հետ, որտեղ վերջիններին մեղադրում են իրենց գործերին միջամտելու մեջ:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
23.03.2019