Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ` նախարարի խորհրդականներն այցելել են այրվածքներով հոսպիտալացված 12-ամյա երեխային տեսության:
Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է` մարմնի 40 տոկոս ծածկույթի նաև վերին շնչուղիների այրվածքով:
Առաջին պահից հիվանդը գտնվել է արհեստական շնչառության տակ: Բժիշկներն անում են ամեն բան, որպեսզի շնչառությունը պահվի և կյանքին վտանգ չսպառնա:
Ինչ վերաբերվում է նրան, թե հարազատները չեն այցելել, պետք է նշել, որ նախարարության ներկայացուցչները հանդիպել են հիվանդի եղբորը, որը պարբերաբար այցելում է նրան:
Վաղը արդեն անհրաժեշտ է լինելու ներարկել արյուն, պլազմա և սննդային մասսա, որը կապահովի առողջապահության նախարարությունը:
ՀՀ ԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հիշեցնենք, ինչպես հայտնել էր Արտակարգ իրավիճակների նախարարությունը, մարտի 23-ին, ժամը 22:04-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիս կայարանի Գործարանային փողոցի թիվ 16/1 տան մոտակայքում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, քաղաքացիների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Ն.Մ.-ն (ծնված 2007 թ.), ով այրվածքներով տեղափոխվել է Մասիսի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոն»: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:21-ին, մարվել` 22:34-ին:
Ամբողջությամբ այրվել է «RAF» մակնիշի ավտոմեքենան:
ՀՀ ԱԻՆ