«Արցախպրես» – Այսօր՝ մարտի 24-ին, տեղի է ունեցել «Ազգային վերածնունդ» կուսակցության հինգերորդ համագումարը:
Համագումարին ներկայացվել են զեկույցներ կուսակցության գործադիր մարմնի և վերստուգիչ հանձնաժողովի գործունեության մասին, ընտրվել է գործադիր մարմնի նոր կազմ, ապա ելույթ են ունեցել կուսակցության մի շարք անդամներ:
Իր խոսքում կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն ասել է, որ 2013 թվականին, երբ ստեղծվել է «Ազգային վերածնունդ»-ը, իրենց նպատակն էր հանրությանն առաջարկել այլընտրանք՝ նոր գործիչների և նոր գաղափարների տեսքով:
«Դա բավականին բարդ շրջան էր, երբ քաղաքական դաշտը միաբևեռ էր: Այդ ժամանակվա Ազգային ժողովի բոլոր խմբակցություններն ու խմբերը սատարում էին գործող նախագահին և իշխանական էին, իսկ 2012 թ.-ին նախագահական ընտրություններին զգալի ձայներ ստացած ոչ իշխանական թեկնածուն չէր էլ փորձում ինստիտուցիոնալիզացնել իր ստացած ձայները և նպաստել հանրության ուժեղացմանը: Հենց ստեղծման պահին մենք հայտարարեցինք, որ լինելու ենք ընդդիմադիր Արցախում կառավարող կոռումպացված ու ավտորիտար վարչակարգին:
Լինելով իշխանության հիմնական քննադատը՝ մենք երբեք չենք տրվել պոպուլիզմին, այլ փաստարկված ձևով փորձել ենք ազդեցություն ունենալ որոշումների ընդունման վրա: Քաղաքական գործունեությունը մեզ համար ո՛չ ժամանց է, ո՛չ զբաղմունք, այլ մասնագիտական գործունեություն, որի հիմնական նպատակը խնդիրները ձևակերպելն է, և այդ խնդիրների լուծման շուրջ ուղիներ առաջարկելը»,- մասնավորապես նշել է Հ. Խանումյանը: