«Հայ ֆուտբոլիստները շատ մոտիվացված են, նրանք թիմային համատեքստում զարգանալու ներուժ ունեն»
– Շնորհակալություն հայկական ֆուտբոլին օգնելու պատրաստակամության համար: Ինչպե՞ս հայտնվեցիք Հայաստանում:
– ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի հրավերով եմ Հայաստանում: Նա հարուստ և օգտակար փորձ ունի: 90-ականներից «Ալբասետեում» աշխատել ենք տարիքային բոլոր խմբերի, ապա նաև՝ մեծահասակների հետ: Գլխավորել եմ ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի համակարգը: Հետո Խինեսը ներգրավվեց Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքներին: Միացա նրան. ամբողջապես ընդգրկվեցի մարզչական կրթության համակարգում: Իսպանիայի թագավորությունն ունի 19 մարզ: Կաստիյա լա Մանչա մարզում կա 5 շրջան: Կրթական առաքելության համար ինձ վստահվեց Ալբասետեի շրջանը: Այդ շրջաններից յուրաքանչյուրը ղեկավարվում է տեղական ֆեդերացիայի կողմից, որն էլ գործում է արքայական ֆեդերացիայի ենթակայությամբ: Տարիների ընթացքում Խինեսի հետ շատ ենք մտերմացել: Նրան եղբայրս եմ համարում: Երախտապարտ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային վստահության համար:
– Երիտասարդականի մարզահավաքի մեկնարկում ինչպիսի՞ լիցքեր ու ազդակներ փոխանցեցիք իրար:
-Ֆուտբոլիստներին ներկայացրինք այն գաղափարը, որը մեր թիմում բոլոր մտքերի ձևավորման հիմքն է: Մատուցվեցին խաղային նորմերը: Տղաները հետաքրքրված են և մեծ շարժառիթ ունեն: Թարգմանիչս էլ նկատեց, որ վարժությունները վայելում են: Աշխատանքին նեգրավված անձնակազմն ամեն միջոց կգործադրի նրանց թիմային համատեքստում զարգացնելու համար: Տեղական առանձնահատկությունները հաշվի առնելով՝ կներդնենք այն խաղը, որն իր արդյունքը տվեց Իսպանիայում: Խաղացողների փոքր տարիքից մարզիչները պետք է հետևողական լինեն՝ 20-22 տարեկանում փաստի առաջ չկանգնելու համար: Հարկավոր է զարգանալ թիմային համատեքստում:
«Անհրաժեշտ է իրացնել տեխնիկական ներուժը: Մեր տղաները մրցունակ են, բայց շտապում են»
– Մ-21 տ. հավաքականի հետ դեռ նոր եք ծանոթանում: Ամեն դեպքում, մի քանի ամիս է, ինչ հայկական ֆուտբոլի մաս եք կազմում: Որո՞նք են հայ ֆուտբոլիստների ընդհանուր բնութագրիչները:
– Շատ մրցունակ են, բնավորություն ունեն: Տեխնիկապես բավական լավն են, բայց ավելորդ շտապողականություն են ցուցաբերում, համբերություն է պետք դրսևորել: Միշտ չի, որ ուղիղ գծով գնալն ամենից արագն է: Ցանկանում են անմիջապես գնդակը տեղափոխել մրցակցի կիսադաշտ ու հեշտությամբ կորցնում: Պետք է «բացվել» ազատ գոտի՝ փոխանցման նպաստավոր հնարավորություն ստեղծելու համար, նպատակային փոխանցումներով գրոհը հասցնել տրամաբանական ավարտի: Նաև լարվածության պատճառով են գնդակ կորցնում, արդյունքում դիտարժանությունը նվազում է, կոմբինացիոն խաղը՝ տուժում:
– Ի՞նչ կասեք ինտենսիվության մասին:
Ինտինսիվությունը անընդհատ բարձրակետում պահել հարկավոր չի, պետք է պահել ռիթմը, ճիշտ ընտրել դադարները: Հայաստանում կիսապաշտպանները քիչ են մասնակցում խաղին: Անհրաժեշտ է ավելի շատ տեղաշարժվել: Խաղացողները ֆիզիկապես հարմարավետ են զգում, պրեսինգով խաղալու կարողությունը հենց դա է վկայում: Բայց կրկնում եմ՝ գնդակը արագորեն տեղափոխելու համար կարևոր են մարտավարական տեղաշարժերը. այն, ինչ պետք է ամենից արագ շարժվի դաշտում, գնդակն է:
– Եվրոպայի Մ-21 տարեկանների առաջնության ընտրական փուլում առաջին հերթին ի՞նչ ենք հետապնդելու:
– Նախ, հարկավոր է իսկական թիմի պես աշխատել: Մրցակցի խաղի ուսումնասիրությունն ու վերլուծությունը պարտադիր են, բայց հիմքը մեր խաղն է: Չպետք է մոռանալ, որ մեր հեռակա նպատակը երկրում ֆուտբոլի զարգացումն է: Հիմքը պետք է դնել արդեն իսկ կազմված երիտասարդական ու պատանեկան թիմերում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում