Նախորդ հոդվածում անդրադարձել ենք կրթական հաղորդակցության և բաց տարածության ստեղծմանը: Որքան անփոխարինելի է հաղորդակցումը կրթական իրական տարածության մեջ, նույնքան լայն են կրթական վիրտուալ տարածության հնարավորությունները: Տեխնոլոգիաները կրթական հեղափոխություն իրագործելու հզոր միջոց են:
Ցավոք, մեզանում դրանք հիմնականում արժևորվում են կրթական հաստատությունների տեխնիկական հագեցվածության կամ տեխնոլոգիական գիտելիքների փոխանցման առումով: Ներկա իրավիճակում մեր կրթական համակարգի շատ խնդիրներ հնարավոր է լուծել` հենց վիրտուալ կրթական տարածությունը օգտագործելով: Հավատարիմ մնալով եղած լավագույն փորձը արժևորելու իմ սկզբունքին`չեմ կարող չնշել մեզանում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի փորձը կրթական էլեկտրոնային բաց ռեսուրսներ ստեղծելու և բոլորի համար հասանելի լինելու առումով: Ստեղծելու և նվիրելու գնահատելի մշակույթի օրինակ է այս կրթահամալիրը:
Հաջորդիվ ներկայացնելու եմ երեք էլեկտրոնային հարթակների մոդելներ, որոնց միաժամանակյա ստեղծումը հնարավոր կդարձնի կրթական գործընթացի շոշափելի հեղափոխություն այստեղ և հիմա: Ավելի առարկայական խոսակցության համար կներկայացվի մոդելը, իսկ հետո` մեր ներկա իրավիճակում դրա անհրաժեշտության, ակնկալվող արդյունավետության հիմնավորումը:
Առաջին մոդելը դասավանդողների համար կրթական միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծումն է: Այս պարագայում խոսքը դասավանդման ընդհանուր հմտությունների, կրթական մեթոդների և կիրառական փորձառության մասին է(կոնկրետ առարկաների գծով դեռ կանդրադառնանք): Քանի որ դասավանդողի ազդեցության գործակիցը շատ ավելի մեծ է հանրակրթության մեջ, և խնդիրներն էլ այստեղ շատ են, ես մոդելը կնկարագրեմ ուսուցիչների միասնական հարթակի օրինակով: Սակայն կրթական աստիճանի նպատակներին համապատասխանեցված կառուցվածքով` այն կիրառելի է նաև միջին մասնագիտական և բուհական համակարգում:
Այս մոդելը իրագործելու համար դարձյալ անհրաժեշտ է մենթոր ուսուցիչների խումբ: Մրցույթով պահանջվող ունակություններով, որոշակի փորձառությամբ մարդկանց բացահայտելը խնդիր չէ: Կարևոր է, որ այս մոդելը գործարկելու ընթացքում ևս երևան կգան մենթորության և քոուչինգի կարողություններ ունեցող դասավանդողներ: Էլեկտրոնային համապատասխան ծրագրով նույն հարթակում ընդգրկվում են Հայաստանում, գուցե նաև սփյուռքում դասավանդող բոլոր ուսուցիչները: Այդ հարթակի կառուցվածքում լինի ամեն ուսուցչի անհատական էջը և բոլորի համար ընդհանուր բաժինը:
Մենթորների կողմից նախապես մշակված հաջորդականությամբ և նրանց ուղղորդմամբ այս հարթակում ծավալվի ընդհանուր կրթական, մանկավարժական խնդիրների, լուծման տարբերակների, առաջարկների տեսքով հաղորդակցում: Ենթադրենք շաբաթվա համար ընտրվում է կրթական որևէ թեմա` աշակերտի վարքի իրավիճակ, որևէ մեթոդ, կրթական մարտահրավեր և այլն: Հարթակում ներկայացվում են դրա վերաբերյալ հոդված, տեսակետ, հարցեր: Ամեն ուսուցիչ հնարավորություն ունի իր մեկնաբանությունը գրելու (ինչպես մեզ հարազատ սոցիալական ցանցում), իր փորձառությունը կամ հիպոթեզը ներկայացնելու: Եվ որ շատ կարևոր է, հնարավորություն ունի կարդալու, արձագանքելու իր գործընկերոջը, իր փորձառությամբ գտած լուծումները ներկայացնելու և թեմայի շրջանակում իրական կրթական երկխոսություն ունենալու:
Ամեն մեկը ունի իր էջը, որտեղ երևում են իր մասնակցության բոլոր քայլերը: Եվ եթե բացահայտում ես քեզ համար հետաքրքիր մի ուսուցչի, կարող ես իր էջի միջոցով հաղորդակցվել հարթակում նրա ստեղծածին կամ ասածին: Էլեկտրոնային միասնական հարթակի կառուցվածքային դետալները կարող են քննարկվել, ես ընդհանուր մեխանիզմն եմ պատկերում: Առարկայական պատկերացնելու համար ես կընտրեմ սոցիալական կրթությանը վերաբերող պայմանական օրինակ, որը ցույց կտա մոդելի կիրառման մեխանիզմը: Այս շաբաթ այս հարթակում քննարկվում է հետևյալ հարցը`«Ամենօրյա հանրային կյանքում` տրանսպորտ, փողոց, սոցցանց, ինչ տիրապետող մերժելի վարքագիծ եք նկատում: Ձեր առարկայի շրջանակում ինչպես եք պատկերացնում աշակերտների վրա դրական ազդեցությունը»:
Մի շաբաթվա ընթացքում ուսուցիչը հնարավորություն է ունենում այս թեմայով հոդված կարդալու, այն մեկնաբանելու, մի քանի ուրիշ մեկնաբանություն կարդալու, եթե փորձ ունեցել է, դա ներկայացնելու, ժխտելու կամ պատկերացնելու իր հնարավոր ազդեցության ճանապարհը: Ակադեմիական մանկավարժական թեմաների համար ևս արդյունավետ հաղորդակցման անսահման հնարավորություններ ստեղծող մոդել է:
Նման մոդելով հնարավոր է նաև խնդրի լուծման տարբերակի միասնական փորձարկում և դրա հետադարձ քննարկում նույն այս հարթակում: Այսօր համացանցում կրթական ահռելի բաց ռեսուրսներ կան, նաև մանկավարժության վերաբերյալ: Նման հարթակի միջոցով մի քանի մենթորների և թարգմանիչների համակարգված աշխատանքի շնորհիվ կարող ենք մեր դասավանդողների համայնքի համար այդ ռեսուրսի հետ ևս ստեղծագործաբար հաղորդակցվելու հնարավորություն ստեղծել: Եվ ստեղծել համեստ ֆինանսական միջոցներով, շատ կարճ ժամանակում:
Մասնագիտական զարգացման նման հարթակի միջոցով մենք հիմնում ենք մտածող, որոնող, ինքնադրսևորվող, ինքնազարգացող ուսուցչական համայնք: Ուսուցիչ, որը ներգրավված է կրթական զրույցներում: Ամեն օր ընդամենը կես ժամ նման հարթակի «առաջադրանքների» կատարման մեջ ներգրավվելով`մենք կունենանք ամեն օր իրապես հեղափոխվող ուսուցիչ և կրթական գործընթաց:
Թե առաջին հայացքից պարզ այս մոդելը ինչով է նպատակահարմար մեր կրթական ներկա իրավիճակի համար, ինչ մուլտիպլիկատիվ ներգործություն կունենա դրա վրա, ինչ երաշխավորված արդյունքներ կունենա, կվերլուծենք հաջորդ հոդվածում: Ինչպես նաև կանդրադառնանք դասավանդողների վերապատրաստման և գնահատման համակարգերի հետ նման մոդելի առնչությանը:
Քրիստինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ