Լրահոս
Օրվա լրահոսը

Հայը՝ հային բարեկամ (պատմվածք)

Մարտ 24,2019 18:57

Փայլակը, ինչպես ամեն օր, առավոտյան նախաճաշից հետո, ուղևորվեց մոտակա զբոսայգի, քայլելով, կատարեց առաջին շրջապտույտը ճեմուղով, հոգնեց և ընտրելով հարմարավետ նստարաններից մեկը, որտեղ արևի ճառագայթները չէին թափանցում, նստեց հանգստանալու:

Սովորականի պես, նա ականջակալները միացրած բջջային հեռախոսին՝ ռադիոյով հաղորդվող ռիթմիկ երաժշտություն էր լսում:

Ամեն շաբաթը մեկ նա փոխում էր ռադիոկայանի ալիքը, որպեսզի չձանձրանա, սակայն  բոլոր ռադիոկայանները գրեթե միանման հիթային երաժշտություն էին հաղորդում, ընդհատելով դրանք ձանձրալի ու տափակ գովազդներով, բացառությամբ մի քանիսի: Երբ երաժշտությունը ընդհատվում էր և հերթը գովազդին էր հասնում, նա ականջակալները հանում և կախում էր կրծքին, մի որոշ ժամանակ հապաղում էր, ապա ենթադրելով, որ գովազդը ավարտված կլինի, նորից էր դրանք հագցնում ականջներին: Լինում էին պահեր, որ հաշվարկը ճիշտ չէր կատարում և ստպված էր լինում լսելու տաղտուկ ու անիմաստ գովազդային հոլովակի վերջնամասը: Ամբողջական ժամերին  էլ՝ լսում էր կարճատև լուրերը, որոնք ոչ բոլոր ռադիոկայաններն էին բարեխղճորեն հաղորդում:

Որոշ ժամանակ այդպես լուռ նստած լսում էր ռիթմիկ երաժշտությունը, մեկ-մեկ էլ ոտքերով կամ մարմնի այլ մասերով շարժումներ կատարում երաժշտության տակտին համապատասխան կամ նայում այգում անցուդարձ անողներին, մտքում եզրակացություններ անում:

Այդպես, տարված երաժշտությամբ, նստած էր Փայլակը նստարանին՝ կլանված երաժշտությամբ, երբ նրա նստարանին մոտեցավ մի բավականին բարձրահասակ, բայց արդեն կորացած, տարեց մի տղամարդ:

-Կարելի՞ է նստել Ձեր նստարանին,- հևասպառ հարցրեց տղամարդը՝ դիմելով Փայլակին:

-Խնդրեմ, խնդրեմ,- հանկարծակիի գալով՝ ասաց Փայլակը՝ տեղաշարժվելով դեպի աջ, կարծես թե տեղը չէր բավականացնելու անծանոթ տղամարդուն հարմարավետ տեղավորվելու համար:

Տղամարդը նստեց նստարանին, բայց շնչառությունը կարճ հապաղումներով ընդհատվում էր, ինչ-որ տարօրինակ ձայն հանելով, կարծես թե հիմա  հեևասպառ կարող է լինել:

-Դուք վա՞տ եք զգում Ձեզ,-հարցրեց Փայլակը անհանգստացած:

-Դե, սա սովորական բան է ինձ համար, մի անհանգստացեք, հիմա կկարգավորվի, աստիճաններով բարձրացա, դրանից էլ վիճակս մի փոքր վատացավ:

-Իսկ ի՞նչ խնդիր ունեք, կարո՞ղ եմ Ձեզ ինչ-որ բանով օգտակար լինել, շտապ օգնություն կանչե՞մ,- հարցրեց Փայլակը:

-Դատարկ բան է, ահա արդեն քսան տարի է, որ թոքերիս մի մասը վիրահատել, հեռացրել են, տուն էլ բարձրանալուց դժվարանում եմ, դիմացի բարձրահարկի չորրորդ հարկում եմ ապրում:

-Իսկ այսպիսի դեպքերի համար բժիշկները ի՞նչ խորհուրդ են տալիս, որևէ դեղամիջոց չե՞ն նշանակել:

-Լավ էլ հիշեցրեցիր,-ասաց տղամարդը ու պիջակի ձախ գրպանից դողացող ձեռքերով հանեց դեղ ցայտեցնող սարքը, դրեց բերանը, երկու անգամ սեղմեց գլանի ներքևի մասին՝ դեղը ցայտեցնելով դեպի կոկորդը, ապա սարքը նորից դրեց գրպանը:

Փայլակը մի փոքր սպասեց, միչև որ տղամարդի շնչառությունը տեղը եկավ, ապա հետաքրքրությունից դրդված հարցրեց.

-Քանի՞ տարեկան եք, որ քսան տարի էլ այս թոքերով եք ապրում:

-Ութսունհինգս այս տարի կլրանա:

-Հա, ես բավականին ջահել եմ ձեզանից,- փորձեց կատակել Փայլակը,- իմս ութսունչորսն է լրացել, իսկ որտեղացի՞ ես, եթե գաղտնիք չէ,-Փայլակն հնչեցրեց ավանդական հարցը, որը գրեթե միշտ էլ տալիս են հայերը, երբ զրուցում են անծանոթի հետ:

-Ադրբեջանից եմ գաղթել:

-Խորհրդայինի փլզումից հետո՞, թե՝ դրանից առաջ:

-Չէ, ավելի շուտ, վաթսունական թվականներին:

-Հիմա ու՞մ հետ ես ապրում:

-Կնոջս ու աղջկաս հետ, մի տղա էլ ունեմ, Լեհաստանում է ապրում, այնտեղ էլ ամուսնացել է լեհուհու հետ, տուն-տեղ դրել, թանկարժեք դեղերս էլ  ինքն է այնտեղից ուղարկում:

-Կնոջդ հետ հասակակիցնե՞ր եք, թե տարբերություն կա:

-Ես ութը տարով կնոջիցս մեծ եմ, բայց նա էլ արդեն առողջական խնդիրներ ունի, հինգ տարի առաջ էլ նրան վիրահատեցին: Դու քա՞նի երեխա ունես,- հանկարծ խոսակցության թեման փոխեց տղամարդը:

-Երեք տղա, մի աղջիկ:

-Հա՛, դու բավականին հարուստ ես երեխաներով,  թոշակի անցնելուց առաջ որտե՞ղ էիր աշխատում, կարծես թե ձեր դեմքը ինձ ծանոթ լինի,-շարունակեց տղամարդը:

-Գիտահետազոտական ինստիտուտի մոսկովյան մասնաճյուղում էի, Ձեր թաղամասում էր գտնվում այդ հիմնարկը:

-Դե, ասա Վարազդատին կճանաչես, էլի:

-Ոնց չեմ ճանաչի, մեր հիմնարկի գլխավոր հաշվապահն էր, Աստված հոգին լուսավորի, լավ մարդ էր, հեչ նման չէր ուրիշ հիմնարկների սառն ու չոր հաշվապահներին:

-Գիտեմ, որ մահացել է, ես էլ էի նրան շատ հավանում, իսկ նրա տեղակալ Արփենիկին ճանաչու՞մ  էիր:

-Իհարկե ճանաչում էի, շատ բարեսիրտ, վառվռուն բնավորությամբ ու ժպտերես կին էր:

-Ես Արփենիկի ամուսինն եմ:

-Ա՛յ քեզ բան, իմ անունն էլ Փայլակ է, երբ տուն գնաս, տիկնոջդ կասես, որ Փայլակը բարևում էր:

-Դու Փայլա՞կն ես,-զարմացած վրա բերեց տղամարդը,-Արփենիկը Ձեր մասին շատ է պատմել, գովական խոսքեր է Ձեր մասին շռայլել:

-Իննսունականներին, որ խորհրդային պետությունը փլուզվեց, մեր ինստիտուտն էլ լուծարվեց, ամեն մեկս մի կողմի վրա գնացինք աշխատանք ճարելու ու այդպես էլ մեր կոլեկտիվը քանդվեց, ինչպես շատ-շատ հոյակապ կոլեկտիվներ, այդ ժամանակներից սկսած մեր աշխատակիցներից գրեթե ոչ մեկին չեմ հանդիպում:

-Ես էլ շինարարական տրեստում եմ երկար տարիներ աշխատել, շատ բան եմ արել մեր քաղաքի համար:

-Անակնկալ հանդիպում էր, ես հիմա նորից հիշեցի իմ ռուս ընկերոջը, որը միշտ ասում էր.

Էս հայերը, որ մի տեղ պատահական հանդիպում ու զրույցի են բռնվում, վերջում կա՛մ բարեկամ են դուրս գալիս, կա՛մ ծանոթ, հետաքրքիր ազգ եք, իսկ ես նրան պատասխանում էի՝ դե, մի բուռ ազգ ենք մնացել, դրանից էլ այդպես է, մեկս մեկի բարեկամն է կամ խնամին:

Դեռ այս ջերմ զրույցը երկար կարող էր շարունակվել, բայց այգում զբոսնող զրուցակցիս հարևան տղամարդիկ մոտեցան նրան, բարևեցին և իրենց հետ էլ զրուցելով տուն տարան:

Երբ տարեց տղամարդը արդեն անհետացավ Փայլակի տեսադաշտից, նա տեղից վեր կացավ, վստահ լինելով, որ իր զրուցակցին այլևս վտանգ չի սպառնում, քանի որ գտնվում է ապահով ձեռքերում,  ականջակալները հագցրեց ականջներին, գրպանից հանեց  բջջային հեռախոսը, միացրեց նրան դեպի ներքև կախված լարը, ապա ընտրեց համապատասխան ռադիոալիքը ու երաժշտության հնչյունների տակ դանդաղորեն բռնեց տունդարձի ճանապարը:

 

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031