Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսականորեն անհրաժեշտ հանքանյութերը․ երբ պետք է փնտրել դրանք ոչ թե Մենդելեևի աղյուսակում, այլ սառնարանում

Մարտ 24,2019 23:00

Կենսագործունեության ընթացքում մարդու օրգանիզմում բազմաթիվ բարդագույն քիմիական ռեակցիաներ են տեղի ունենում, որոնցից մեկը նյութափոխանակությունն է՝ մետաբոլիզմը։

Նյութափոխանակության գործընթացում առողջության համար վնասակար թթվային նյութեր են առաջանում, որոնց չեզոքացման գործում մեծ ներդրում ունեն հանքանյութերը։ Միայն արյան բաղադրության անալիզի դիտարկումը բավարար է պատկերացնելու համար, թե ինչպիսի մեծ ազդեցություն ունեն հանքային աղերը մարդու առողջության վրա։

Դրանք առկա են բոլոր օրգաններում, օրգանիզմի տարբեր գեղձազատուկների բաղադրության մեջ։ Այսպես, քլոր պարունակող աղաթթուն ստամոքսահյութի հիմնանյութն է, իսկ արյան մակարդումն առանց կալցիումի մասնակցության պարզապես անհնարին է։

Հանքանյութերի դերը սննդում սկսեցին լրջորեն ուսումնասիրել միայն ХХ դ․-ի սկզբներից։

Սննդի հետ ստացվող հանքանյութերն, ի տարբերություն սպիտակուցների, ածխաջրերի ու ճարպերի, մարսողության գործընթացում քիմիական մշակման չենթարկվելով՝ անմիջականորեն արյան մեջ են ներթափանցում։ Եվ եթե մեր սննդում բացակայում են անհրաժեշտ հանքանյութերը, ապա տարբեր հիվանդությունների վտանգը նշանակալիորեն մեծանում է։

Եվ ամենևին նշանակություն չունի, թե որքանով է սնունդը «սննդարար»՝ հարուստ սպիտակուցներով, ճարպերով ու ածխաջրերով, առանց հանքային աղերի այդ սնունդը չի կարողանալու ապահովել մարդու լիարժեք առողջությունը։ Ընդ որում, համապատասխան հանքային միացություններ պարունակող հաբերը նույնպես չեն կարող համեմատվել սննդի հետ օրգանիզմ ներթափանցող հանքանյութերի օգտակարության հետ։

Քիմիական հիմնական տարրերը,  որոնք անհրաժեշտ են օրգանիզմի համար․ ո՞ր սննդատեսակներում են պարունակվում

Բրոմ– մարդու լյարդի, վահանաձև գեղձի, մակերիկամների ու եղունգների բաղադրության մեջ է մտնում։ Բրոմի սննդային աղբյուրը հիմնականում ծովային բույսերն են, ուտելի ջրիմուռները։

Երկաթ– արյան կարմիր գնդիկների հիմնական բաղադրամասն է։ Լյարդում մշտապես երկաթի պաշար կա, և երբ այս հանքանյութի պակաս է առաջանում, օրգանիզմը սկսում է օգտագործել իր պահեստային երկաթը։ Երկաթով հարուստ սննդատեսակներ են թրթնջուկը, սոխը, սպանախը, բազուկը, ծնեբեկը, բողկը, լոբին, սամիթը, մաղադանոսը, խնձորը և այլն։

Յոդ-ոչ մեծ քանակությամբ պարունակվում է վահանաձև գեղձի մեջ և կարևորագույն դեր ունի վերջինիս հորմոնների ձևավորման գործում։ Յոդով հարուստ են կանաչ ոլոռը, ընկույզը, ծնեբեկը, կաղամբը, սխտորը, հազարը, կարտոֆիլը, արքայախնձորը, խաղողը, տանձը։ Բավականին մեծ քանակով յոդ կա ծովակաղամբի կազմում։

Կալցիում-մարդու մարմնում գտնվող միացությունների 50 %-ից ավելին կալցիում է պարունակում։ Այս հանքանյութը մեծ քանակությամբ առկա է ոսկորների ու ատամների կազմում, արյան ու մկանների կարևորագույն տարրերից է։ Կալցիումով հարուստ են քունջութը, բրոկոլին, սպանախը, դդումը, քլորելա ջրիմուռը, բազուկի ցողունները, նեխուրը, մոշը, լոռամրգին, նուշը, բրազիլական ընկույզը, նարինջը և այլն։

Կալիում– ֆոսֆատի տեսքով առկա է մկանային հյուսվածքներում, մասնակցում է արյան կարմիր բջիջների ձևավորմանը, գլիկոգենի սինթեզին, սրտանոթային համակարգի կենսագործունեությանը։ Բուսական ծագման մթերքներից պարունակվում է լոլիկի, կաղամբի, հազարի, շաղգամի, թրթնջուկի, նեխուրի, վարունգի, սմբուկի, բազուկի, ձիթապտղի, հաղարջի, ծիրանի (հատկապես ծիրանաչրի), բանանի, ընդեղենի բաղադրությունում։

Սիլիցիում– պարունակվում է մկանային հյուսվածքների, մազերի, եղունգների, ենթաստամոքսային գեղձի, շարակցական հյուսվածքների, մաշկի կազմում։ Ֆտորի հետ մասնակցում է ատամների էմալի ձևավորմանը։ Սիլիցիումի սննդային հիմնական աղբյուրներն են հազարը, վայրի գազարը, ծնեբեկը, սոխը, բազուկը, ելակը, բալը, ծիրանը, ձմերուկը, խնձորը։ Սիլիցիումը մրգերի կեղևում, հացահատիկների թաղանթում է պարունակվում, այս պատճառով էլ կեղևազրկված մրգերը, սպիտակ ալյուրն ու սպիտակ՝ ողորկ բրինձը սիլիցիումի պարունակության տեսանկյունից անօգուտ են։

Լիթիում-քիչ քանակությամբ պարունակվում է մարդու մարմնի գրեթե բոլոր հատվածներում, հիմնականում՝ թոքերում։ Ենթադրվում է, որ այն անփոխարինելի է ալբումինի փոխանակության համար։ Լիթիումն առկա է որոշ հանքային ջրերում, ծովի աղի, լոլիկի, կարտոֆիլի, վարդազգիների բաղադրության մեջ։

Մագնեզիում (հիմնականում պարունակվում է մագնիումի ֆոսֆատի տեսքով)- ամրություն է հաղորդում ատամներին ու ոսկորներին։ Ատամներն ավելի շատ են մագնեզիում պարունակում, քան ոսկորները։ Մագնեզիումը նաև մասնակցում է արյան սպիտակուցի ձևավորմանը։ Մագնեզիումով հարուստ են լոլիկը, սամիթը, սպանախը, թրթնջուկը, կաղամբն ու վարունգը, բանանը, չամիչը, հունական ընկույզը։

Մանգան – արյան կարմիր բջիջների ու ներքին սեկրեցիայի գեղձերի բաղադրության մեջ է մտնում։ Առկա է մաղադանոսի, հունական ընկույզի, նուշի, շագանակի կազմում։

Պղինձ– ներառվում է լյարդի, լեղու ու արյան կազմում և անփոխարինելի է երկաթի յուրացման ու հեմոգլոբինի ձևավորման գործընթացում։ Պղնձով հարուստ են նեխուրը, հազարը, բազուկը, շաղգամը, դդումը, ոսպը, լոբին, եգիպտացորենը, բրինձը և այլն։

Մկնդեղ–  շատ քիչ քանակությամբ պարունակվում է մաշկի, մազերի, եղունգների, գլխուղեղի, վահանաձև գեղձի կազմում։ Սննդում պարունակվող մկնդեղը ոչ մի ընդհանուր բան չունի դեղատներում վաճառվող մկնդեղի հետ։ Մկնդեղը բավարար քանակությամբ առկա է մրգերի ու բանջարեղենի, ձվի դեղնուցի կազմում։

Նատրիում – քլորի հետ համադրությամբ արյան ու ավշի հիմնական տարրն է, այն նաև պարունակվում է թքի, լեղու բաղադրակազմում։ Նատրիումով հարուստ են նեխուրը, գազարը, բողկը, ելակը, խնձորը, ավոկադոն ու բանանը։

Նիկել – չափազանց փոքր քանակով պարունակվում է տարբեր օրգաններում, բայց ամենից շատ ենթաստամոքսային գեղձի ինսուլինի կազմում։ Օրգանիզմին անհրաժեշտ քանակով պարունակվում է մրգերի, բանջարեղենի ու հացակատիկներ բաղադրությունում։

Ծծումբ – գրեթե բոլոր սպիտակուցների կազմում առկա է։ Էրիթրոցիտներում մասնակցում է  օքսիդացման գործընթացներին։ Մեծ քանակով ծծումբ է պարունակում կաղամբը, լոռամրգին, ազնվամորին, հաղարջը, կաղինը։

Ցինկ – ֆոսֆորի հետ միասին կարևոր դեր է կատարում գլխուղեղի գործունեության մեջ։ Թեև օրգանիզմում փոքր քանակով է պարունակվում, շատ կարևոր տարր է նորմալ կենսագործունեության ապահովման տեսանկյունից։ Բավարար քանակով պարունակվում է թարմ մրգերի ու բանջարեղենի կազմում։

Ֆոսֆոր – մասնակցում է քիմիական բազմաթիվ  պրոցեսներին, անփոխարինելի տարր է գլխուղեղի, նյարդային համակարգի, ատամների ու ոսկորների համար։ Ֆոսֆորի հարուստ աղբյուր են դեղձը, կիտրոնը, սալորը, գետնանուշը, նուշը, հունական ընկույզը և այլն։

Ֆտոր– առկա է արյան, ատամների ու ոսկորների, աչքի ծիածանաթաղանթի բաղադրության մեջ։ Ֆտորով հարուստ են սխտորը, կարմիր կաղամբը, ձիթապտուղը։

Քլոր– մասնակցում է ստամոքսահյութի ձևավորմանը, մեծ քանակով առկա է արյան բաղադրակազմում։ Քլորով շատ հարուստ են լոլիկը, նեխուրը, ավոկադոն, արմավը, բանանը, չամիչը, կոկոսը։

Վերը նկարագրված տարրերը կարելի է բաժանել երկու խմբի՝

Թթուների առաջացման գործում մասնակցում են կալիումը, նատրիումը, կալցիումը, մագնեզիումը, երկաթը, մանգանը, պղինձը, լիթիումը, ցինկն ու նիկելը։

Հիմնային հանքանյութեր են համարվում ֆոսֆորը, ծծումբը, սիլիցիումը, քլորը, ֆտորը, յոդը, մկնդեղն ու բրոմը։

Ծանուցում․ նյութը կրում է ընդհանուր տեղեկատվական բնույթ և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։

 

Աղբյուրը՝ Հերբերտ Մաքգոլֆին Շելտոն․ «Կյանքն առողջության կանոններով․ առանձնացված սնունդը երկարակեցության հիմքն է»

Պատրաստեց՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031