Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 24-ին այցելել է Տավուշի մարզի Ենոքավան համայնք: Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Այցի շրջանակում վարչապետին է ներկայացվել «Ենոքավանի զարգացման ռազմավարություն 2025» նախագիծը, որի առանցքային ուղղությունը համայնքում զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտների զարգացումն է:
Ռազմավարությամբ ակնկալվում է Ենոքավանը դարձնել արկածային տուրիզմի կենտրոն և տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը ներկայիս 50 հազարի փոխարեն հասցնել 250 հազարի: Նախատեսվում է մինչ 2025 թվականը ներագրավել մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներդրումներ` ընդլայնելով զբոսաշրջային հանգրվանների թիվը, ստեղծելով նոր աշխատատեղեր:
Նշվել է, որ 2018 թվականի ընթացքում Ենոքավանում զբոսաշրջային ոլորտի շրջանառությունը կազմել է 1,5 դոլար. 2025–ին ակնկալվում է այդ թիվը հասցնել գրեթե 13 մլն դոլարի:
Տեղեկացվել է նաև, որ արդեն իսկ քայլեր են իրականացվում Ենոքավանի հողօգտագործման գլխավոր հատակագիծը մշակելու ուղղությամբ:
Վարչապետ Փաշինյանը ողջունել և կարևորել է ռազմավարության իրականացումը և նշել, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում օժանդակություն ցուցաբերել ռազմավարությամբ նախատեսվող ծրագրերի և ներդրումային նախագծերի իրականացման հետագա քայլերին:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ