Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես քո դասական ցավը տանեմ» – 2

Մարտ 24,2019 12:00

Թավշյա հեղափոխությունից անցել է համարյա մեկ տարի: Հեղափոխականներից ոմանք իշխանություն են դարձել, պաշտոններ են ստացել, պատգամավոր են դարձել, իսկ ոմանք էլ ոչինչ չեն ստացել և մնացել են ձեռնունայն: Որովհետև պաշտոններն ու պատգամավորական մանդատներն այնքան շատ չեն, որ բավականացնեն բոլոր հեղափոխական ակտիվիստներին:

Կյանքը ցույց է տվել, ցույց է տալիս և, կարծում եմ, առաջիկայում էլ ցույց կտա, որ հեղափոխության հաղթանակից հետո նոր իշխանություններին քննադատում և աբիժնիկ են դառնում հատկապես նրանք, ովքեր հեղափոխության ժամանակ բավական ակտիվություն են հանդես բերել, բայց հեղափոխության հաղթանակից հետո որևէ պաշտոն ու կոմպենսացիա չեն ստացել:

Այս իմաստով Նիկոլ Փաշինյանի բախտը որոշ չափով բերել է, քանի որ մեծ չէ էն մարդկանց քանակը, ովքեր ակտիվություն են հանդես բերել հեղափոխության առաջին իսկ օրվանից, և ընդամենը մի քանի տասնյակ մարդիկ են առաջին իսկ օրվանից մասնակցել «Իմ քայլին», և նրանց բոլորին էլ, փաստորեն, պաշտոն կամ պատգամավորական մանդատ հասել է, բայց էս ասածս չի նշանակում թե՝ էսօրվա դրությամբ հեղափոխական աբիժնիկներ չկան:

Կան, որովհետև հեղափոխության վերջին էտապում, երբ հեղափոխությունը քայլելով հասավ Հանրապետության հրապարակ, հեղափոխականների թիվը մեկից հարյուրապատկվեց և նույնիսկ հազարապատկվեց, և էս հարյուրավորների ու հազարավորների մեջ հաստատ կան աբիժնիկներ, որոնց պաշտոն չի հասել, և սա ընդամենը ենթադրություն չի, որովհետև անձամբ եմ ճանաչում երիտասարդների, ովքեր չափազանց ակտիվ հեղափոխականներ էին, բայց հիմա տրտնջում ու դժգոհում են նոր իշխանություններից, և սրանց մեջ կան այնպիսի ակտիվներ ու ագրեսիվներ, որոնց արդեն հանգիստ խղճով կարելի է հակահեղափոխականներ համարել, և սրանք այն անհաջող հեղափոխականներն են, ովքեր երբևէ չեն մտածում, որ իրենք, «դուխով» հեղափոխություն անելուց բացի, այս երկրի հանդեպ այլ պարտավորություններ ու պարտականություններ էլ ունեն, և չնայած «աբիժնիկը» հայերեն բառ չէ, մեծ տարածում ունի մեր քաղաքական բառապաշարի ու մեր իրականության մեջ, և շատ դեպքերում նախկին հեղափոխականների՝ «աբիժնիկ» դարձած այս տեսակը շատ ավելի թունդ ու ագրեսիվ հակահեղափոխական է դառնում, քան՝ հեղափոխության պատճառով իշխանությունը կորցրած «նախկին հանցավոր» ռեժիմի ներկայացուցիչն ու մարմնավորողը, և, ինչքան էլ տարօրինակ է, այս երկուսը կարող են նոր իշխանությունների ու Նոր Հայաստանի դեմ պայքարում լիովին համագործակցել, և սրանցից շատերը միանգամայն լուրջ ընդդիմություն են դառնում, ինչպես, ասենք, «Լուսավոր Հայաստանի» Էդմոն Մարուքյանը, ում Նոր Հայաստանի իշխանության մեջ համապատասխան բարձր պաշտոն չի հասել, չնայած Մարուքյանն ընդհանուր առմամբ պիտի որ գոհ լինի, որովհետև ինքն ու իր կուսակցությունն այն երեքից մեկն են, որոնք ներկայացնում են այժմյան Ազգային ժողովը, և այս առումով Մարուքյանի ու իր կուսակցության «աբիժնիկությունն» իրական ու իրատեսական չէ, չնայած նրանք արդեն Ազգային ժողովում միակ «դասական » ընդդիմություն լինելու լուրջ հայտ են ներկայացրել և այս իմաստով արդեն մեզ համոզում են, որ Ազգային ժողովում իրենց ընդդիմություն լինելն ավելի հավանական է, քան՝ «Բարգավաճ Հայաստանինը», բայց, էլի եմ կրկնում. Մարուքյանինն ու «Լուսավոր Հայաստանինն» աբիժնիկություն չէ, այլ՝ միանգամայն այլ բան. քաղաքագետներից ու վերլուծաբաններից շատերն էն գլխից գուշակում ու ենթադրում էին, որ եթե ընդդիմություն չլինի, իշխանության եկած ուժերն իրենց ներսից ընդդիմություն կառաջացնեն ու կգոյացնեն, և այդ իմաստով Մարուքյանի ու «Լուսավոր Հայաստանի» ընդդիմություն դառնալը նման մի բան է. արդեն կարելի է արձանագրել, որ ընդդիմություն դառնալու իմաստով «Լուսավորն» արդեն բավական առաջ է անցել «Բարգավաճից» և իսկապես «դասական» ընդդիմություն դառնալու ճանապարհն է բռնել, և չնայած քաղաքական վերլուծաբաններից ոմանք կարծիք են հայտնել, որ եթե Ազգային ժողովում իրական ու իսկական ընդդիմություն չլինի, իշխանությունն ամեն ինչ կանի, որ ընդդիմադիր այդ ուժը լինի ու գոյություն ունենա, այդուհանդերձ, չեմ մտածում, որ Մարուքյանենց Նիկոլենք արհեստականորեն են ընդդիմություն դարձնում, որովհետև «Լուսավորն» ու անձամբ Մարուքյանը եթե նույնիսկ ընդդիմություն են խաղում, ապա չափազանց բնական են խաղում, և եթե այսպես ու այս ոգով շարունակեն, մենք էլի կկրկնենք և կասենք, որ «Լուսավորն» ու Մարուքյանը միանգամայն «դասական» ընդդիմություն են:

 

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031