1882 թվականի մարտի 24-ին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարել է տուբերկուլոզի հարուցչի հայտնաբերման մասին։ Դրանից 111 տարի անց` 1993 թվականից ի վեր Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ մարտի 24-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր: Սա ևս մեկ առիթ է խոսելու տուբերկուլոզի ազդեցության մասին, ինչպես առանձին անհատի առողջությանը, այնպես էլ հասարակությանը և տնտեսությանը հասցրած նրա վնասների մասին:
Այս տարի մարտի 24-ը նշվում է «Արդեն ժամանակն է» կարգախոսով և շեշտադրում է տուբերկուլոզի համաճարակը կանգնեցնելու գործում արագ գործելու կարևորությունը: 2000 թվականից ի վեր, համատեղ գործադրված ջանքերի շնորհիվ, հաջողվել է աշխարհում փրկել 54 մլն կյանք և նվազեցնել տուբերկուլոզից մահացությունը 42%-ով:
Հայաստանը ևս այս գործում առաջատար է: Մեզ հաջողվել է տուբերկուլոզի դեմ պայքարում ներդնել ԱՀԿ կողմից առաջարկվող հիվանդակենտրոն մոտեցում, 2007 թվականի համեմատ ավելին քան 2 անգամ նվազեցնել հիվանդացությունը և 3 անգամ նվազեցնել մահացության ցուցանիշը: Տուբերկուլոզի ոլորտի ֆինանսավորման մեխանիզմի փոփոխության շնորհիվ հնարավոր է դարձել նաև խնայել առավել թանկարժեք համարվող ստացիոնար բուժմանն ուղղված ծախսերը և դրանք ուղղել հիվանդի համար առավել հասանելի համարվող առաջնային օղակ:
Տուբերկուլոզի դեմ պայքարում միշտ պետք է հիշել, թե որքան կարևոր է յուրաքանչյուրիս իրազեկ լինելը ժամանակին հիվանդությունը կանխելու և բուժման ընթացքում հետևողական լինելու համար:
Հայաստանում տուբերկուլոզային ծառայությունը տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ