Դեռևս փետրվար ամսին «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ. ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանդես են եկել նախաձեռնությամբ, և մարտի 23-ին մտադիր են Հայաստանի Հանրապետությունում իրականացնել հեղափոխական մասշտաբի շաբաթօրյակ:
Հայտարարությանը հետևեցին կոնկրետ գործողությունները, և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մարտի 23-ը հայտարարվեց համապետական մաքրության օր` «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը մեր բակն ու փողոցը, մեր շրջապատը մաքրելու լավագույն ձեռնարկներից է:
Շաբաթօրյակը կազմակերպած անցկացնելու նպատակով համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հանձնարարականով դեռևս մեկ ամիս առաջ քարտեզագրվել է համայնքի ողջ տարածքը` ըստ տեղամասերի, նշանակվել են պատասխանատուներ, իրականացվել է իրազեկման գործընթաց, ուղարկվել են ծանուցումներ` ըստ հատկացված տարածքների, նախապատրաստվել է համապատասխան տեխնիկա:
Ինչպես նշված էր համայնքի ղեկավարի ուղերձում, «մաքրությունը կենսակերպ դարձնելու գործում մենք ունենք բոլորիդ աջակցության կարիքը, կարևորում ենք յուրաքանչյուրիդ մասնակցությունը և սրտացավ վերաբերմունքը հարազատ բնակավայրի, փողոցի, բակի, շրջապատի նկատմամբ:
Դուրս եկեք բակ ու փողոց, ցուցաբերեք քաղաքացիական պատասխանատվություն` դառնալով քաղաքի սրտացավ տանտեր․ մեր քաղաքի բարեկարգ և ներկայանալի տեսքը ապահովվելու է ձեր ակտիվ և արդյունավետ մասնակցությամբ»:
Սևան համայնքը մարտի 23-ին ընդառաջ համագործակցային մեծ աշխատանք է իրականացրել նաև Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան բաժինների հետ:
Այսօր առավոտյան, չնայած եղանակային ոչ բարենապաստ պայմաններին, համայնքում գործող կրթական, առողջապահական հաստատությունների, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, համայնքապետարանի, ինչպես նաև մի շարք կազմակերպությունների և ընկերությունների աշխատակիցներ, տնտեսվարող սուբյեկտներ պարտաճանաչ ձևով կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը:
Սևանը դեռևս չի ազատվել ձյան կապանքներից, սակայն շաբաթօրյակի մասնակիցները փորձեցին հնարավորության սահմաններում ապահովել իրենց ամրացված տարածքների մաքրությունը:
Շաբաթօրյակին մասնակցեց 2000-ից ավելի մարդ, օգտագործվեցին մեծ քանակությամբ գործիքներ, 13 միավոր տեխնիկա, որի արդյունքում իրականացվեց մեծածավալ աշխատանք:
Հանրակրթական դպրոցների աշակերտները ևս աչքի ընկան իրենց ակտիվությամբ:
Շաբաթօրյակի աշխատանքները վերահսկում և համակարգում էր համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը` ընթացքում տալով համապատասխան հանձնարարականներ:
Շաբաթօրյակի աշխատանքներին հետևում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետարանի պատասխանատուները:
Շաբաթօրյակի աշխատանքները շարունակվում են: Մաքրության ընթացքում կուտակված աղբը տեղափոխվում է «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից:
Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, Սևանում մարտ ամիսը դեռևս անկայուն է եղանակային առումով: Մաքրության օրերն առավել նպատակային դարձնելու համար պետք է հայտարարվի միամսյակ, որը հնարավորություն կտա եղանակային պայմաններին համահունչ շաբաթօրյակ կազմակերպել առավել բարենպաստ պայմաններում:
Ինչևէ, մաքրությունը չի ավարտվում մեկ կամ մի քանի օրով, այն ամենօրյա գործընթաց է, որի իրականացումն ապահովվում է «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի միջոցով, իսկ բնակիչներն էլ մաքրությունը պետք է դարձնեն կենսակերպ նաև իրենց տուն ու բակից դուրս:
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ