Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ դո՛ւ, փրկության դուռը բախե՞լ ես (աբորիգենի աբսուրդ հուշերից)

Մարտ 23,2019 20:58

Քրիստոսի ծնունդից մոտավորապես 2018 տարի անց աբորիգենների երկրում աննախադեպ խռովության ալիք բարձրացավ, քանզի հավիտենական ստերն անգամ երբևէ բացահայտվում են՝ պիտանելիության ժամկետը սպառելով: Պետության բոլոր դռները բաց էին մարդկանց առաջ, բայց հարցը լուծում չէր գտնում ոչ մի կերպ, որովհետև համատարած մի բազմություն քար էր շպրտում երկնքի ուղղությամբ՝ Հիսուս Քրիստոսի փրկությունը պահանջելով: Նրանք միաբերան վանկարկում էին՝ Հի-սո՛ւս՝ վար-չա-պե՛տ, Հի-սո՛ւս՝ վար-չա-պե՛տ…  Արդարացի այս պահանջը ներկայացվում էր քաղաքակիրթ ձևով: Նրանք տատ ու պապերի սնդուկներից հանել էին բազմաթիվ աղոթագրքեր, որոնք հոգևոր հայրերի ձեռքով էին գրվել, ու վկայում էին անբեկանելի ճշմարտությունն առ այն, որ Հիսուս Քրիստոսը մարդկության փրկիչն է ու կվերադառնա երբևէ:

– Ախր Տերն ինքն է խոստացել,- ողբում էր հավատացյալ հոտը, որ շատ նեղ կացության մեջ էր: Մի կողմից՝ Տերն արդեն 2018 տարի ոչ մի մարդու չէր փրկել ու չէր վերադարձել, մյուս կողմից՝ անտաշ աբորիգենների այս բանակը, որ պահանջում էր Քրիստոսի անհապաղ վերադարձը՝ վարչապետի պորտֆելն ընդունելու պայմանով:

– Մեր պապերն ու նրանց ապուպապերն էլ էին վկայում, թե Տերն ինքը խոստացավ, որ շուտով կգա, որպեսզի փրկի մեզ ու մեր հոգիները մեղսավոր,- բղավում էին աբորիգենները, որ նաև ժողովուրդ կարող են կոչվել,-  բայց՝ ի՞նչ: Չկան հավիտենական ստեր, ու աստվածային այս խոստումն արդեն սպառել է պիտանելիության ժամկետը:  Հի-սո՛ւս՝ վար-չա-պե՛տ, Հի-սո՛ւս՝ վար-չա-պե՛տ:

– Լսեք ինձ,- ամբոխին դիմելով ու հագուստները պատառոտելով՝ հեկեկաց ամենայն աբորիգենաց կաթողիկոսը: Արցունքները հոսում էին հորդ գետերի պես: Իրականում, 45 րոպե սոխ էր կտրատել բեմ դուրս գալուց առաջ:- Կրկնում եմ, սիրելի ժողովուրդ, լսեք ինձ: Ես, որ ձեր հոգևոր առաջնորդն եմ ու ամեն օր սակարկում եմ երկնային իշխանությունների հետ, որպեսզի ձեր հոգիները լա՛վ գնով գնան դրախտ,  ես հիմա չեմ հասկանում, թե ձեր ուզածն ինչ է: Եթե պահանջում եք, որ Հիսուս Քրիստոսը մեր վարչապետը լինի, ուրեմն հավատում եք, որ նա՛ է համայն մարդկության փրկիչը: Տվյալ դեպքում՝ մեր փրկիչը, որովհետև, հիշեցնե՛մ, մենք էլ մարդ կոչվելու իրավունք ունենք: Իսկ եթե կասկածի տակ եք դնում Տիրոջ փրկարար զորությունը (911), որ նա անպայման կկիրառի ապագայում, ապա պիտի ասեմ, որ նա ոչ մի դեպքում չի կարող լինել վարչապետն այն ժողովրդի, որ ժխտում է նրա հնարավորությունները՝ երեսը չտեսած: Բա եղա՞վ:

Ծանր խոսքեր են, ճի՞շտ է: Սա լսելով, ոմն կինոռեժիսոր հացադուլ հայտարարեց, որովհետև չէր հասկանում, թե քաղաքական ո՛ր գիծը պիտի զարգանա ֆիլմում: «Ամենալավը՝ որ ես մեռնեմ»,- եզրակացրեց կինոռեժիսորն ու իր հացը բաժանեց աղքատներին, իսկ վերջին շապիկով կատարյալ մի խրտվիլակ պատրաստեց: Ու հիմա նստած էր կիսամերկ, խրտվիլակի շվաքում, մանկության վարտիքը հագին ու փորձում էր հոգին վաճառել:

– Եղբայր, խելքդ հացի հե՞տ ես կերել,- կշտամբում էին հարուստ քաղաքացիները:

– Հասկանում ենք, հասկանում ենք, որ արվեստը զոհեր է պահանջում,- ծանր ու մեծ բլթացնում էին այլոք՝ գլուխները պատմամշակութային օջախների պատերին խփելով:

– Ի՞նչ եք ասում, է՜,- ինքն իրեն ճղում էր բազմաֆունկցիոնալ մի արարած, որ նավաշինության դոկտոր էր, իգական սեռի ներկայացուցիչ, արվեստագիտության դոցենտ, նուրբ բրդյա թելեր մշակող բանվորուհի, գրող-հրապարակախոս-վերլուծաբան, և այս ամենը՝ ի ծնե, ինչպես նաև՝ ցմահ:- Խո՞ւլ եք, չեք հասկանո՞ւմ խոսքս,- կրկին բղավեց կինը՝ գրպանից մուրճ ու մանգաղ հանելով,- մի կտոր միս չկա՞, գցեք առաջը, էլի՜…

Առավել զգուշավորները երշիկ, խորոված ու քաղցրավենիք էին ցուցադրում հեռվից՝ հետևելով «արգելված պտուղը քաղցր է» կարգախոսին: Խեղճ մարդու թուքը հոսում էր կզակի վրայով, իսկ հոգին չէր վաճառվում ոչ մի կերպ: Գնորդ չկար ո՛չ երկրի վրա, ո՛չ էլ  երկնքում: Այստեղ պիտի ասեմ, որ իշխանամոլության ալիքը գնալով աճում էր՝ համազգային խելահեղության վերածվելով: Եվ ահա, ամենայն աբորիգենաց կաթողիկոսը ևս մի անգամ մտաբերեց իր հոտին:

– Լսեք ինձ,- կրկին պահանջեց կաթողիկոսը, քանզի սկլերոզ ուներ ու ոչ մի կերպ չէր կարողանում հիշել. նախորդ անգամ, երբ ելույթ էր ունենում՝ լսե՞լ էին, թե ոչ:- Ամբողջ գիշեր պառկել էի լոբու հատիկների վրա: Փողերս էին, հետո՝ ներքնակս, իսկ ներքնակի վրա երկու պարկ Գորիսի լոբի էի լցրել ու պառկել էի, որ մարմինս տանջեմ, իսկ հոգիս արթուն լինի՝ Տիրոջ ձայնին սպասելու պատրաստակամությամբ: Եվ Տերը 0 ժամ 47 րոպեին հիշեց ինձ:

– Փա՜ռք, փա՜ռք Տիրոջը,- վհատվեց հավատացյալ հոտը:

– Չենք հավատում,- էլ ավելի բարձր վհատվեցին որոշ անկիրթ աբորիգեններ:

– Ահա թե ինչ ասաց Տերը,- շարունակեց կաթողիկոսը՝ յոթ հարկանի օրհնություն շպրտելով:- Հիսուսն ասաց. «Ինձանից առաջ հոգևոր հիվանդանոց հիմնադրեք ձեր երկրում, որ իմ ծառաները մարդ-մուրդ փրկեն, մինչև որ ինքս կժամանեմ»: Հասկանո՞ւմ եք, ա՛յ ոչխարներ: Ոչ մեկդ չի կորչի: Չուզենաք էլ՝ զոռով ենք փրկելու:

Անցան մշուշոտ տարիներ:

– Ը՜ը՜ը՜ը՜, բարև ձեզ:

– Բարևն Աստծունն է, դո՛ւստր, համեցիր անվարան: Ի՞նչ ցավ ունես, ասա առանց կաշկանդվելու:

– Ուզում էի ճշտել… Հոգևոր ստենդավորումը ի՞նչ կարժենա:

– Աշխարհում, դուստր, թանկ է, բայց մենք կես գնով ենք վիրահատում՝ ողորմածության մասին հիշելով:

– Իսկ կբացատրե՞ք, թե ձեր հիվանդանոցում ի՛նչ եղանակով է իրականանում սույն վիրահատությունը:

– Իհարկե, դուստր: Չէ՞ որ Տերն ինքն ասաց. չկա ծածուկ մի բան, որ չբացահայտվի: Ստենդավորում ենք՝ սրտամկանի մեջ աղոթքի զսպանակ տեղադրելով: Հավիտյանս հավիտենից ամեն:

– Իսկ քաղցկեղ, քաղցկեղ բուժո՞ւմ եք,- հետաքրքրվում էին քաղցկեղով առողջները՝ Սուրբ բժշկության կենտրոնի դռները կոտրելով:

– Իսկ՝ թո՞ւթք: Արդեն վեց տարի կա՛մ կանգնած եմ, կա՛մ պառկած: Երթուղային տաքսիներում էլ պպզում եմ:

Չեմ կարող չասել, որ որոշ հիվանդներ իրոք բուժվում էին հրաշքի մեթոդով: Ոմանք էլ փրկության դուռն էին գնում ոտքերն առաջ, բայց դռան ետևից կասկածելի ինչ-որ հրեշտակներ հիշեցնում էին, որ Տերը դեռ չի կարող ժամանել, քանզի երկնքի քաղաքապետարանում չեն կարողանում երթուղային տաքսիների հարցը կարգավորել:

Թող Քո կամքը լինի՝ ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա:

Բայց սա ուրիշ թեմա է:

– Հիմա մենք ի՞նչ անենք,- հրճվում էին նրանք, ովքեր հույս չունեին այլևս:

– Ա՜խ,- հառաչում էին հավատով ապրողները՝ սուրբ գրքերից մեջբերումներ կատարելով ու չտեսնված հիմարություններ ավելացնելով Վերին իմաստությանը:

Իսկ պնդաճակատ անհասկացողները օր ու գիշեր փողոց էին փակում՝ շարունակ վանկարկելով՝   ՝ Հի-սո՛ւս՝ վար-չա-պե՛տ, Հի-սո՛ւս՝ վար-չա-պե՛տ…

Ամբողջ այս պատմությունը գրվել է որպես հիշեցում առ այն, որ  հավիտենական ստերն անգամ երբևէ բացահայտվում են՝ պիտանելիության ժամկետը սպառելով:

 

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031