Այսօր «Էրեբունի պլազայում» Հայկական ռեստորանների միության հիմնադիր ժողովն էր, որտեղ քննարկվեցին պետություն-ռեստորանային բիզնես փոխշահավետ ուղիներ գտնելու միջոցները, ռետորանային հյուրընկալության եւ սպասարկման ոլորտի զարգացման խնդիրները, ինչպես Հայաստանում գաստրոնոմիկ զբոսաշրջությունը գրավիչ դարձնել եւ մի շարք այլ հարցեր:
Այս միությունն իր գործունեությունը սկսել է 2018 թվականից:
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախկին փոխնախարար Հակոբ Ավագյանն իր ելույթում ասաց․ «Եթե ստեղծվում է նման հզոր կառույց, ցանկացած պետական գործիչ այլընտրանք չունի, քան երկխոսել ինստիտուտի հետ»:
«Երեմյան Փրոջեքս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն իր ելույթում նշեց մի քանի խնդիրներ. «1-ինը՝ պետական կառույցների հետ ճիշտ աշխատելը: Մենք պետք է ներկայանանք ոչ միայն հարկատու եւ ոչ միայն գործատու, այլ նաեւ կարողանանք ներկայացնել, թե երկրի համար ինչ մեծ ներդրում ունենք, եւ ինչ մեծ ներդրումներ ենք անում: Զարգացնում ենք տուրիզմը: Մենք շատ մեծ զարկ տվեցինք գինեգործությանը: Այսօր բուտիկ-ռեստորոններն ու բուտիկ-գինետները հետաքրքիր են ներկայանում հյուրերին, եւ մեր գինու համբավը կարողացանք տարածել աշխարհում, սա էլի մեր ոլորտի աշխատանքի շնորհիվ է»:
Երեմյանն անդրադառնալով այս ոլորտում աշխատողներին՝ նկատեց՝ սպասարկողներին չպետք է դիտարկել միայն տանող-բերողներ, նրանք այն մարդիկ են, որոնք ռեստորանում մթնոլորտ են ստեղծում. «Խոհարարի ստեղծածը, այն միտքը, որը դրվում է ուտեստի մեջ, դա ներկայացնողը հենց սպասարկողն է։ Խոհարարին որպես եփող-թափողի մոտեցումը չպետք է լինի, պետք է կարողանանք իրենց արժանավայել ներկայացնել»:
Երեմյանի կարծիքով՝ այս ոլորտում ներգրավվածներն իրար որպես մրցակից չպետք է դիտարկեն, այլ՝ աջակից:
Մանրամասն՝ տեսանյութում
«Մենք ոչ մեկս իրավունք չունենք մեր ռեստորանից դժգոհ հաճախորդ բաց թողնել: Եթե դժգոհ է հեռանում, մանավանդ, որ քաղաքի հյուրն է, դա նշանակում է, որ դժգոհ է գնում մեր քաղաքից, դա նշանակում է՝ դժգոհ է գնում մեր երկրից: Իսկ դրա իրավունքը մենք չունենք»,- ասաց Երեմյանը: Նա ասաց, որ շատ կուզենար ռեստորանատերերը մի պարտականություն վերցնեն իրենց վրա՝ լինել առաջատարը տարածաշրջանում:
Մանրամասն՝ տեսանյութում
Երեմյանը նաեւ նշեց՝ հայկական բնական մթերքները, մեր խոհարարների միտքն ունեն առավելություն, ուղղակի խնդիր կա ներկայանալու, եւ այլ երկրներում կազմակերպվող միջոցառումներին ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները պարտավոր են ներկա լինել:
Լոռու մարզի Ախթալայում գործող «Նուռիկ» զբոսաշրջային կենտրոնի ղեկավար Վազգեն Խաչիկյանն էլ Դանիայի ռեստորաններից մեկի օրինակը բերեոց, որը 6 անգամ ճանաչվել է աշխարհում լավագույնը ու դրա շնորհիվ Դանիայում զբոսաշրջության ծավալը աճել է: Ըստ Խաչիկյանի, Հայաստանում կա հնարավորություն զարգացնելու գաստրոնոմիկ զբոսաշրջությունը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ