Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարապետ Լիվիո Սակկին նշել է՝ տարածքային զարգացման ու կյանքի որակի տարբերությունները Հայաստանում ակնհայտ են

Մարտ 23,2019 16:54

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ընդունել է «Իտալիայի ճարտարապետների, նախագծողների, լանդշաֆտային ճարտարապետների և վերականգնողների ազգային խորհրդի» ներկայացուցիչ, ճարտարապետ Լիվիո Սակկին, որը Հայաստանում մասնակցում է այս օրերին Իտալական դիզայնի օրվա շրջանակում անցկացվող միջոցառումներին:

Դրանց շրջանակներում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացվել էին «Խելացի քաղաք» խորագրով դասախոսություններ:

Լիվիո Սակկին, բարձր գնահատելով միջոցառումների կազմակերպվածությունը, նշել է, որ դրանք առավել սերտ են ընդգծել Հայաստանի և Իտալիայի համապատասխան ոլորտների, ինչպես նաև ճարտարապետական դպրոցների միջև առկա համագործակցությունը: Նա պատմել է Իտալիայի ճարտարապետական տարբեր կառույցների և իրենց կառավարության միջև հաստատված կապերի մասին՝ տեղեկություններ հաղորդելով մասնագիտական հանրության այսօրվա անելիքներից և խնդրիներից:

«Դեպքերը զարգացել են այնպես, որ երբեմնի հզոր Հայաստանից մնացել է մի փոքրիկ մասնիկ, սակայն մեր տարածաշրջանում գտնվող պետությունները ողողված են հայկական ճարտարապետական հուշարձաններով: Դրանք մեր քաղաքակրթության քարե վկաներն են: Բազմաթիվ հուշարձաններ, հնամենի պատմություն ունեցող քաղաքներ գտնվում են նաև մեր պետության տարածքում»,- ասել է Վահագն Վերմիշյանը՝ նշելով, որ դրանք պահպանելու, համայնքները զարգացնելու հարցում տեխնոլոգիաների և փորձառության մասով օգնության կարիք կա:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը խոսել է մեր երկրի տարածքային համամասնական զարգացման կարևորության մասին: Իտալացի գործընկերը համաձայնել է՝ տարածքային զարգացման ու կյանքի որակի տարբերությունները հանրապետության տարածաշրջաններում ակնհայտ են և դրանք պետք է մեղմել:

Բազմաթիվ անելիքներ կան նաև խոշոր քաղաքներում․ Լիվիո Սակկին նշել է, որ Իտալիայում ևս ժամանակին շատ սխալներ են արվել, քաղաքների պատմական կենտրոնները պահպանվել, սակայն արվարձաններն անտեսվել են: Իրենք սովորել են սեփական սխալների վրա:

Ուշագրավ առաջարկ է արել Վահագն Վերմիշյանը՝ իտալացի մասնագետները կարող են որոշակի ժամանակահատված ապրել հին պատմություն ունեցող հայկական համայնքներում, ուսումնասիրել մշակույթը, առանձնահատկությունները և ներկայացնել տվյալ համայնքի զարգացման իրենց պատկերացումները:

«Հայաստանի սիրտը բաց է, ովքեր լավ գաղափարներով կգան, նրանք տեղ կգտնեն այնտեղ»,- ասել է Վահագն Վերմիշյանը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են մշտական կապ պահպանել՝ համագործակցության հետագա քայլերը որոշելու նպատակով:

 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031