Ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակվել է տոն «Քաղաքացու օր»՝ պայմանավորված նախորդ տարվա մարտ-ապրիլյան հեղափոխության իրադարձություններով:
Այս տոնի առնչությամբ կարծիքներ են հնչել, թե պետք չէ այդ օրը վեր դասել անկախության տոնից, եւ ճիշտ չէ ՀՀ 3-րդ նախագահի հրաժարականի հետ այն կապել: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որն այսօր մասնակցում էր Օղակաձեւ այգու մի հատվածի մաքրությանը՝ շաբաթօրյակին, ասաց. «Սերժ Սարգսյանի հրաժարականն ընդամենը այդ ամբողջ դրսեւորման մեջ մի դրվագ է: Այսինքն՝ սա ի՞նչ է նշանակում՝ քաղաքացին շատ բարձր կոչում է, քաղաքացին դա ազատ, անկախ անհատն է, որն ինքն է որոշում իր ապրելու ձեւը: Մենք որոշել ենք որ դա լինի շաբաթ օրը: Ժամանակը ցույց կտա ինչքանով դա կարմատավորվի: Ընդ որում մենք պետք է համազգային, կառնավալի նման մի բան կազմակերպենք, ուրախանանք»:
Aravot.am-ի հարցին՝ արդյո՞ք հանրային պահանջ կա նման տոն ունենալու, եւ ինչպե՞ս են չափել՝ դրա անհարաժեշտությունը կա՞, Աղազարյանը պատասխանեց. «Մենք ոչ թե չափել ենք, մենք կարեւորել ենք, իսկ պահանջն արդեն կերեւա, թե հասարակությունն ինչպես կարձագանքի դրան, որ մենք նմանատիպ միջոցառում ունենանք»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ