Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի իրադարձությունների ազդեցությունն իրանահայ հասարակության վրա․ մաս 1

Մարտ 23,2019 16:02

2018 թ.-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա ոչ բռնի հեղափոխության ալիքները չէր կարող չազդել աշխարհասփյուռ հայության, առանձնապես Հայաստանի անմիջական և ամենամոտ համայնքը համարվող՝ իրանահայության հասարակական կյանքի վրա:

Դրա վառ ապացույցը եղավ փետրվարի 27-ի երեկոյան, Հայաստանի Հանրապետության վարչապետ` Նիկոլ Փաշինյանի  հանդիպումը  թեհրանահայ, իսկ հաջորդ օրն Սպահանի հայ համայնքի հետ:

Հատկանշական է, որ ՀՀ վարչապետի այցն Իրան կարևորվում է Հայ-իրանական հարաբերություններում նոր որակ մտցնելու և երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքում հիմնավորված շատ լուրջ քաղաքական  և տնտեսական կուրսի մեկնարկը:

Իրանի նախագահը եւ ՀՀ վարչապետը կարեւորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը հատկապես տնտեսության, տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում:

ՀՀ վարչապետը կարեւորել է Իրանի եւ Հայաստանի միջեւ էներգետիկ ոլորտում համագործակցությունը եւ ասել. «Էներգետիկայի և իրանական գազի տարանցման ոլորտում համագործակցությունը կարեւոր է մեզ համար»: Իսկ  Իրանի նախագահն ասել է, որ Իրանը պատրաստ է ավելացնել գազի արտահանման ծավալը  դեպի Հայաստան:

Այս բոլորի համատեքստում, սակայն անչափ կարևոր է երկկողմ հարաբերություններում հաշվի առնել առկա ներդրումային և փոքր ու միջին բիզնեսին զարկ տալու և միջպետական համաձայնագրերն ու ստորագրված հուշագրերը կյանքի կոչելու անհրաժեշտությունը: Այս ամբողջ գործընթացը պահանջում է երկու պետությունների միջև հետևողական ջանքերի և բիզնես ու գործարարական միջավայր ստեղծելու նպաստավոր պայմանները:

Հետևաբար կարևոր է մասնավորապես ուշադրություն դարձել Իրանի հայ համայնքի ֆինանսական և մարդկային ներուժն օգտագործելու հնարավրություններին, որը սակայն մինչ այժմ մասամբ անտեսվել է Հայաստանի և Իրանի իշխանությունների և առևտրական ինիստիտուտների կողմից, և կամ այն հանձնվել է անհատական նախաձեռնությունների պատահականության, որը հաճախ հանգել է ձախողման կամ ոչ արդյունավետ փորձերի:

Այս առումով պետք է ուշադրության հանձնել.

Հայաստանի անկախացումից ի վեր Իրանի հայ համայնքի գործարարներն անվերջ ձգտել են Հայաստանի հետ տնտեսական կապեր հաստատելով օգնել Հայաստանի տնտեսական զարգացմանը, սակայն այդ փորձերը կատարվել են անհատական նախաձեռնությամբ, որոնք հազվադեպ դեպքերում են հանգել ցանկացած արդյունքների:

Իրանահայ համայնքի հասարակական կառուցվածքը բաղկացած է ընդհանրապես արհեստավորներից և արդյունաբերական բաժնում աշխատող մասնագետներից: Իրանում հայերն առհասարակ հայտնի են որպես լավ արհեստավորներ տարբեր արդյունաբերական ոլորտներում: Իրանի հայ երիտասարդներն ընդհանրապես փորձում են աշխատանքի անցնել արդյունաբերական և ծանր ու թեթև տեխնոլոգիաների ոլորտներում և արհեստանոցներում:

Իրանի հայ համայնքի երիտասարդները ևս փորձում են իրենց բարձրագույն ուսումը շարունակել IT  տեխնոլոգիաների տարբեր ճյուղերում կամ բժշկական, բիզինեսի, օտար լեզուների, ճարտարագիտության և ճարտարապետության համալսարանական ճյուղերում:

Իրանահայ երիտասարդների մի զգալի մասը նաև մեծ ցանկություն ունի իր բարձրագույն  ուսումը շարունակել Հայաստանի համալսարաններում, հատկապես օտար լեզուների, կոնսերվատորիայի, արվեստի, բժշկության և IT տեխնոլոգիաների ճյուղերում: Կան նաև իրանցի երիտասարդներ, որոնք փորձում են իրենց ուսումը շարունակել կամ լրացնել Հայստանում:

Հատկանշական է, որ Իրանի հայ համայնքի արհեստավորները, գործարարները, բժիշկները, համալսարանի դասախոսները, ուսանողները, աշակերտները և առհասարակ համայնքի բոլոր խավերը ամենօրյա շփման ու հարաբերության մեջ են իրանցի հայրենակիցների հետ, ինչը օգնում է Հայաստանը ծանոթացնել Իրանի քաղաքացիներին, իսկ ամեն տարի հենց այս շփումների արդյունքում հազարավոր իրանցի զբոսաշրջիկներ այցելում են Հայաստան և մեծ մասամբ խորը տպավորությամբ վերադառնում են Իրան: Սա բացառիկ առիթ է ստեղծում Հայաստանի համար զբոսաշրջության ոլորտում առավել ընդլայնել համագործակցություններն Իրանի հետ: Հատկանշական է, որ Հայաստանի տուրիստական ընկերությունների օֆիսներում զգալիորեն բացակայում է պարսկերեն լեզվով քարտեզները և տուրիստական բրոշյուրները:

Իրանահայ համայնքի գործարարները Հայաստանում ներդրում անելու համար կարիք ունեն փորձագիտական խորհրդատվության թե՛ Հայաստանում և թե՛ Իրանում: Ցավոք, չկա նման մասնագիտական խորհրդատվական ծառայություն և հաճախ իրանահայ գործարարները մոլորության են մատնվում բիզնես և ներդրումային որոշումներ կայացնելու գործում: Սա հանգում է գործարարների էներգիայի և ֆինանսի սպառմանը, անարդյունավետ բիզնես գործարքներում: Հատկանշական է, որ անփորձ հայ գործարարներին դիմող իրանցի ներդրողները ևս չեն կարողանում արժեքավոր խորհուրդ և ուղղություն ստանալ հայ գործընկերներից, և սա հանգեցնում է քաոսային դրության, որի ականատեսն ենք Իրան-Հայաստան մանր և միջին բիզնեսի շուկայում:

Իրանում տիրող տնտեսական ծանր պայմանները և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված շրջափակումները խորը ազդեցություն են թողել իրանցիների վրա: Հայ համայնքը փաստորեն հուսալքված վիճակում է հայտնվել և արտադրամասերը մեծ վնասներ են կրում շրջափակումների հետևանքով: Ամեն օր Իրանում փակվում են մի քանի արտադրամասեր, արհեստանոցներ և փոքր արդյունաբերական գործարաններ: Հայ արհեստավորների, գործարարների և արտադրամասերի սեփականատերերի մի զգալի մասն իր հույսը կապել է հայերնադարձության հնարավորության և Հայաստանում սեփական բիզնեսը և աշխատանքը շարունակելու հեռանկարի վրա: Սակայն, ինֆորմացիայի և մասնագիտական խորհրդատվական ինիստիտուտների բացակայության դեպքում նրանք չգիտեն Հայաստանի ո՞ր քաղաքում կամ արդյունաբերական ի՞նչ բաժնում կարող են շարունակել իրենց աշխատանքը:

Սա բացառիկ առիթ է Հայաստանի համար Իրանում ստեղծված իրավիճակն օգտագործել իրանահայ համայնքի կապիտալը, մասնագիտական ուժը, արդյունաբերական հնարավորությունները ներգրավելու՝ Հայաստանի տնտեսական և արդյունաբերական կյանքը զարգացնելու համար:

Հայաստանի կառավարությունը պետք է օրենքով պաշտպանի սփյուռքահայ և իրանահայ գործարարների ֆինանսական անվտանգությունը և հնարավորություն ստեղծի նրանց համար ազատ ու հուսալի գործունեությունը շարունակել հայրենիքում: Ցավոք այս բաժնում իրոք չկա անհրաժեշտ կամք ու վճռականություն Հայաստանի իշխանությունների և հասարակության մոտ:

Մյուս կողմից իրանահայ համայնքում դեռ շարունակվում են սառը պատերազմի շրջանից մնացած աջակողմյան և ձախակողմյան քաղաքական մանր և խոշոր խմբակցությանների վեճերը, որոնք առանձնապես ուժ չեն ներկայացնում և անընդհատ հակադրվում ու խոչընդոտ են հարուցում համայնքի մշակութային և հասարակական և ամենակարևորը տնտեսական կյանքի բարգավաճման համար: Կուսակցությունների հնացած գործելակերպը և հետադիմական գաղափարները և նրանց միջև շարունակվող  անարժեք ու հասարակ  վեճերն ու ապարդյուն մրցակցությունն ու հակառակությունները քայքայել ու անվերադարձ վնասներ են հասցրել իրանահայ համայքի հասարակական կյանքին, և հասարակության հանրային կարծիքն էլ այսպես թե՛ այնպես ազդված է հակադիր կողմերի գաղափարական պրոպագանդայից: Սա իրոք վնասում է համայնքային առողջ կյանքի ձևավորմանը:

Երկրում տիրող գաղափարախոսությունը և համայնքային կյանքում առկա վարչական բազում թերությունները իրանահայ համայնքին հասցրել են հուսալքման ու ինքնությունը կորցնելու վտանգի եզրին, սակայն դա հնարավոր է ուղղել Հայաստանի հետ համայնքի կապերի և  հարաբերությունների ամրագրման միջոցով, որն ահռելի աշխատանք ու ներուժ է պահանջում: Սակայն, այդ առումով կա հոգեբանական մթնոլորտ, որի մասին պետք է մտածել երկուստեք խորհրդակցությամբ և համատեղ ջանքերով և հանգել ցանկացած արդյունքի, իսկ դա անկասկած կնպաստի Հայաստանի առևտրական, տնտեսական և արդյունաբերական զարգացման հեռահար նպատակների իրականացմանը հայրենադարձության ռազմավարության պլանի ձևավորմամբ: Այս ռազմավարության մշակման խորքում պետք է նկատի առնել, որ Իրանի հայ համայնքը մարդկային ռեսուրսներով և կապիտալով ունի շատ մեծ պոտենցիալ տնտեսական ներդրում անելու Հայաստանում:

 

Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ
ԼՐԱԳՐՈՂ, ԹԵՀՐԱՆ

Նկարում՝ Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքը Արաքսի ափին (Իրան)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031