Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գյումրին սովորական քաղաք չէ, աշխարհում շատ այսպիսի գեղեցիկ քաղաքներ չկան»․ Արմեն Սարգսյան

Մարտ 23,2019 14:38

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 22-ին հերթական անգամ այցելել է Գյումրի: Նախագահի այցը, ավանդույթի համաձայն, կրկին ոչ պաշտոնական է եղել:

Գյումրիի փողոցներով քայլող Հանրապետության նախագահին հանդիպած լրագրողի հարցմանը, թե ինչով է պայմանավորված նրա այցը՝ նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Ինձ համար Գյումրին տուն է, ես տուն եմ եկել, և դրա համար որևէ հատուկ պայմանավորվածություն պետք չէ»:

Հանրապետության նախագահը շրջել է Գյումրիի պատմական կենտրոնով, զրուցել իրեն հանդիպած քաղաքացիների հետ, ծանոթացել փողոցներում իրականացվող շինարարական աշխատանքներին:

Գյումրիի Աբովյան փողոցում նախագահ Սարգսյանը պատահաբար ականատես է դարձել նկարահանվող նոր ֆիլմի աշխատանքներին: Նախագահը հետաքրքրվել է ֆիլմի պատմությամբ, նրան հատկապես շատ են դուր եկել ֆիլմի դրվագներից մեկում նկարահանվող փոքրիկ Անին ու Մանվելը: Նախագահը մոտեցել է երեխաներին և զրուցել նրանց ու ֆիլմի ստեղծագործական կազմի ներկայացուցիչների հետ: Նախագահ Սարգսյանի առաջարկությամբ, զրույցը շարունակվել է նկարահանման հրապարակի հարևանությամբ գտնվող «Արեգակ» ներառական փուռ-սրճարանում: Սա Գյումրիում Արմեն Սարգսյանի սիրած վայրերից է, ուր նախագահը գրեթե միշտ այցելում է քաղաքում գտնվելիս:

Թեյի և հենց սրճարանում պատրաստվող խմորեղենի սեղանի շուրջ Հանրապետության նախագահը զրուցել է ֆիլմում նկարահանվող փոքրիկ դերասանների՝ Անիի և Մանվելի հետ, ծանոթացել նրանց մարմնավորած հերոսների և նրանց իրական կյանքի պատմությանը: Նախագահը հետաքրքրվել է երեխաների նախասիրություններով, հարց ու փորձ արել նրանց ընտանիքների, ընկերների մասին: Երեխաների և նախագահի անկեղծ ու ջերմ զրույցը հաճախ է ընմիջվել հումորով ու պատմություններով: Զրույցին մասնակցող ֆիլմի ռեժիսորը նախագահին է ներկայացրել ֆիլմի սցենարը և նախապատմությունը, տեղեկացրել նկարահանման ընթացքի, փոքրիկ դերակատարների մասին: Նախագահը ողջունել է Գյումրիի մասին ֆիլմի նկարահանումը և ընդհանրապես ցանկացած անդրադարձ Գյումրիի մշակույթին, պատմությանը, ավանդույթներին՝ ևս մեկ անգամ կարևորելով Գյումրիի վերածնունդը:

Այնուհետև Արմեն Սարգսյանը շարունակել է շրջայցը Գյուրմրիի փողոցներով, հետևել մասնավորապես Աբովյան, Շիրազի,Ղորղանյան փողոցներում իրականացվող աշխատանքների ընթացքին: Պատասխանելով լրագրողի հարցին՝ նախագահը նշել է, որ այնպիսի ճարտարապետական ու մշակութային ժառանգություն, ինչպիսին ունի Գյումրին, չկա անգամ աշխարհի շատ զարգացած քաղաքներում:

Նախագահն ասել է, որ իր հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու է, որ Գյումրիի պատմական կենտրոնը պահպանվի: «Ես փորձում եմ այնպես անել, որ Գյումրին նաև միջազգային մշակութային ժառանգություն ճանաչվի, որովհետև աշխարհում շատ այսպիսի գեղեցիկ քաղաքներ չկան: Դա երկար գործընթաց է, բայց այդ ճանապարհը պետք է անցնենք»,-ասել է Արմեն Սարգսյանը և ավելացրել, որ իր հիմնական նպատակներից մեկն այն է, որ նախևառաջ Գյումրին ճանաչեն մեր հայրենիքում, մարդիկ սկսեն Գյումրի գալ: «Բոլորս անելիք ունենք՝ և՛ գործարարները, և՛ մտավորականները, և՛արվեստագետները: Գյումրին պետք է գրավիչ դառնա՝ որպես մշակույթի, արվեստի, արհեստների, պատմության քաղաք: Գյումրին սովորական քաղաք չէ, Գյումրին անսովոր քաղաք է», – ասել է նախագահ Սարգսյանը և ավելացրել, որ միայն բնակարան կառուցելը բավարար չէ, Գյումրիում կյանքի որակը պետք է լավացնել։

Հանրապետության նախագահը Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում մասնակցել է պատարագի և իր մոմը վառել եկեղեցում գտնվող մյուս հավատացյալների հետ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031